Հերթական հակառուսական բացիլը

Հերթական հակառուսական բացիլը

Չգիտես՝ իրեն գործոն թե գործող պատկերացնող լրատվական մի կայք փորձում է հերթական հակառուսական բացիլը ներարկել հանրությանը: Ընդ որում, դա արվում է բավականին արհեստավարժ, որպեսզի չվանի նրանց, ովքեր դեռ վարակված չեն այդ բացիլով, բայց նրանց շրջանում կասկածներ հարուցի ու վերջում բերի այն եզրակացության, ինչին ուզում է հանգեցնել ընթերցողին այս հարցազրույցով: Հարցազրույցի «հերոսը» ծնունդով արցախցի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյան Արմենն է: Մարդ, որ արեւմտամետ էր, երբ ընդիմադիր էր, եւ մնացել է արեւմտամետ, չնայած իշխանավոր է, իշխանավոր՝ մի երկրում, որը ներառված է անվտանգային ոչ արեւմտյան համակարգում: Ինքն էլ այդ համակարգի առանցքային կառույցներից մեկի ղեկավարն է: Այսպիսի աննորմալ իրավիճակ Հայաստանի Հանրապետությունում...

Անցնենք հարցազրույցին: Ինչո՞ւ Սոչիում Ռուսաստանին չի հաջողվել պաշտպանել իր առաջարկները, այսինքն՝ ներկայացված «15 կետերը», որոնցից գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգման դրույթն է, որի «առումով առկա էր կարծես թե որոշակի խոստում», հնչում է հարցը: Շարունակության մեջ հարցազրույցը վարողն ասում է, որ Երեւանը համաձայնել է այդ կետերին եւ փորձել էր աջակցել դրա արձանագրմանը հայտարարությունում, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում, բայց դա տեղի չունեցավ: Բնականաբար, հնչում է պատասխան, որ իշխանությունը շարունակելու է աշխատանքը Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ: Բայց հարցազրուցավարի համար այդ հանգամանքի արձանագրումն էական չէ, ու նա շարունակում է հակառուսական բնույթի հարցադրումներ անելը: Ասում է, որ Մոսկվան խնդիր ունի իր կարողությունների առումով այդ հարցում, ու մեր հանրության համար չի երեւում այն գործիքը, որը կհարկադրեր Ադրբեջանի ղեկավարությանը` համաձայնել ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումը հետաձգելուն: Շարունակում է, որ վարչապետը հայտարարել էր, որ մենք համաձայն ենք խաղաղապահ ուժերի մնալուն 15 կամ 20 տարով եւ կամ անորոշ ժամանակով, եւ ավելացնում, որ կարծես թե ռուսական կողմում կա ընկալում` այս ուղղությամբ աշխատելու: Դրան հետեւում է Արմեն Գրիգորյանի պատասխանը, որ «կարեւոր է հասկանալ, որ ռուսական առաջարկները մեկ բան են, խոստումներն իրականություն դարձնելը` այլ բան»:  

Մինչդեռ ռուսական առաջարկները կարող էին իրականություն դառնալ, եթե, նախ, խայտառակ պարտությունից հետո փոխվեր Հայաստանը ներկայացնող անձը: Երկրորդ․ «գետանցման պահին ձիեր չեն փոխում»: Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զբաղված էր Բրյուսել կամ արեւմտյան այլ քաղաքներ այցելելով ու արեւմտյան գործիչների քավորությամբ Արցախից հրաժարվելու պայմանավորվածությունների էր հանգում իր երբեմնի «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հետ: Չնայած, ինչպես խոստովանեց վերջերս, դեռեւս սեպտեմբերի սկզբներին էր Մոսկվայից ստացել ռուսական առաջարկները: 

Շարունակենք․ հարց է տրվում, թե Երեւանն ինչքան կարող է սպասել, որ Ռուսաստանն իրականացնի իր առաջարկները: Հատկապես որ տրվել էր նման խոստում: Եվ հարցադրում-առաջարկ է արվում այլ ֆորմատներում ակտիվությունն ավելացնել-պակասեցնելու վերաբերյալ:

