Գործարքը չի՞ կայանում

Գործարքը չի՞ կայանում

Երեւում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապել էր՝ Դավոսում ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում անոնսավորել սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ Բաքու-Մոսկվա նոր երկխոսությունը: Ինչ-որ բան, կարծես, ռուս-ադրբեջանական հարաբերություններում այն չէ: Նման եզրակացության են մղում ադրբեջանական մամուլի վերջին շրջանի հրապարակումները, որոնց տոնայնությունը գնալով ընդգծված հակառուսական է դառնում:

Ադրբեջանցի քաղաքագետները, մասնավորապես, բաց տեքստով Ռուսաստանին մեղադրում են ղարաբաղյան կարգավորման «Բոլթոնի պլանը ձախողելու», մեջ, ինչից ածանցավորում է, որ Վաշինգտոնը կարող է «հնարավորությունների նոր պատուհան բացել Ղարաբաղում՝ օգտագործելով այլ միջոցներ եւ մեթոդներ»:

Ընդսմին, ակնարկ է արվում, որ տարածաշրջան սպառազինությունների մատակարարման արգելքը վերացնելու մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Նման դատողությունների ենթատեքստը հասկանալի է՝ եթե սպառազինությունների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններում չկա առաջընթաց, ապա Բաքուն քաղաքական ազատություն է ստանում խնդիրը քննարկել Միացյալ Նահանգների հետ: Մանավանդ որ օրերս ռուսաստանցի ռազմական փորձագետ Ֆելգենհաուերը հավանական է համարել, որ Ադրբեջանը ձեռք բերի ամերիկյան F 16 կործանիչներ: Ադրբեջանցի մեկնաբանը կատարում է էական ճշգրտում՝ խոսքը վերաբերում է Թուրքիայում հավաքվող մոդելին, բայց նաեւ ավելացնում, որ ադրբեջանական բանակն «աստիճանաբար անցնում է սպառազինությունների ՆԱՏՕ-ական նմուշներին, ինչը հազիվ թե տեղի է ունենում առանց քաղաքական ներարկման»:

Կարելի է հասկանալ, որ Միացյալ Նահանգներն են քաղաքական աջակցություն ցուցաբերում Ադրբեջանին՝ դիվերսիֆիկացնելու սպառազինությունների ձեռքբերման գործարքները: Մյուս կողմից, սակայն, դրանից ակնհայտորեն հետեւում է, որ Ռուսաստանը խիստ վերապահումներ է սկսել ցուցաբերել Ադրբեջանի հետագա միլիտարիզացիայի ծրագրերին: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի աճող հավակնությունները կարող են սպառնալիք դիտարկվել Մոսկվայում եւ Թեհրանում: Այլ խնդիր է, թե Վաշինգտոնին որքանո՞վ է իրականում ձեռնտու Ադրբեջանի ռազմականացումը:

Ըստ երեւույթին, այս ուղղությամբ ադրբեջանական կողմի սպասումները խիստ չափազանցված են: Միացյալ Նահանգները հազիվ թե Ադրբեջանի աջակցության կարիքն ունեն: Բաքվում պարզապես ակնարկ են հղում Մոսկվային, որ ունեն սպառազինությունների ձեռքբերման այլընտրանք, որպեսզի ընդգծեն սեփական կարեւորությունը: Տպավորություն է, որ Ռուսաստանը Բաքվի նման ջղաձգություններին նայում է հանգիստ: Ուժերի հարաբերակցության ցանկացած պայմաններում Ադրբեջանը չի կարող տարածաշրջանային լուրջ դերակատար լինել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա այստեղ, չնայած առկա հակասություններին, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նույն շահն ունեն՝ հակամարտությունը պահել կառավարելիության ռեժիմում, բացառել պատերազմը: