Արտահանձնումները ձգձգվում են անվստահության պատճառով

Արտահանձնումները ձգձգվում են անվստահության պատճառով

Էքստրադիցիան՝ հանցագործության համար մեղադրված կամ դատապարտված անձին պետությունից պետության փոխանցելը, տարբեր երկրների իրավապահների փոխօգնության իմաստն ունի։ Էքստրադիցիա կատարելով, այսինքն՝ միմյանց հանձնելով հանցագործության մեջ կասկածվողներին, իրավապահներն օգնում են իրար՝ պայքարել հանցավորության դեմ, որը ժամանակակից աշխարհում չի ճանաչում սահմաններ: Հայկական իրականության մեջ, սակայն, արտահանձնման ինստիտուտը գործում է հօգուտ հանցագործների: 

Հետախուզման մեջ գտնվողների գտնվելու վայրը հաճախ հայտնի է։ Նրանք կարող են, ասենք, ինչպես Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, «Մարտի 1-ի գործով» հայտնի Վահագն Հարությունյանը, ինտերնետային հարցազրույցներ տալ, հաղորդել, որ չեն էլ թաքնվում, սակայն ինչ-որ հրաշքով տվյալ երկրի իրավապահները նրանց ո՛չ հայտնաբերում են, ո՛չ էլ հանձնում են ՀՀ գլխավոր դատախազությանը։ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Չեխիայի իշխանությունները հայտնաբերել էին դեռեւս դեկտեմբերի առաջին օրերին՝ Ֆրանկլին Գոնսալես անվան տակ, եւ արդեն մի քանի ամիս է՝ պահում են Պրահայում։

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նա չի շտապում վերադառնալ հայրենիք, որտեղ իրեն «գրկաբաց» սպասում են իրավապահները։ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Նարեկ Սարգսյանը նույնիսկ զանգել է իրավապահներից մեկին եւ ասել․ «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»: Ոչ պաշտոնական լուրեր կան, որ նա նույնիսկ քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայի իշխանություններից, որոնք պաշտոնապես չեն հաստատվում։ Նա իր խնդրանքը հիմնավորել է քաղաքական հետապնդման փաստով։ Եզակի, աննախադեպ իրավիճակ է ստեղծվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված, որը մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների գործով։ Մեր իրավապահները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել, իսկ Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկվել է։ Սա նշանակում է, որ նա հանգիստ կարող է ապրել ՌԴ-ում՝ առանց վախենալու արտահանձնվելուց։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին խնդրեցինք պատասխանել, թե ինչ ընթացքում են Միքայել Հարությունյանի, Նարեկ Սարգսյանի, Վահագն Հարությունյանի հետախուզման եւ արտահանձնման գործընթացները, արդյոք երկրները պաշտոնապես հրաժարվո՞ւմ են նրանց արտահանձնել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում մեր դատախազությունը՝ 
հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այս հետախուզվողներին բերելու համար։
Մեզ ուղարկեցին հետեւյալ գրությունը․ 

«Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են երկկողմ եւ բազմակողմ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ:  

Հետախուզման մեջ գտնվող անձին հանձնելու միջնորդություն կարող է ներկայացվել միայն տվյալ անձի հայտնաբերման եւ համապատասխան երկրի իրավապահ մարմինների տրամադրության տակ լինելու վերաբերյալ պաշտոնապես իրազեկվելու պարագայում: 

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի, ինչպես նաեւ Վահագն Հարությունյանի՝ որեւէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու մասին, որպեսզի տվյալ կողմին համապատասխան հարցով դիմի: Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ Պրահայում, եւ վերցվել էքստրադիցիոն կալանքի տակ: 2018թ. դեկտեմբերի 28-ին, սահմանված ժամկետների պահպանմամբ, ՀՀ դատախազությունը չեխական կողմին է ներկայացրել քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ն. Սարգսյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը քննարկման փուլում է»: 

Ստացվում է, որ Գլխավոր դատախազության միջնորդությանը զուգահեռ, Չեխիայում քննարկվելու է նաեւ Նարեկ Սարգսյանի՝ քաղաքական ապաստան տրամադրելու դիմումը։ Չի բացառվում, որ Հայաստանի հետախուզվողների արտահանձնումը ձգձգվում է, որովհետեւ այլ երկրներում կասկածներ կան մեր իրավապահների անաչառության հարցում։ Կարծիք է ձեւավորվում, որ այս անձինք իրենց երկրներում քաղաքական հետապնդման են ենթարկվում, ահա ինչու նրանց էքստրադիցիան կա՛մ չեղարկվում է, կա՛մ ձգձգվում է անորոշ ժամանակով։

Ի դեպ, էքստրադիցիան ոչ թե պարտավորություն է, այլ՝ իրավունք, եւ որոշողն այստեղ տվյալ երկրի դիրքորոշումն է։ 
Ի դեպ, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը դեռեւս չի հայտնաբերվել: «Իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Ա. Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու վերաբերյալ տվյալներ չկան»։ Այսինքն՝ նա կա՛մ սահմանը գաղտնի է հատել, կա՛մ չի հատել եւ առայսօր գտնվում է Հայաստանում։