Նախքան Գրիգորյանի պատասխանը ներկայացնելը, կրկին միջամտություն կատարեմ՝ այս պատասխանն ընդօրինակված է Փաշինյան Նիկոլի մտքերից, ով ասում էր, թե Հայաստանը սպասելու ժամանակ չունի, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր, եւ ինքը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ այն կստորագրվի: Բայց նման հարցադրումը կեղծ օրակարգ է: Չեմ կարծում, թե արեւմտյան ֆորմատում Նիկոլին խոստանում են ապահովել ԼՂ կարգավիճակը: ԱՄՆ-ում պատրաստված փաստաթղթում ընդհանրապես խոսք չէր գնում Արցախի կարգավիճակի կամ խաղաղապահ առաքելության մասին: Եվ եթե ինքը ցանկանում է գոնե ինչ-որ չափով այդ հարցերին անդրադարձ անել, ապա ստիպված է սպասել. այլ տարբերակ ուղղակի չունի: 
Գրիգորյան Արմենը, բնականաբար, նման պատասխան տալ չէր կարող եւ ընդամենը ասաց, որ Հայաստանն աշխատելու է բոլոր գործընկերների հետ, որ տեսնի, թե որ տարբերակն է ամենահավանականը: Կրկին ընդհատեմ նախկին գործընկերոջս (3 տարի գործընկեր ենք եղել)՝ ասելով, որ Նիկոլի համար ամենահավանական տարբերակն այն է, որը ձեռք է բերվում խաղաղություն մուրալով: Այսինքն՝ Հայաստանի համար ամենավատ տարբերակը: Իսկ մենք այսօրվա պայմաններում պետք է ձգտենք ունենալ հենց ռուսական տարբերակը, որը պակաս վտանգավորն է մեզ համար՝ որքան էլ արեւմտամետ Արմենին ու նրա առաջնորդին դա դուր չգա: Եվ որի համար պետք է կռիվ տալ Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Խաղաղություն մուրալն ու արժանապատիվ խաղաղության ձգտելը տարբեր երեւույթներ են, ինչը չի ընկալվում թե՛ Նիկոլի, թե՛ նրա նշանակած իշխանավորի կողմից: 

Եվ վերջին հարցը, թե ինչ երաշխիք ունի Ռուսաստանը, որ խաղաղապահների մնալու հարցը կլուծի 2,5 տարուց, եթե այսօր չի կարողանում: Չէ՞ որ Իլհամ Ալիեւը սպառնացել է արցախահայերին, որ եթե չեք ցանկանում ընդունել ադրբեջանական քաղաքացիություն, պետք է հեռանաք Հայաստան: Բայց Գրիգորյան Արմենն այնքան խելացի է, որ ապագայի մասով գնահատական չի տալիս, ընդամենը պատասխանում է, որ այժմ աշխատում են իրենց գործընկերների հետ՝ ստեղծելու երկարաժամկետ երաշխիքներ ու մեխանիզմներ, որոնք կապահովեն արցախցիների անվտանգությունն ու իրավունքները: Իրենց իշխանության կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անվտանգության ու իրավունքների հարցով փոխարինելն արդարացնում է ռուսական դիրքորոշմամբ, այսինքն՝ կարգավիճակի հարցի քննարկման հետաձգմամբ: Բայց հարց տվողը նորից փորձում է «հարվածել» Ռուսաստանին՝ ասելով, որ եթե վերջինս չի կարողանում ապահովել խաղաղապահ ուժերի երկարատեւ մնալը, ապա Երեւանը պետք է փորձի այլ գործընկերներ գտնել՝ նկատի ունենալով, բնականաբար, Արեւմուտքը: Այս հարցում եւս Գրիգորյան Արմենը խուսանավում է՝ ասելով, որ կարեւորն արցախցիների անվտանգությունն է, դրա ապահովման մեխանիզմն ու մեխանիզմի հուսալիությունը երկարաժամկետ առումով, իսկ թե դա ինչպես կիրականացվի՝ արդեն երկրորդական հարց է: Բնական է, որ այդպես էր պատասխանելու, քանի որ չէր կարող ասել, որ ամերիկյան տարբերակում խաղաղապահ ուժերի մասին հիշատակում ընդհանրապես չկա: Իսկ Սոչիում ստորագրված հայտարարության մեջ այն լղոզված, սակայն առկա է: Լղոզվածության պատճառն էլ հայկական կողմից բանակցողի անձի մեջ է: