Անավարտ զրույցներ․ ճանապարհից առաջ

Անավարտ զրույցներ․ ճանապարհից առաջ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի
  ծննդյան 60-րդ տարեդարձին

Ամեն մարտի 5-ին՝ ծննդյանդ օրը, ավելի հաճախ՝ նախօրեին կամ հաջորդ օրը, գալիս եմ Եռաբլուր: Գալիս եմ հուսալով, որ մենակ կլինես, ու մեզ ոչ ոք չի խանգարի: Քեզ հետ զրույցները, գիտես, ո՛չ սկիզբ ունեն, ո՛չ էլ վերջ: Դու միշտ էլ լավ զրուցակից ու համբերատար լսող ես եղել: Մեկ-մեկ մարդը դատարկվելու կարիք է ունենում: Ուզում ես ապրածդ օրերը ծանրութեթեւ անել: Բնականաբար, չես կարող շրջանցել նրանց, ովքեր եղել են անցյալ ճանապարհիդ ոչ միայն ուղեկիցները, այլեւ վկաներն ու երբեմն էլ՝ կերտողները: Մեր այսօրվա զրույցը կհետաքրքրեր շատերին, նրա՛նց, ովքեր քեզ գիտեն ֆիլմերից ու քո մասին դատում են դեսուդենից լսած իրարամերժ պատմություններով: Նրանց մեջ են նաեւ իմ զավակները: Ընկերներիս նրանք «հոպար» են ասում: Քեզ չվիճակվեց նրանց շուրթերից լսել «Վազգեն հոպար» բառերը: Բայց ես ինձ պատասխանատու եմ զգում, որ նրանք քո եւ քո ապրած ժամանակի մասին հենց ինձանից իմանան այն ամենը, որը ժամանակի թոհուբոհում կարող է աներեւակայելիորեն ծռմռվել, թաց ու չորի խառնարանում տարրալուծվել, գունափոխվել կամ մնալ աննկատ: Ուստի այն ժամանակը, միջավայրն ու հանգամանքները, որոնցում դու «ճամփա ելար», կուզեի, որ ընկալելի լիներ թե՛ զավակներիս եւ թե՛ նրանց սերնդակիցներին: Ուստի, եթե ինչ-որ տեղ մանրանամ, դրա համար ներող եղիր: Երբեմն մանրուքներն են կանխորոշում խոշոր իրադարձությունների ելքը:

Հիմա էլ անցյալն աչքերիս առաջ է՝ ժապավենի պես: Մեկ տարի գիտական աշխատանքով զբաղվելուց հետո կտրուկ թողեցի այն ու վերադարձա հայրենի Արարատի շրջան: 1982 թվի սեպտեմբերին 700 աշակերտներից հայեր էին ընդամենը հարյուրը: Ազերի աշակերտների թիվն այստեղ ավելի արագ էր աճում: Կար հայկական 10 դասարան՝ ամեն դասարանից մեկական: Քեզ պատմել եմ առաջին մանկխորհի մասին, երբ ազգությամբ ազերի տնօրենը հայերեն ոչ մի բառ չասաց, որից հետո ես ելույթ ունեցա՝ վրդովված տոնով: Հաջորդ նիստերն անցան երկու լեզուներով: Մանկավարժ աշխատելու տարիները բոլոր առումներով ուսանելի եղան: Դու էլ քո հայրենի գյուղի դպրոցում էիր աշխատում: Ուսուցիչների մասնակցությամբ շրջանային մի միջոցառման ժամանակ էլ՝ հենց 1983 թվին, մենք ծանոթացանք: Դու կարդացիր քո մի պատմվածքը: Աղմուկը շատ էր:

Տոնական սեղանների շուրջը նստածները զբաղված էին մասնավոր զրույցներով: Լսողները քիչ էին: Մի կերպ ավարտեցիր: Միջոցառումից հետո մոտեցար կազմակերպիչների սեղանին: Նստեցինք դեմ-դիմաց: Վրդովմունքդ չէր անցնում: Ասացիր, որ սա առաջինն ու վերջինն է լինելու, որ նման հանդիսավոր միջոցառումներին կարդաս քո ստեղծագործությունը: Իսկ ես ասացի, թե կարեւորն այն է, որ շատերը դեմքով ճանաչեցին քեզ, ինչպես, օրինակ, ես: Միտքս քեզ ոգեւորեց, փոխվեց տրամադրությունդ: Այդուհանդերձ թվաց, թե շատ ինքնամփոփ ես: Խուսափում էիր ուրիշների հայացքներից, փորձում էիր մնալ աննկատ: Ուշադիր լսում էիր դիմացիններին: Զգացվում էր, որ ասելիք ունես, բայց արձագանքում էիր միայն ըստ անհրաժեշտության: Մի խոսքով, համեստ ու զուսպ մի մարդ, ով գիտեր իր չափը: Այսպիսին էր իմ առաջին տպավորությունը:

1984 թվին ինձ ընդունեցին Կոմունիստական կուսակցության շարքերը՝ իբրեւ թեկնածու: Չխոստովանել չեմ կարող, որ դա եղել է կյանքիս կարեւոր իրադարձություններից մեկը, առանց որի այն հասարակարգում անհնարին կլիներ որեւէ անձնական առաջընթաց: 1985-ի հունվարին ինձ տեղափոխեցին Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում՝ որպես կոմերիտական կազմակերպության քարտուղար: Մեզ բախտ վիճակվեց աշխատել նույն քաղաքում, իրար կողք-կողքի, քանի որ դու ավելի վաղ արդեն անցել էիր անհրաժեշտ ճանապարհն ու նույնանման պաշտոն էիր զբաղեցնում Արարատի ցեմ-շիֆերի կոմբինատում: Այդ տարին հոբելյանական էր: Բոլորս տոնում էինք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 40-ամյակը, եւ դա իր կնիքն էր թողնում մեր ձեռնարկումների վրա: Միջոցառումների հեղեղ էր: Ինչ-ինչ, բայց ընկերների հաջողություններով ուրախանալ գիտեինք: Դու հաճախ էիր լինում մեզ մոտ, հետո հյուր էինք գնում ձեր կամ մեր տուն: Դրանք յուրահատուկ հավաքներ էին, որոնց մասնակից էին դառնում նաեւ մեր տարեկից ընկերները: Զրույցի թեման բազմազան էր՝  արվեստից, գրականությունից մինչեւ անցած-գնացած հին ու նոր պատմություններ:

Դու պատմելու ապշելու ձիրք ունեիր: Պատմություններ կային, որ այնքան համով-հոտով ու կոլորիտով էիր ներկայացնում, որ թվում էր՝ բոլորս մեր աչքերով տեսել ու ականջներով լսել ենք դերակատարներին: Մեկ-մեկ էլ ինձ էիր ոգեւորում, որ պատմեմ արդեն հայտնի պատմություններ: Չէ, իսկապես ուրախ մթնոլորտ էր ձեւավորվում, երբ միասին էինք: Ասեմ, որ հատուկ քննարկման նյութ էր դառնում քո որեւէ ելույթ: Դու մի տեսակ «դասարանի», եթե չասեմ գերազանցիկը, ապա գոնե ամենապատրաստն էիր. հաճախ մենք՝ գլուխ պահողներս, հորդորում էինք քեզ, որ կոմերիտմիության շրջկոմի պլենումներում որեւէ խոսք ասես, թե չէ կուսշրջկոմի ներկայացուցիչն անվանական կանգնեցնում ու խոսեցնում էր: Իսկ խոսելն ամեն մարդու բան չէր:

Որպես կանոն` չէիր խոսում, եթե ասելիք չէիր ունենում: Իսկ եթե ասելիք էր լինում, տրամադրություն` ոչ, չգիտես ինչու, հայտարարում էիր, թե լեզվական արատ ունես: Բայց երբ համաձայնում էիր խոսել, դահլիճն անհամբերությամբ սպասում էր քո ամեն բառ ու մտքին: Ճիշտ է, երբեմն խոսում էիր դադարներով՝ ընտրելով անհրաժեշտ բառերը, բայց կարեւորն այն էր, որ դու չէիր կեղծում: Եվ քո խոսքի ուժը հենց անկեղծության մեջ էր: Ելույթներիցդ դահլիճը էլեկտրականանում էր, բառերը շուրթերիցդ դուրս էին թռչում ուժեղ լիցքով, մեխվում յուրաքանչյուրիս հոգու մեջ: Դու քո ելույթներով ձեւավորում էիր մի մթնոլորտ, որում շրջանի երիտասարդությունը ճշգրտում էր իր դիրքորոշումը ամենակարեւոր հարցերի շուրջ: Մի անգամ, հերթական պլենումի ժամանակ, երբ ներկա էր կուսշրջկոմի ղեկավարությունը, դու պատմեցիր, որ հանրակացարանի մեկ սենյականոցում ծանր վիճակում է հայտնվել առաջավոր բանվորներից մեկը՝ կնոջ ու վեց երեխաների հետ. 

- Ինչո՞ւ նրան բնակարանով չեն ապահովում,- սրտնեղեցիր դու։- Ասում են` հերթը չի հասել: Եթե սպասենք հերթին, ծերունական տարիքում էլ չի հասնի: Եթե կուզեք` նման դեպքերում արտահերթ մոտեցում պիտի լինի: 

Պլենումի անդամները որոտընդոստ ծափահարություններով պաշտպանեցին քեզ: Ի պատիվ կուսակցության շրջկոմի, օրեր անց առաջարկությունդ դարձրեց քննարկման առարկա, ու խնդիրը շուտափույթ լուծվեց: Բնակարան ստանալը, այն էլ՝ արտահերթ, այն օրերի համար ուղղակի չլսված բան էր: Արածդ աննախադեպ էր:

Դու աստիճանաբար դառնում էիր երիտասարդության խոսափողը: Քեզ հասցեագրված հիացական խոսքերի մի մասն էլ շատերն ուղղում էին քեզ շրջապատողներիս՝ հաշվի առնելով մեր միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունը: Մեր ընկերությունը շատերի համակրանքն էր շահել: 1986թ. սեպտեմբերին կոմերիտմիության Արարատի շրջկոմի առաջին քարտուղարի թափուր տեղի համար շրջանի ղեկավարությունը երկուսիս թեկնածություններն էր ներկայացրել Կենտկոմ: Ինչպիսին էլ լիներ լուծումը, դժգոհելու առիթ չէինք ունենալու: Ով՝ ով, գոնե մենք գիտեինք, որ մեկիս հաջողությունը լինելու էր նաեւ մյուսինը: Ընտրությունը կանգ առավ ինձ վրա: Ես ստանձնեցի շրջանի 18 հազար անդամ ունեցող երիտասարդական կազմակերպության ղեկավարումը: Մեր կորիզը սկսեց ավելի ակտիվանալ: Հանդիպման վայրըն ավելի հաճախ դարձավ ձեր նկուղին հարակից կիսանկուղային «խուցը», ուր մտնում էինք կիսակռացած:

Չգիտես ինչու, եթե որեւէ կարեւոր բան էր պետք լինում քննարկել, բոլորն ընտրում էին այդ խուցը: Ի՜նչ հետաքրքիր ծրագրեր ու գաղափարներ ասես, որ չեն քննարկվել այնտեղ: Փոքրիկ, նույնիսկ անհարմարավետ այդ սենյակում ոնց էլ 10-12 հոգի տեղավորվում էինք: Ավելի բազմամարդ հավաքները կազմակերպում էինք Վեդու երիտասարդական սրճարանում: Տեղի էր ունենում երիտասարդության համախմբում: Աննկատելիորեն մեր մեջ ձեւավորվում էր բոլորիս կողմից ընդունելի մոտեցումների մի համադրություն, որը չգրված պատվիրանի պես ուղղորդում էր մեզ: Մենք միմյանցից ուժ էինք առնում՝ գլխի էլ չընկնելով, որ մեր այդ հանրույթով դաստիարակում ենք մեկս մյուսին: Մեզ համար բարոյական նորմերը դառնում էին գերակա կողմնորոշիչներ, որ պիտի ուղեկցեին մեզ մեր ողջ կյանքում, իսկ դրանցից շեղումները ցավի ու հիասթափության պատճառ դառնային:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