Վրաստանի հայ պատգամավորները զբաղված են ոչ մի օգուտ չտալով

Վրաստանի հայ պատգամավորները զբաղված են ոչ մի օգուտ չտալով

Արցախի ու Հայաստանի համար օրհասական այս օրերին չափազանց կարեւոր է մեր հարեւան ու բարեկամ պետությունների աջակցությունը։ Իսկ հարեւաններից, ինչպես գիտենք, երկուսն են մեզ բարեկամ՝ Իրանն ու Վրաստանը։ Երկուսից էլ մենք՝ հայերս, մշտապես ակնկալել ենք իսկական բարեկամին հարիր կեցվածք նմանատիպ բարդ իրավիճակներում՝ չմոռանալով, իհարկե, տարածաշրջանային ու քաղաքական շահերի մասին։ Իրանից արդեն ստանում ենք աջակցություն։ Իսկ, այ, Վրաստանից՝ ճիշտ հակառակը։

Երեկվանից արդեն խոսվում է այն մասին, որ Վրաստանը թույլ է տվել Թուրքիային՝ իր օդային տարածքով ռազմական օգնություն հասցնել մեր թշնամի երկրին՝ Ադրբեջանին։ Այսինքն՝ Վրաստանն անուղղակի կերպով նպաստում է ադրբեջանական ագրեսիայի էսկալացիային իր հարեւան ու բարեկամ երկրի՝ Հայաստանի դեմ։ Իհարկե, նույնկերպ նաեւ Ադրբեջանն է Վրաստանին հարեւան ու բարեկամ, ուստի, շահերի բախում չառաջանալու, որեւէ երկրի չնեղացնելու համար մեր բարեկամ վրացիները կարող էին գոնե չեզոքություն պահպանել այս հարցում։ Մինչդեռ աջակցում են թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ընդդեմ Հայաստանի։ Նրանք նաեւ հայտարարություն չեն տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի գործողությունները։

Բայց որեւէ կերպ չենք կարող հասկանալ Վրաստանի խորհրդարանի մեր հայրենակից այն պատգամավորներին, որոնք այս օրերին ձեռքերը ծալած նստած են ու որեւէ քայլ չեն ձեռնարկում ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Իհարկե, ջավախքցիներն արդեն ջոկատներ են կազմել ու պատրաստ սպասում են՝ մեկնելու Արցախ, բայց պակաս կարեւոր չէ նաեւ Վրաստանի հայ պատգամավորների առաքելությունը դիվանագիտական ճակատում։ Իսկ նրանք ոչինչ չեն անում։ Առհասարակ, ցավով պետք է արձանագրենք, որ Վրաստանում մեր հայրենակից պատգամավորները գրեթե երբեք որեւէ օգտակար գործով աչքի չեն ընկել ո՛չ Ջավախքի ու ջավախահայության խնդիրների լուծման, ո՛չ հայ-վրացական հարաբերությունների ամրացման հարցում։ Նրանց՝ մանդատ ստանալու միակ նպատակն ու առաքելությունը նեղ-անձնական եւ բիզնես շահերն առաջ տանելն է։

Հիշեցնենք․ Վրաստանի խորհրդարանում երեք հայ պատգամավոր ունենք՝ Հենզել Մկոյան, որը Ջավախքի օլիգարխներից է եւ մշտապես ինչ-որ խնդիրների մեջ է տարբեր շրջանակների հետ, Սամվել Մանուկյան, որը նույնպես Ջավախքից է, զբաղվում է  բիզնեսով ու որեւէ օգտակար գործով մինչ այժմ աչքի չի ընկել, եւ Ռուսլան Պողոսյան, որը թբիլիսահայ է, եւ առանձնապես չի երեւում, թե շատ անհանգստացած է Ջավախքով, հայերով ու Հայաստանով։ Իհարկե, սա հակիրճ նկարագրությունն է նրանց, կարելի է ավելի մանրամասն ներկայացնել սույն անձանց կերպարն ու անօգուտ գործունեությունը Վրաստանում՝ որպես հայ համայնքի շահերն առաջ տանող պատգամավորների։

Եվ սա այն դեպքում, երբ նրանց ադրբեջանցի գործընկերներն արդեն հայտարարություններ են տարածել՝ բնականաբար, ընդդեմ Հայաստանի։ Վրաստանի խորհրդարանի երկու ադրբեջանցի պատգամավորներ՝ Ազեր Սուլեյմանովը եւ Ռուսլան Գաջիեւը, իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին եւ Հայաստանին մեղադրելով Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու մեջ, խոսել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ նմանատիպ այլ անհեթեթությունների մասին։

Սրան արձագանքել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, ով վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում դատապարտել է ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունները։ Մեզ հետ զրույցում էլ պարոն Սադոյանը նույնը կրկնեց, որ այդ հայտարարությունը վրացական իշխանությունների շահերից չի բխում, քանի որ իրենք ուզում են Վրաստանը՝ որպես բազմազգ պետություն, հեռու պահել կոնֆլիկտներից, եւ հիմա սպասում են վրացական իշխանությունների արձագանքին։

Իսկ մեր դեսպանությունը վրացական իշխանությունների մոտ բարձրացրե՞լ է այն հարցը, որ Վրաստանն իր օդային տարածքն է տրամադրում Թուրքիային, որ վերջինս օդանավով Ադրբեջանին ռազմական օգնություն հասցնի։ Պարոն Սադոյանը նախ ասաց, որ ինքը մեսենջերով ճիշտ չի համարում այս հարցի քննարկումը, ապա նշեց․ «Իսկ Ձեզ ի՞նչ է թվում, մենք սպասում էինք, որ Դուք էդ հարցը ինձ տայիք, նոր մենք այդ հարցը բարձրացնեի՞նք։ Բնականաբար՝ չէ, չէ՞։ Դրա համար ես Ձեզ խնդրում եմ, ուղղակի, էս հարցը մեսենջերով չքննարկենք»։

Սադոյանի պատասխանները թեեւ աղքատիկ էին, բայց գոնե՝ հուսադրող, որ մեր դեսպանատունը, մեր դիվանագիտական կորպուսը, այդուհանդերձ, ինչ-որ քայլեր ձեռնարկում են։ Թե որքանով են դրանք արդյունավետ, առանձին քննարկման եւ գնահատման թեմա է։ Իսկ մեր հայ պատգամավորները քնած են։ Առհասարակ, ջավախքցին միշտ աչքի է ընկել իր համարձակ ու պատվախնդիր կեցվածքով, բայց որոշ ախալքալաքցի գործիչներ իրենց անթասիբ ու հարմարվողական պահվածքով ամոթի զգացում են առաջացնում շատերիս մոտ։
Մենք երեկ կարողացանք կապ հաստատել Վրաստանի երեք հայ պատգամավորներից Սամվել Մանուկյանի հետ։

Մեր հարցին, թե ինչ են անում նրանք այնտեղ՝ Վրաստանում, արցախյան պատերազմի հարցով, ստացանք զարմանահրաշ պատասխան։ «Ոչ մի բան՝ ինչ որ Հայաստանի պատգամավորներն են անում, կապի մեջ ենք ամեն մի րոպե։ Ինչ որ Հայաստանի պատգամավորներն են անում, նույնն էլ՝ մենք»։ Իսկ ի՞նչ են անում Հայաստանի պատգամավորները՝ հարցրինք Վրաստանի պատգամավորին։ «Գիտե՞ք ինչ, կարաք իրանցից իմանաք, էդ Ձեր հարցը շատ պրովոկացիոն է, Վահե, հեչ դուրս չի գա, էսի նեղ մոմենտներուն օր կզանգեք ու անպայման ընբես հարց կուտաք, վերն օր հետո հրապարակելուց սիրուն չի ստացվի»,- հարազատ բարբառով մեզ մեղադրեց պարոն Մանուկյանն ու անսպասելի անջատեց հեռախոսը։ Մեր փորձերը՝ նորից կապ հաստատել ու գոնե բացատրել, որ էթիկապես տգեղ է մարդու խոսքը բերանում՝ հեռախոսն անջատելը, անցան ապարդյուն։

Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի պատգամավորները, որ նրանց քայլերը կրկնում են Վրաստանի մեր հայրենակից մանդատավորները։ Կարելի է ասել՝ ոչ մի օգտակար բանով՝ հիմնականում ճռճռան ու պաթոսախեղդ ելույթներ են ունենում, ոմանք, էքստազի մեջ ընկած, հիմարություններ են դուրս տալիս, որոշները ամբիոնը գրկած՝ Ալիեւին են հայհոյում, մի խոսքով՝ զբաղված են անիմաստ ու անպտուղ աշխատանքով՝ ջուրծեծոցիով։ Դա՞ են ընդօրինակում Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները։

ՀԳ․ Մեր զրույցից հետո ֆեյսբուքյան իր էջում քերականական սխալներով լի գրառում կատարեց Վրաստանի հայ պատգամավորներից Հենզել Մկոյանը, թե «Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ՝ շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը»։ Ահա, այս որակն ու գրագիտությունն ունեն Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները։