Ստեփանակերտի հետ մեր համագործակցությանը խանգարում էր Երևանը

Ստեփանակերտի հետ մեր համագործակցությանը խանգարում էր Երևանը

Ռուսաստանյան մամուլն անսովոր պասիվություն է ցուցաբերում Արցախում սեպտեմբերի 27-ից ծավալված լայնամասշտաբ պատերազմի լուսաբանման հարցում․ առաջին օրվա դրությամբ հատուկենտ, շատ չեզոք ու  լրատվական հոդվածներ։Պաշտոնական լրահոս․ՀԱՊԿ-ը կողմերին հորդորում է կոչ անել դադարեցնել կրակը, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ․ քննարկել են շփման գծում ռազմական բախումների խնդիրը, ռուսական կողմը «խորն անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ»։ Ի դեպ, ռուսական կողմն ընդգծեց, որ հեռախոսազրույցի նախաձեռնությունը հայկական կողմինն է։  Նույն մակարդակն ու տոնայնությունն է տիրում հեռուստաընկերությունների անդրադարձներում․ռազմական բախում բարեկամ երկու երկրների միջև, մի քիչ՝ արցախյան հարցի «բեքգարունդ» ու վերջ։

NTV-ի ազգությամբ ադրբեջանցի հեռուստամեկնաբան Իռադա Զեյնալովան կիրակնօրյա լրատվականում խոստացավ առավել մանրամասն խոսել գովազդից հետո, իսկ գովազդից հետո պարզապես անցավ այլ թեմաների։ Ռուսաստանցի  քաղաքագետներն էլ կիրակի օրը  սովորականի նման հասանելի չէին։ Միայն Մարգարիտա Սիմոնյանն էր նույն գծի մեջ՝  գրելով․ «Դե ինչ, երևի թե արդեն ժամանակն է՝ զանգահարել երկու «թեժ» առաջնորդներին և ավարտել պատերազմը։ Ուրիշ ոչ ոք չկա»։Ինչին հայկական կողմն արձագանքեց այնպես, ինչպես արձագանքում է նրա գրառումներին։ Թեև, եթե անկեղծ, ՌԴ-ից կան նման սպասումներ։ Առաջին հերթին հնարավորինս քիչ մարդկային կորուստներ ունենալու համար․ 20 տարեկան երիտասարդ զինվորների, կանանց ու երեխաների, քաղաքացիական անձանց։ Եթե սրան գումարում ենք այն, որ այդ պատերազմում մասնակցում է նաև տարածաշրջանում լիդերության հայտ ներկայացրած  Թուրքիան, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց Արցախի նախագահը, ապա ՌԴ -ի առերևույթ անհաղորդ լինելը առավել, քան տարօրինակ է։ Ադրբեջանական մամուլում ռուսաստանցի քաղաքագետներից Արկադի Դուբնովը տեսակետ էր հայտնել, թե Ալիևը պատերազմը սկսելու հարցում  շատ ճիշտ հաշվարկ է արել․ Ռուսաստանը չի միջամտի՝ իր սեփական  գլխացավանքներն ունենալով․ միջազգային նոր պատժամիջոցներ Նավալնու թունավորման և Բելառուսի պատճառով, ոչ լավ հարաբերություններ Երևանի հետ և թուրքերի հետ հարաբերությունների ջերմացման նոր փուլ։

Բայց  պատերազմի երկրորդ օրը արդեն նկատվեց ակտիվություն․ սկսեցին արձագանքել արդեն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը, ՌԴ նախկին վարչապետ ու նախագահ Մեդվեդևը՝ կոչ անեելով  անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, և տեղափոխել խնդիրը քաղաքական դաշտ։ Ավելին՝  Երևանում  ոմանք այն կարծիքին են, որ այդ պատերազմը ևս հրահրել է Ռուսաստանը։ Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրամահյանն օրինակ, մեկնաբանել էր․«Կարող ենք զգուշությամբ ենթադրել, որ սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական վիճակը լավ չի արդեն: Եվ հակառակաը՝ մերոնք լավ են: Սա կրկնեմ՝ շատ զգուշությամբ, ոչինչ չեմ պնդում բնականաբար»։

«Հրապարակը», այնումենայնիվ,  խոսել է պրոհայկական երկու գործիչների՝ Մոսկվայի «Միաբանություն » ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի ու Ստանիսլավ Տարասովի հետ և նրանց հարցրել Ռուսասատնի չեզոքության պատճառի մասին։ Նաև, թե  ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ՌԴ-ի հետախոււությանը հայտնի չէ՞ր սպասվող ագրեսիայի մասին։ 

Հատկապես, եթե նկատի ունենանք, որ օրեր շարունակ գրվում էր Սիրիայից վարձկանների, Անկարայից Բաքու սպառազինություններ տեղափոխող ինքնաթիռներ մասին։

«Հրապարակի» հետ զրույցում  Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն ասաց, թե այնպես չէ, որ ռուսական կողմը մի կողմ է քաշված կամ անտարբեր է իրավիճակին։ Գուցե այդպես երևում է․«Որովհետև Թուրքիայի հետ արդեն եղել է խոսակցություն, զգուշացումներ։ Եվ երկրորդ՝ եթե ավելի ուշադիր նայենք տեղեկատվությանը կամ մամուլին, Լավրովը խոսել է Չավուշօղլուի հետ, փոխանցել է Պուտինի պահանջները թուրքական կողմին։ Այլ խնդիր է, որ թուրքական կողմը հիստերիայի, աննորմալության ու ագրեսիայի թափանիվը հավաքել է ու չի կարողանում կանգ առնել, որովհետև իրենք համարում են՝ խիստ ագրեսիվ, որ դա իրենց երկիրն է՝ երկու երկիր, մի ժողովուրդ, որն իր գաղափարախոսությամբ ցանկանում է վերջնականապես լուծել իր հարցերն  Ադրբեջանում և վերջնականապես Ադրբեջանը վերածեն թուրքական մի վիլայեթի, մարզի։ Իրենց մոտ վիճակն այդ է։ Բայց ՌԴ-ն մի կողմ քաշված չէ, Ռուսաստանը զգուշացրել է >։

Ըստ Կարախանյանի, եթե այս իրավիճակում Թուրքիան  ագրեսիան շարունակի, ՌԴ-ի միջամտությունը լինելու է ու լինելու է շատ կոշտ։ «ՌԴ-ն արդեն զգուշացրել է։ Ուղղակի բնական է, որ առաջին հարվածը՝ առաջին օրվա, Հայաստանն ու հայկական զինուժն իր վրա է վերցրել»,-ասաց Կարախանյանը։ Ռուսական հետախուզությունը տվյալներ չունե՞ր, ինչու զգուշացումները նախքան ագրեսիան չէին։ Սմբատ Կարախանյանն ասում է, որ ռուսական կողմին սեպտեմբերի 15-ից հայտնի էր, որ Բաքվում են գտնվում թուրքական Գենշտաբի մակարդակով՝ հրահանգիչներ՝ հրահանգներով, սխեմաներով, քարտեզներով։Բայց դրանք, ըստ Կարախանյանի պաշտոնական տվյալներ չէին, ադրբեջանցիներն էլ ի պատասխան ասել են, որ թուրքական հրահանգիչների ելումուտն իրենց մոտ սովորական բան է։ ՌԴ-ում բնակվող այազգի գործչի խոսքով այն, որ Թուրքան որպես երրորդ կողմ ներքաշված է պատերազմում, բնական է, ոչ միայն անհանգստացնում է ՌԴ-ին, այլևս դարձել է միջպետական է՝ ՌԴ-Թուրքիա խոսակցությունների, հարաբերությունների, բանակցությունների հարց։ Եվ վերջապես․ ՌԴ-ից կինի՞ հրադադարի առաջարկ և երբ։ Սմբատ Կարախանյանն ի պատասխան ասաց՝ եղել է՝ սեպտեմբերի 28-ին ու ավելացրեց․ 

 «Այստեղ ամենակարևոր հարցն է, թե ինչ դիրքերում է հրադադարը տեղի ունենում, ինչ ելման կետերում։ Եթե տարածքները պետք է մնան ինչ-որ մի կողմի, ադրբեջանական, օրինակ, տրամադրության տակ, բնական է, որ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Հայաստանին  ձեռք չի տալիս նման հրադադարը։ Դրա համար պետք է շատ ուշադիր ու զգույշ լինել, որովհետև հրադադարը՝ հրադադար, բայց չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ բարձունքներ կամ տեղանքներ մնան ագրեսորի տրամադրության տակ։ Ամեն դեպքում, հրադադարը միանշանակ չի ընկալվում, որովհետև Հայաստանի համար ավելի շահեկան կլինի, եթե ագրեսորը հետ շպրտվի, մի բան էլ անվտանգության գոտին մի քիչ էլ ընդլայնվի։ Կամ էլ թե չէ գանք ելման կետերին, պատերազմից առաջ  սահմանային ստատուս քվոյի ելման կետերին։ Թե չէ, եթե իրենք մի քանի բան վերցնեն, հետո ասեն՝ եկեք հրադադար կնքենք, իրենք դա անում են, դա իրենց կեղտոտ քաղաքականությունն է, որով շարժվում են։ Բայց էս իրավիճակում չի կարելի նման բաների գնալ, որովհետև դա ագրեսորին էլ ավելի է գրգռում»։

Գրեթե բառացիորեն նույն բանն ասաց «Ռեգնումի»  սյունակագիր Ստանիսլավ Տարասովն՝ ասելով, որ պատերազմի ավարտը և հրադադարի ե՞րբ լինելը «որոշվում է հիմա՝ մարտի դաշտում։ Սա կորոշվի առաջիկա մի քանի օրերին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները »։ 

Ըստ նրա, եթե Ադրբեջանը զգաց, որ հաղթում է, կշարունակի շարժվել առաջ, եթե հայկական կողմը նրանց կանգնեցնի, կանգ կառնեն։ «Տեսեք, Փաշինյանը զանգեց Պուտինին, ոչ Ալիևը»,-ասաց Տարասովը։ Նա ընդգծեց՝ վերջին նախադասությամբ նկատի չունի, որ հայկական կողմը պարտվում է։ Ասաց՝ հիմա դիրքային պատերազմ է ընթանում և հայկական գեներալները խելոք են»։ 

Ռուսաստանցի քաղաքագետը հասկացնել է տալիս՝ կանգնեցնել ռազմական գործողությունները միջնորդական ջանքերով այլևս հնարավոր չէ։ Անհրաժեշտ են այլ, «ինչ-որ շատ լուրջ ջանքեր »։ Ինչպես նաև ասաց, որ ռուսական կողմին հայտնի չէ՝ կկանգնե՞ն արդյոք նրանք և որ կետում։ Հարց՝ կան վերլուոծություններ, որ սա արվում է ոչ առանց ռուսական կողմի հրահրման։ Տարասովն ասում է՝ վերջ տվեք այդ հիմարություննեին, ձեզ մոտ մարդիկ են մեռնում, իսկ մեր ինչի՞ն է պետք այս պատերազմը, մենք Հայաստա՞նն ենք ուզում մեզ միացնել, Ղարաբաղը։ Կամ՝  մենք հիմա կռվում ենք Սիրիայում։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի՝ նախապատրաստվող պատերազմին մասին իմանալուն, ապա նա էլ ասաց՝ իհարկե գիտեին․ և՛ Մոսկվայում, և՛ Անկարայում, և՛ Երևանում, այդ մասին բացեիբաց գրել են։ 

«Իհարկե, չգիտեինք, որ դա տեղի կունենա հենց 27-ին։ Ինչպես նաև՝ թե ինչպես։ Բայց գիտեինք, որ ամեն ինչ գնում է դեպի պատերազմ։Նախ, որովհետև Ադրբեջանն էր սրում իրավիճակը։ Եվ երկրորդ՝ գիտեք՝ մեր ու Արդրեբջանի միջև միջադեպ եղավ, երբ Ալիևը հանդիմանեց Պուտինին, որ ինքնաթիռներով , Իրանի տարածքով զենք ենք հասցնում Երևան »,-ասաց Տարասովը։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ադրբեջանի բանակը մեր դեմ կռվում է ռուսական զենքով, Տարասովն ասաց՝ այո, բայց Ղաաբաղի պաշտպանության բանակն էլ նետուաղեղով չէ, որ պատերազմում է։ Այլ ժամանակակից զենքերով։ Ռուսաստանցի քաղաքագետը հավելեց, թե ՌԴ-ն իր պարտավորություններն ունի Հայաստանի նկատմամբ, բայց ոչ Արցախի։ 

«Մենք չենք կարող բացեիբաց հանդես գալ Արցախի կողմից, քանի որ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ։ Եթե Հայաստանը, հիմա չէ, նախապես ճանաչած լիներ Արցախի անկախությունը, ինչ-որ կողմեր կգտվեին, որ նույնպես կճանաչեին, Արցախը կլիներ ճանաչած պետոթյուն, Ռուսաստանն էլ կճանաչեր Ղարաբաղը։ Այդ դեպքում, մենք կարող էինք ստորագրել պաշտպանական միավորում Արցախի հետ։ Եվ Ստեփանակերտի հետ մեր համագործակցությանը խանգարում էր Երևանը։ Մենք չէինք կարող Երևանից առաջ ճանաչել Արցախը, իսկ դուք դա մինչև հիմա չեք արել։ Հիմա, երբ պատերազմը սկսվել է, մեզ դիմում եք, ինչու՞ չեք քթներդ այնտեղ (Արցախ) խոթում»,-ասում է Ստանիսլավ Տարասովը։  Նա ասում է, որ այս խաղը խաղում էր Սերժ Սարգսյանը, շարունակու է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա, ասում է, որ ուշացել ենք, որքան էլ խորհրադարնում առանձին պատգամավորներ բարձրացնեն այդ հարցը։

Եվս մեկ շատ կարևոր հարցի մասին․ պատերազմելու ի՞նչ ռեսուրսներ ունեն հայկական և ադրբեջանական կողմերը։ Սմբատ Կարախանյանն ասում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սիրած ժամկետը 3-7 օրն է․ավելի երկարատև պատերազմելու ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ թույլտվություն։

Ստանիսլավ Տարասովն ավելի երկար՝ երեքշաբաթյա ժամկետ է նշում ու ասում․ «Հայաստանը,Արցախը կռվում են իրենց հողի համար, իր գոյության ու պատմության համար։ Նրանք հիմա ունեն պատմական շանս՝ հաստատվել այստեղ կամ ոչ։ Եթե հիմա Հայաստանը պարտվի, Արցախում այլևս երբեք հայ չի լինելու»։

Հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն հապաղում կողմերին հրադադարի առաջարկ անելուց, ասաց՝ եթե անկեղծ, Մոսկվան սպասում է։ Ինչու, մեկ բան է, երբ Պուտինը սկսի զանգել Փաշինյանին, երբ Ադրբեջանը առաջ է գալիս ու  հաղթում է, քանի որ այդ ժամանակ հայերը կասեն՝ մենք ուզում էինք պատասխան տալ, մեզ Պուտինը խանգարեց։ Իսկ Ադրբեջանն էլ կասի՝ Պուտինը մեզ օգնեց, որ հաղթենք հայերին։ Մեր ինչի՞ն է պետք դա։ Մեզ դա պետք կգա, երբ պահանջարկված կլինենք ոչ թե Երևանի ու Բաքվի խաղերում, այլ երբ կանգնեցնենք արյունահեղությունն ու փրկել հայությանը։

ՀԳ․ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովը հայտարարություն է ընդունելու Արցախում հակամարտության էսկալացիայի վերաբերյալ։ Նախագծում օրենսդիրները, որոնք հանդես են եկել միջնորդական առաջարկով, կողմերին կոչ են արել վերադառնալ բանակցային սեղան։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւս Ղարաբաղի հարցով փակ քննարկում կանցկացնի։