«Թուրքը հող է սիրում, հայը՝ փող» 

«Թուրքը հող է սիրում, հայը՝ փող» 

Այս ասացվածքը մինչեւ 2020-ը չէի լսել, սակայն 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո բազմիցս եմ լսել: Հատկապես դավաճանության մասին բազմաթիվ քրեական գործեր հարուցելու ֆոնին: Այնպիսի տպավորություն է, որ, բացի իրեն արդարացնելու հանգամանքից, Նիկոլը գիտակցորեն մարդկանց ուղեղն է մտցնում, որ հայերը հանուն փողի դավաճանում են հայրենիքը: Նման տպավորության հիմքը դավաճանության այս կամ այն դեպքի մասին իրավապահ կառույցների հրապարակային եւ շարունակական հաղորդագրություններն են: Հատկապես, որ որոշ ժամանակ անց տեղեկատվական կայքերի հաղորդումներից իմանում ես, որ հարուցված գործերի մի մասը փակվել է, կասեցվել կամ էլ ինչ-որ պատճառով դատարան չի հասել:

Բայց դրա վերաբերյալ նույն ձեւաչափի հրապարակային հաղորդագրություն չի եղել: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչու է դա գիտակցորեն արվում, թեւածում է օդում․ «Էս չի՞ մեր ժողովուրդը: Էս ժողովրդով ես ի՞նչ կարող եմ անել»: Իսկ եթե ինչ-որ բան էլ արվում է, ուրեմն ինքը հերոս է, որ կարողացել է այդ բանն անել: Որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքս, հիշեցնեմ հնարավոր այդ պատասխանի իրական նիկոլական արտահայտությունը. «Աղքատությունը մարդկանց գլխում է»: Եվ քանի որ այդ մարդիկ իրենց ուղեղով փող աշխատելու ունակ չեն, ապա իրենք դա անում են դավաճանությամբ՝ թշնամուն գաղտնիք հաղորդելով կամ «ահասարսուռ անունով հրթիռների միջից պլատա հանելով»՝ միջի ոսկին ծախելու նպատակով:  

Փաշինյանական մակարդակում ասված խոսքի արմատները գալիս են շուրջ 30 տարվա վաղեմությունից: Այն անձից, ով ղարաբաղյան շարժման ալիքի վրայով նախագահ դառնալով՝ համաձայն էր Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը՝ հանուն «սերգոջանների» լավ ապրելու: Իսկ հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրը պահպանելու կոչված գաղափարն անվանում էր «ոչմիթիզականություն»՝ ձեռք առնելով այն: Իրեն գերխելացի քաղաքական վերլուծաբան պատկերացնող գործիչը չէր ընկալում, որ գլոբալ աշխարհակարգի փոփոխության պայմաններում պատերազմով ձեռք բերվածն ամրագրելու համար պահանջվում են ընդամենը դիվանագիտական ջանքեր: Այդ ջանքերն ինքը ներդրեց, սակայն հակառակ ուղղվածությամբ: Չգիտեմ՝ ինչպես դուք, հարգելի ընթերցողներ, սակայն ես չեմ պատկերացնում թուրք որեւէ ղեկավարի, որ նման արտահայտություն աներ ու շարունակեր ղեկավարել երկիրը եւ կամ փորձեր կրկին ընտրվել: Էլ չասած ընդհանրապես կենդանի մնալու մասին: Ենթադրում եմ, որ հենց դա է եղել պատճառը, որ միջինասիական տափաստաններից Եվրոպա գաղթած թյուրքախոս քոչվոր ցեղերից մեկը ստեղծել է աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը՝ շուրջ կես հազարամյակ պահպանելով այն: Իսկ հայն իր ունեցած 300 հազար քառ/կմ պատմական տարածքից չի կարողանում այսօր պահպանել նույնիսկ դրա 10 տոկոսը: 

Եվ ոչ միայն տարածքի եւ պետականության առումով է անհաջողության մատնվում հայը, այլեւ, լինելով փողասեր, չի կարողանում նույնիսկ կուտակել այն՝ աշխարհին ստիպելով հարգել իրեն: Այնպես, ինչպես արել են հրեաները՝ երկու հազարամյակ զրկված լինելով հայրենիքից եւ ցրված լինելով աշխարհով մեկ (փակագծում ասեմ, որ նոր ժամանակներում ջուղայեցի հայ առեւտրականների՝ Հնդկաստանից Արեւմուտք ծավալած առեւտրային գործունեությունը հիմնված էր պարսկական արքունիքի կապիտալի վրա եւ արվում էր նրա հովանավորությամբ: Այնպես, որ դա զուտ հայկական կապիտալ եւ հայ առեւտրականների ինքնուրույն ու ինքնաբավ գործունեություն չէր, ինչպես ներկայացվում է ոմանց կողմից): Ի դեպ, կցանկանայի մի փոքր ավելի անդրադառնալ հրեաների առեւտրական «գաղտնիքին»: Միջնադարյան խաչակրաց արշավանքների շրջանում (12-14-րդ դարասկիզբ) Տաճարականների հոգեւոր-ասպետական միաբանության (տամպլիերներ) կողմից դրվեցին բանկային գործի հիմունքները, որ կորսվել էին Հռոմեական կայսրության կործանումից հետո: Սակայն միաբանության լուծարումից հետո աստիճանաբար փողի փոխանակման գործը դարձավ հրեական համայնքի անդամների մենաշնորհը: Ընդ որում, այն ոչ թե զավթվեց հրեաների կողմից, այլ կաթոլիկ եվրոպացիների համար դա ոչ ընդունելի գործունեության տեսակ էր: Եվ հրեաներին թույլատրեցին զբաղվել այդ գործով: Դարերի ընթացքում փողը կուտակվեց հրեաների ձեռքում, ինչին նպաստեց նաեւ առանձին առեւտրականների ճարպկությունը: 

Հրեական ճարպկության դասական եւ հայտնի օրինակը Վաթերլոոյի ճակատամարտից հետո Ռոտշիլդների ընտանիքի իրականացրած տեղեկատվական կեղծարարությունն էր: Հիշեցնեմ․ ընտանիքի առեւտրային տան լոնդոնյան բաժանմունքին մայրցամաքային կենտրոնական գրասենյակից հաղորդվում է Վաթերլոոյի ճակատամարտում Նապոլեոնի պարտության լուրը: Միաժամանակ հրահանգ է իջեցվում, թե ինչ պետք է անել դրա առումով: Եվ քանի որ պարտության մասին տեղյակ էին դեռեւս միայն իրենք, տեղի բաժանմունքը քաղաքում կեղծ լուր է տարածում Նապոլեոնի հաղթանակի մասին: Դրա հետեւանքով Լոնդոնի ֆոնդային բորսայում խուճապ է ծագում՝ մարդիկ փորձում են արագ ազատվել արժեթղթերից՝ վաճառելով դրանք: Բայց քանի որ սկզբում գնորդ չկար, ընկնում է առեւտրային կազմակերպությունների արժեթղթերի գինը: Եվ այդ պահին հայտնվում է «փրկիչը»՝ Ռոտշիլդների տան լոնդոնյան բաժանմունքը, եւ էժան գներով գնում դրանք: Իսկ երբ հաջորդ օրը քաղաքում ստանում են իրական լուրը, այդ արժեթղթերը կրկին թանկանում են: Եվ Ռոտշիլդներին ընդամենը մնում է վաճառել դրանք՝ հսկայական շահույթ ստանալով: Ի դեպ, անգլիացիներին երկրորդ լուրջ ֆինանսական հարված տվողը (1992 թվականին) եւս հրեա էր՝ հանրահայտ Ջորջ Սորոսը (մեկ օրում վաստակեց ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ իր ընկերության կառավարիչ ամերիկյան մեկ այլ ֆինանսիստի հետ, ով եւս հետագայում դարձավ միլիարդատեր: