Վարորդը դիմեց Վարդանյանին

Վարորդը դիմեց Վարդանյանին

Բա չիմացաք ինչ եղավ: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմեց վարորդներին. «Սիրելի վարորդներ, այն, որ մենք երկրորդ գծի համար նվազեցնում ենք տուգանային միավորները, դա չի նշանակում, սակայն, որ այդ խախտումը պետք է չարաշահվի։ Սա դիտարկվում է ծայրահեղ անհրաժեշտություն, որովհետեւ պարբերաբար երթեւեկության տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում կատարել նման իրավախախտումներ, եւ սա հիմք չպետք է հանդիսանա վարորդական իրավունքներից զրկման համար»:

Վայ Վլադիմիր Վարդանյան, վայ Վոլոդյա, վայ Վալոդ… Դուք ե՞րբ պիտի խելքի գաք, որ մեր մայլում քյանդրբազ չխաղաք այլեւս: Քեզ լուրջ մարդու տեղ էինք դրել՝ դու էս ինչե՞ր ես ասում: Ո՞նց թե՝ միայն 2-րդ գիծ կանգնելու տուգանային միավորներն եք հանում: Իսկ ի՞նչ եք անելու այն խախտումների հետ, որոնք, վարորդի կամքից անկախ, կատարվում են զուտ այն պատճառով, որ կարմիր գծերը հասնում են խաչմերուկի պռնկին, եւ վարորդն ստիպված աջ շրջադարձ է կատարում 2-րդ գծից: Մի հատ էլ մատ ես թափ տալիս վարորդների վրա՝ տեսեք, հա, մեր բարությունը չչարաշահեք…
Եվ ինչո՞ւ հանկարծ այսպես բարիացաք: Թեեւ, կարծես, գլխի եմ ընկնում: Այս պատմությունը գալիս է Վազգեն Սարգսյան փողոցից, ավելի ստույգ՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ գրեթե օրումեջ ստեղծվող իրավիճակից: Տիկին գլխավոր դատախազը սիրում է երկրի դատախազներին օրումեջ իր մոտ հավաքել, դե՝ սրանք էլ հո ոտքով չեն գալու: Եթե չեմ սխալվում, որոշ կարեւոր դատախազներ նույնիսկ 2-3 ավտմեքենայով են գալիս: Այդքանին որտե՞ղ տեղավորես: Եվ թող տիկին դատախազը ների ինձ, բայց նրա պատճառով Վազգեն Սարգսյան փողոցի նշված հատվածում իսկական պոռնոգրաֆիա է սկսվում՝ երբեմն-երբեմն նաեւ պարեկների եւ էվակուատորների մասնակցությամբ: Պարոն Վահե Ղազարյան, ճիշտ չե՞մ ասում՝ իսկական պոռնոգրաֆիա: Խեղճ պարեկը մերկ ձեռքերով ի՞նչ անի 2-րդ շարքում մեքենա կանգնեցնող դատախազի դեմ: Հլա ասեք՝ դատախազ… Եվ այդ պոռնոգրաֆիան վերացնելու փոխարեն պարեկներն սկսում են բերման ենթարկել շարքային հարկատուների ավտոմեքենաները, որոնք մի քանի րոպեով կանգառ են կատարում երթեւեկելի մասին ուղղահայաց կայանած դատախազական լյուքս սեդանների առաջ: Ամոթ է, ամոթ, գնացիք-եկաք՝ դատախազներին հասանելիք տուգանքները մեղմացրիք: Փող չունե՞ն, թող մուծվեն, էլի, միեւնույն է՝ ոստիկանությունը չի կարողանում առկա հանդիպման ժամանակ նրանց հախից գալ: Դուք էլ հեռակա տուգանեք: Չմուծեն՝ ԴԱՀԿ-ով տուգանեք՝ օրենքի տառին համապատասխան: Այլապես հանուն ինչ-ինչ «շիշկաների» բարեկեցության, օրենքն եք փոխում, տուգանքն եք մեղմացնում, տուգանային միավորներն եք նվազեցնում: Լավ չի:

Վոլոդյա, իսկ դու գիտե՞ս, թե օրական որքան տուգանքի մատերիալ է հավաքվում կառավարության տան առաջ, նաեւ ֆիննախի կողմից: Տեսե՞լ ես, թե ինչ է կատարվում կառավարության 3-րդ մասնաշենքի հարակից Հանրապետության եւ Նալբանդյան փողոցներում: Վստահեցնում եմ, որ ոչ մի ընդդիմադիր այդ տարածքներում երկրորդ շարք չի կանգնում, բոլորն իշխանական են: Իսկ փողը որտե՞ղ է՝ իշխանությունների եւ իշխանականների գրպանում: Եվ, ուրեմն, Վոլոդյա ջան, դուք ո՞ւմ հոգսն եք թեթեւացնում: Այո, իշխանությունների եւ իշխանականների: Կարող էիք, իհարկե, ընդհանրապես հանել երկրորդ շարքում կանգնելու համար նախատեսված տուգանքը, բայց, ամենայն հավանականությամբ, վախեցել եք շարքային քաղաքացիների ցասումից: Նրանք կարող էին, չէ՞, պահանջել, որ վերադարձնեք այդ հիմարության համար իրենցից գանձված նախկին գումարները: Ի վերջո, դու ես քո բերանով ասում, որ մարդիկ ստիպված, իրենց կամքից անկախ են հայտնվում երկրորդ շարքում կանգնելու իրավիճակի առաջ:
Որպես երկրորդ շարքում կանգնելու համար բազմիցս տուգանված վարորդ՝ դիմում եմ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Վալոդ ջան, «բռատ», արի հարցը կոնկրետ դնենք եւ պարզենք բոլոր այն դեպքերը, երբ վարորդը խախտում է կատարում Երեւանի խայտառակ երթեւեկության, ճանապարհային խառնիճաղանջ նշանների, չերեւացող գծանշումների, սպառնալիք դարձած տեսանկարահանող սարքերի պատճառով: Ես, դու, ձեր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Վահե Ղազարյանը, Տիգրան Ավինյանը հավաքվենք, խելք-խելքի տանք՝ տեսնենք ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք լուծում Երեւանի երթեւեկության հարցը: Այլապես ամեն մեկդ ձեր կողմ եք քաշում՝ Ավինյանը «կարմիր գծերն» է թանկացնում, դու երկրորդ գծի տուգանքն ես թեթեւացնում, Արմեն Խաչատրյանի նման մասնագետը խելքը տվել է ՔՊ-ին, Վահե Ղազարյանն էլ, որպես համեստության մարմնացում, ձեն չի հանում: Դեռ ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: