Խուզարկել են գյումրեցի ՀՀԿ-ական երիտասարդների բնակարանները

Խուզարկել են գյումրեցի ՀՀԿ-ական երիտասարդների բնակարանները

«Երեկ՝ առավոտ կանուխ՝ 6։ 30-ի սահմաններում, թվով 6-8 հոգի՝ մի մասը այստեղից, մի մասը Երևանից, մտել են մեր երիտասարդ ակտիվիստների բնակարաններ, դատարանի թուղթն են ներկայացրել  եւ ինչ-որ թմրամիջոցների շրջանառությանն առնչվող քրգործի շրջանակում խուզարկել բնակարանները։ Բնականաբար, ոչինչ չեն հայտնաբերել, որովհետև մեր տղաներն այդ գործի հետ բացարձակ առնչություն չունեն։ Առգրավել են հեռախոս եւ որևէ բացատրություն կամ հետ վերադարձնելու որոշում չկա»,- hraparak.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Գյումրիի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը ։

Խուզարկել են ՀՀԿ-ական երիտասարդներ Գարիկ Ուզունյանի և Ռոլանդ Այվազյանի բնակարանները, ովքեր ակտիվորեն մասնակցում են մայրաքաղաքում ընթացող  ընդդիմության կազմակերպած ակցիաներին։

«Սա ընդամենը քաղաքական հետապնդում է, վախեցնելու փորձ, փորձում են այսկերպ մեր տղաներին ճնշել, բայց ասեմ՝ անհաջող փորձ է, հիմա  տղաներն առավել քան տրամադրված են եւ ակտիվ մասնակցություն են ցուցաբերելու»,-ասաց Նարեկ Միրզոյանը։