Ես ռեալ մարդ եմ, հեռախոսահամարս էլ կարող եք տալ իրենց․ ինչու է սուտ հերքում տարածում Համահայկական խաղերի կոմիտեն

Ես ռեալ մարդ եմ, հեռախոսահամարս էլ կարող եք տալ իրենց․ ինչու է սուտ հերքում տարածում Համահայկական խաղերի կոմիտեն

Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30-ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Hraparak.am -ը անդրադարձավ կատարվածին, որից հետո մամուլում նույնպես տարածվեց լուսանկարը։ Մեծ աղմուկ հանած միջադեպից հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն մի  պարզաբանմամբ է հանդես եկել՝ լուսանկարն անվանելով  ֆոտոշոփ։

«Hraparak.am  կայքում զետեղված և դրանից հետո մամուլում տարածված ««Դավաճան» գրությամբ պաստառ՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ Փաշինյանի տրիբունայի դիմաց» հրապարակմանն ի պատասխան, տեղեկացնում ենք, որ Համահայկական խաղերի հայտադիմումների մեջ Գոռ Մուրադյան անուն ազգանունով մասնակից  չունենք։  Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուսանկարը մոնտաժված է և չի համապատասխանում իրականությանը։   

Ուստի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն դատապարտում է նման, էժանագին և բանսարկու հրապարակումները և հորդորում տարածողներին, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից երաշխավորված խաղերին ու դրանց կազմակերպմամբ զբաղվող կառույցին, որի կարգախոսն է՝ «Միասնություն սպորտով», զերծ պահել քաղաքական խարդավանքներից և չփորձել քստմնելի քարոզչական մեթոդներով վարկաբեկել աշխարհասփյուռ հայությանը միավորող Համահայկական  խաղերի 25 ամյա գաղափարը, այն  ավելի վեհ է  քան ցանկացած քաղաքական շահի «բեմականացում»,-ասված է կոմիտեի հայտարարությունում։ 

Մինչդեռ 30-ամյա Մուրադյանը կատարվածից հետո հարցազրույցով է հանդես եկել,  նշել արարքի դրդապատճառը եւ պատմել, թե ինչպես ոստիկանները զգուշությամբ դուրս են հանել իրեն մարզադաշտից։

Գոռ Մուրադյանը Hraparak.am-ի հետ զրույցում ծիծաղում է․ «Դե, թող Նիկոլին բերեն, կանգնեցնեն դեմս, ասեմ, ասեն՝ սուտ է։ Ես ռեալ մարդ եմ, կարող եք իմ համարն էլ տալ, թող ճշտեն, տեսնեն՝ ֆոտոշոփ եմ։ Այո, ես մասնակից չէի, ոչ էլ հրավիրատոմս ունեի, բայց կարողացա ներս մտնել, նույնիսկ մուտքի մոտ մի աղջիկ կար, խնդրեցի՝ ինձ նկարեց։ Նստեցի Փաշինյանի՝ երկրորդ նստատեղի ձախ շարքում։ Երբ Արցախի պատվիրակությունը դուրս եկավ, ես հետևից շարժվեցի, մտա մարզադաշտ, էդ ընթացքում  3-4 ոստիկան արագ մոտեցան ու շատ քաղաքակիրթ խնդրեցին, որ դուրս գամ, ես էլ չընդդիմացա ու դուրս եկա, որովհետև կարծում եմ՝ ինքը հասցրեց տեսնել այն, ինչի համար ես մտա մարզադաշտ։ Ու եթե մի անգամ էլ նման առիթ ունենամ, ասում եմ՝ նորից կանեմ։ Ցանկացած մեկը, ով կուրանա Արցախը, ինձ համար դավաճան է։ Ինձ ասում են՝ կռված տղա ես, առիթ լինի, էլի կկռվեմ, ես իմ  իսկական կռիվը կտամ, ոչ թե իրենց պես՝ կլավիատուրայի հետևում նստած»,-ասաց Գոռ Մուրադյանը ։

Նրանից հետաքրքրվեցինք, այնուամենայնիվ, ինչպես է կարողացել առանց հրավիրատոմս ներս սպրդել, երբ անվտանգության ուժեղացված հսկողություն էր, եւ ինչպես պատահեց, որ նման դեպքերում ոստիկանները ոչ թե բիրտ ուժ կիրառեցին, այլ քաղաքակիրթ ձևով նրան մարզադաշտից դուրս հրավիրեցին։ « Այ,ցավդ տանեմ, իրենք էլ են հոգնել, իրենք էլ են հասկացել․․․․․, ներս էլ մտել եմ իմ ձևերով՝ շատ հանգիստ»։

Դեպքի ականատեսներից տիկին Հասմիկն էլ , որ հրավիրյալների առաջին շարքում էր, մեզ հետ զրույցում ասաց․ «Տեսանք՝ ինչպես մտավ մարզադաշտ՝ պաստառը ձեռքին պարզած , ու մի քանի ոստիկան արագ մոտեցան , հեռացրին նրան, տևեց վայրկյաններ»։

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ, որ դեպքից հետո լուսանկար էր հրապարակել Գոռի հետ, Hraparak.am -ին ասաց․ «Այո, Գոռը մասնակից չէր, ոչ էլ հրավիրատոմս ուներ, գյումրեցիներով հոգ ենք տարել, որ ինքն անպայման մտնի, ու իրեն ներս են թողել հենց դռների մոտ կանգնած պահակները, թող հիմա ինչ ուզում են, գրեն՝  ֆոտոշոփ է, չգիտեմ ինչ․․․․․։ Ես չեմ մտել, որովհետև ինձ բոլորն են ճանաչում, չէին թողնի, Գոռը միայնակ է մտել ․․․․, սա մեսիջ էր, որ Փաշինյանը իմանա՝ եթե աշխարհի թիկնապահներին ու ոստիկաններին էլ բերի, միևնույն է՝ ինքը խոցելի է․․․ , կան ոստիկաններ, որ պատրաստ են աջակցելու մյուսներին»։

Հատկանշական է, որ  այս ամենից հետո ինչու է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն նման հերքումով  հանդես եկել։

Նկատենք նաև, որ Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության մեկնարկի ընթացքում , բազմաթիվ ահազանգեր ստացանք քաղաքացիներից, ովքեր հրավիրատոմսերը ձեռքերին՝ չէին կարողանում մարզադաշտ մտնել, քանի որ մուտքի մոտ խցանումներ էին, իսկ անվտանգության աշխատակիցները չափազանց դանդաղ էին աշխատում ։