Միացյալ Հայկական պետության կերտումը և Միավորման փաստաթուղթը 

Միացյալ Հայկական պետության կերտումը և Միավորման փաստաթուղթը 

Դեկտեմբերի մեկին լրացավ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1.12.1989թ., N 1650-XI որոշման 30-ամյակը: Այս տարեթվի առնչությամբ Երևանում «Արցախի վերամիացման 30-ամյա տարեդարձը. խոչընդոտներ և լուծումներ» խորագրով քննարկում անցկացվեց արցախյան և հայաստանյան փորձագետների, քաղաքական գործիչների ու դիվանագետների մասնակցությամբ։

Պետք է տեսնել Ազգերի լիգան՝ ինչ մոտեցում էր որդեգրել Հայաստան-Ադրբեջան սահմանը որոշելու հարցում։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նախ արձանագրեց, որ Արցախի քաղաքական ճակատագրի հարցում հասարակությունը բաժանված է 2 մասի. Արցախը` որպես հանրապետության մաս, այն է՝ մարզ դիտարկողների և Արցախը որպես անկախ դիտարկողների։ «Ինչու անջատ և ոչ անկախ, որովհետև, եթե մինչև իսկ Արցախը դե յուրե անջատ լինի, միևնույն է՝ այն հարյուրավոր պատճառներով չի կարող անկախ լինել։ Այն լինելու է կամ Հայաստանի Հանրապետության, կամ Ռուսաստանի Դաշնության, կամ Ադրբեջանական Հանրապետության խնամակալության՝ պրոտեկտորատի տակ։ Եկեք միջազգային իրավունքի ներքո դիտարկենք այս երկու մոտեցումները և փորձենք հասկանալ հայ ժողովրդի համար նախընտրելի տարբերակը։ Պայմանական ասած՝ անկախականները, որոնք իրականության մեջ սեպարատիստներ են, հաճախ անկախ պետականությունը ներկայացնում են որպես ժամանակավոր լուծում, որպես հանգրվան՝ վերջնական միասնության ճանապարհին։ Առաջին իսկ հայացքից մոտեցումը մինչև իսկ քաղականապես գայթակղիչ է թվում։  Սակայն այս մոտեցման կողմնակիցները փորձ չեն անում նորագույն պատմության գոնե մեկ օրինակ բերել, երբ առանձին կայացած երկու պետություններ, ի վերջո, բարեհաջող միավորվել են։ Ընդսմին, հակառակ փաստարկը հիմնավորող դեպքեր շատ կան։ Օրինակ՝ Չեռնոգորիայի անկախացումը Սերբիայից անջատ, Հոնկ Կոնգի բնակչության ցանկությունը` միավորվելու մայր Չինաստանին, երկու տասնյակից ավելի արաբական երկրների գոյությունը և այլն։ Արցախի անկախության կողմնակիցներն էլ, ըստ Արա Պապյանի, առանց որևէ կռվանի ու հիմնավորման Արցախի անկախության ճանաչումը ներկայացնում են որպես ավելի հեշտ իրագործելի, քան նրա միացումը Հայաստանին։ 

«Միանգամայն չփաստարկված և մոլորյալ տեսակետ։ Արցախի միացումը Հայաստանին որևէ այլ երկրից որևէ այլ գործողություն չի պահանջում ոչ հայտարարության տեսքով, ոչ էլ գործնականորեն, քանի որ այդ հարցը սահմանի փոփոխությանը վերաբերում է միմիայն սահմանակից պետություններին՝ Հայաստանին ու Ադբեջանին։ Սրան հակառակ, Արցախի միջազգային համայնքի լիիրավ անդամ դառնալու համար, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 4․2 հոդվածով, անհրաժեշտ է 97 երկրի ճանաչում, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների՝ Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի , Չինաստանի։ Անվիճելիորեն անհասանելի նպատակ»,-ասում Պապյանը։

Նրա հավելմամբ՝ անկախության հայեցակարգում կա լուրջ թերություն, անգամ` բնածին արատ, որը սպառնում է հենց հայեցակարգին։ Ակնհայտ է, որ Արցախի անկախությունը կարող է հռչակվել միմիայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա, իսկ այդ սկզբունքը ներկայիս բանակցային տրամաբանության մեջ իրագործելի է միմիայն այն տարածքներում, որտեղ հակամարտության սկզբնավորման պահին՝ 88-89թթ․, հայերը կազմել են մեծամասնություն։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ի սահմաններում։ Մինչդեռ, հարցի նման մետեցման դեպքում չկա միջազգային իրավունքի որևէ սկզբունք, որով կհիմնավորվի Արցախի հավակնությունը և իրավատիրությունը ԼՂԻՄ-ի շրջակա նկատմամբ։ Ամենակարևորի մասին կամ՝ ինչ պետք է անել ըստ Արա Պապյանի․ 1-ին՝ ավարտին հասցնել դավադրաբար ընդհատված Միացյալ հայկակայն պետության կերտումը։ Այսինքն՝ քայլ առ քայլ, առանց աղմուկի ու շեփորի, բայց հետևողականորեն վերացնել բոլոր այն կառույցներն ու իրավական ակտերը, որոնք խոչընդոտում են Հայոց միասնական պետության կայացմանը: Միացյալ Հայաստանի համար ոչ մի նոր հայտարարության կարիք չկա։  Դրա համար հիմք է 30 տարեկան դարձած փաստաթուղթը։ 

2-րդ․ ՀՀ-ն պետք է հանդես գա որպես պատվիրատու և միջազգային իրավունքի աշխարհի 3 մասնագետներին պատվիրի իրավական գնահատական տալ հետևյալ հարցի վերաբերյալ․արդյոք 1920 թ․ ապրիլին Ադրբեջանական Հանրապետության և նույն տարի՝ նոյեմբեր-դեկտեմբերին ՀՀ ռազմակալումը հանդիսանո՞ւմ է միջազգային իրավունքի խախտում և օկուպացիա, թե՞ ոչ, ըստ այդ բառի միջազգային իրավական գնահատականի։ Նաև երկրորդ մակարդակում պետք է փոխել հակամարտության տրամաբանությունը և պատումը՝ նեոբոլշևիկա-ստալինյան, թուրք-ռուսական իրավաքաղաքական դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ։ Այն է՝ տեսնել, թե ժամանակի միջպետական իրավասու կառույցները և միջազգային համայնքը, մասնավորապես, Ազգերի լիգան, հակամարտության սկզբնավորման պահին՝ 18-21 թթ․, ինչպիսին էր և ինչ մոտեցում էր որդեգրել Հայաստան-Ադրբեջան սահմանը որոշելու հարցում։
Արցախում արդեն կա սերունդ, որն ավելի շատ վարժվել է «անկախություն» բառին, քան «միացում»: 

Քարվաճառում բնակվող Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ ճանաչման վտանգները չափազանց մեծ են։ «Նախ, միջազգային իրավունքը գերազանցապես նախադեպային է, և վերջին տարիներին բոլոր ճանաչումներն ընթացել են ինքնավար մարզերի, այսինքն՝ նախկին վարչական միավորների սահմանների մեջ։ Որևէ ճանաչումից հետո անչափ ավելի բարդ է դառնում վերամիավորումը »,-ասում է Քանանյանը։ Նրա ձևակերպմամբ՝ Արցախում անկախության կեղծ թատրոնը հանգեցրել է մեկ այլ շատ վտանգավոր երևույթի, երբ ավագ սերնդի ներկայացուցիչների աչքերին «միացում» բառը լսելիս արցունքներ են հայտնվում, իսկ շատ համալսարանական ուսում ստացած երիտասարդների մոտ այն տարօրինակ արձագանք է առաջացնում։ Այսինքն՝ Արցախում արդեն կա սերունդ, որն ավելի շատ վարժվել է «անկախություն» բառին, քան «միացում»։

Քանանյանը, այնուամենայնիվ,նշում է, որ միացումը Արցախում դիտվում է որպես գերագույն նպատակ, սակայն դրա համար պետք է այն բերել քաղաքական օրակարգ։ Նա հավելեց, որ միացումը նաև դյուրագույն  ճանապարհն է` մեկընդմիշտ լուծել վաղուց իր վեր լուծված արցախյան հիմնախնդիրը։ Քաղաքագետն ասում է, որ իրականում կա ճանաչվածության խնդիր, քանի որ որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ, բոլոր արտասահմանյան դեսպանտներում ստանում է մուտքի վիզաներ։ Ի՞նչ պետք է անել։ Ըստ Քանանյանի՝ շատ քիչ, բայց շատ կարևոր բան։ Ըստ այդմ՝ պետք է օր առաջ վերականգնվի արցախցիների սահմանադրական իրավունքը՝ մասնակցելու Հայաստանի համապետական մարմինների ձևավորմանը՝ ընտրությունների միջոցով։