Ինչու ենք մենք միշտ հայտնվում պարտվողների ճամբարում

Ինչու ենք մենք միշտ հայտնվում պարտվողների ճամբարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ մտադիր է հավաքել Եվրոպայի 20 առաջնորդների եւ այդ հավաքի ժամանակ հստակ ուղերձ հղել Վլադիմիր Պուտինին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանը չի հաղթելու Ուկրաինային: Մակրոնն ուզում է հակադարձել Պուտինին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանն անխուսափելիորեն հաղթելու է: Ֆրանսիայի նախագահն ուզում է իր վրա վերցնել հակառուսական կոալիցիայի, Եվրոպայի խիզախ եւ հաղթական առաջնորդի դերը: Հիմա այդ դերը թափուր է մնացել, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն չորրորդ ամիսն է՝ չի կարողանում Ուկրաինային դրամական օգնություն տրամադրելու մասին օրինագիծ ընդունել, իսկ Մեծ Բրիտանիան այդ դերը չի ուզում վերցնել, քանի որ ինքն իրեն դուրս է դրել համաեվրոպական գործերից: Մակրոնին թվում է, թե, ահա, եկել է իր տրիումֆի պահը, եւ ինքը, հագնելով համաեվրոպական առաջնորդի համազգեստը, հաղթանակի դեպքում Ուկրաինայի հետ կկիսի հաղթողի դափնիները: Ֆրանսիայի համար սա յուրօրինակ հնարավորություն է՝ հետ բերելու այն բարոյական նվաստացման վնասը, որն այդ երկիրն ու նրա ժողովուրդը կրեցին երկրորդ համաշխարհայինում՝ ընդամենը 40 օր դիմադրելով Գերմանիային: Թե ինչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի, դրա մասին թող մտածեն Մակրոնից հետո Ֆրանսիայի կառավարման ղեկը ստանձնողները, իսկ մեզ հետաքրքրում է այլ հարց՝ արդյո՞ք Մակրոնի կազմակերպած համաեվրոպական հավաքին հրավիրված կլինի նաեւ Հայաստանը, եւ արդյո՞ք Փաշինյանը, մասնակցելով այդ հավաքին, իր համերաշխությունը կհայտնի Ռուսաստանի դեմ մղվող համաեվրոպական արդարացի պատերազմին: 

Հետաքրքրում է նաեւ այն հարցը, որ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը եւս իրար հետ պատերազմեն, Մակրոնը դարձյա՞լ նման հավաք կկազմակերպի եւ նման մի ուղերձ կհղի Ադրբեջանին, գուցե Թուրքիային, թե՞ գործնական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, որին իբրեւ թե դաշնակից է ներկայանում: Որովհետեւ իրական դաշնակիցը ոչ թե անհատական կամ խմբակային ուղերձներ է հղում բարեկամ երկրի դեմ կռվող երկրի նախագահին, այլ իրական աջակցություն է ցուցաբերում՝ օգնելով հաղթել պատերազմում: Եթե Ֆրանսիան եւ ընդհանրապես Արեւմուտքը Ուկրաինային համարեին իրենց դաշնակիցը, ապա պետք է վաղուց պատերազմ հայտարարած լինեին Ռուսաստանին եւ ոչ թե սահմանափակ քանակի զենք ու զինամթերք ուղարկեին Ուկրաինային, որի ղեկավարությունն անընդհատ բողոքում է դրա պակասից՝ բացատրելով, որ ուկրաինական բանակի նահանջն ավելի շատ զինամթերքի անբավարարության հետեւանք է, այլ իրենց բանակներով պետք է կռվեին Ռուսաստանի դեմ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլիներ ուժերի իրական հարաբերակցությունը, եթե ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն իրենց բանակներով մասնակցեին ռուս-ուկրաինական պատերազմին, իրենց ռազմական, տնտեսական եւ մարդկային ներուժն օգտագործեին հաղթանակի հասնելու համար: Կարծում ենք՝ այդ ժամանակ Ռուսաստանին ուղերձ հղելու անհրաժեշտություն չէր լինի, որովհետեւ պատերազմում հաղթում են ոչ թե ուղերձներով կամ խոսքով, այլ՝ ուժով:
Սա Ֆրանսիայի կողմից սեփական դաշնակցին «քցելու» առաջին դեպքը չէ: 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պարտավորություն ունեին՝ Լեհաստանի վրա հարձակման դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերել նրան: Ֆորմալ առումով Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պատերազմից երկու օր հետո` սեպտեմբերի 3-ին, պատերազմ հայտարարեցին Գերմանիային եւ սահմանափակ ռազմական գործողություններ սկսեցին Գերմանիայի դեմ, բայց դա ավելի շատ ձեւի համար էր, որ ցույց տան, թե իբրեւ կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները, իսկ երբ Գերմանիան ջախջախեց Լեհաստանի բանակը, դաշնակիցները թեթեւացած շունչ քաշեցին՝ ասելով, որ Լեհաստանը կապիտուլացվել է, հանձնվել է, եւ իրենք այլեւս չեն կարող օգնել նրան: 

Ֆրանսիայի եւ ընդհանրապես Ուկրաինայի արեւմտյան դաշնակիցների վարքը ոչնչով չի տարբերվում երկրորդ համաշխարհայինում դրսեւորածից: Բոլորն ասում են, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը հարձակվելու է եվրոպական այլ երկրների վրա, բայց փոխանակ հիմա զորքով օգնելու, անմիջականորեն մասնակից դառնալու Ռուսաստանի դեմ մղվող պատերազմին, բավարարվում են Ուկրաինային զենք մատակարարելով, այն էլ՝ շատ սահմանափակ, այն էլ՝ իրենց զինանոցի ամենահին ու դուրսգրման ենթակա տեսակներով: Բոլորը մտածում են, որ․ 
1. Ուկրաինան ինքնուրույն կկարողանա կանգնեցնել Ռուսաստանին։ 
2. Ուկրաինայի դեմ մղվող պատերազմն այնքան կթուլացնի Ռուսաստանին, որ նա չի կարողանա շարունակել պատերազմը, որ հարձակվի այլ երկրի վրա։
3. Եթե անգամ Ռուսաստանը որոշի հարձակվել այլ եվրոպական երկրի վրա, դա իրենք չեն լինի, դրա համար պետք է պահպանել հնարավորինս չեզոքություն, ուրիշներից շատ չտարբերվել ագրեսիվ վարքով՝ առիթ չտալով Ռուսաստանին իրենց դիտարկելու որպես հավանական թիրախ: Սա էգոիստ ու կարճմիտ մարդու մտածողություն եւ պահվածք է, իսկ երկրների վարքագիծն արտահայտվում է դրանց ղեկավարների, կառավարող էլիտաների մտածողությամբ եւ պահվածքով: 

Հիմա, իհարկե, շատ շուտ է ասել, թե ով է հաղթողը ռուս-ուկրաինական պատերազմում, որովհետեւ պատերազմն ընթանում է փոփոխական հաջողություններով: Բայց այս պահին հարձակվողը Ռուսաստանն է, նրա զորքերն ամեն շաբաթ նոր բնակավայրեր են գրավում, ուկրաինական բանակն էլ պատրաստվում է խոր պաշտպանության: Ուժերի հարաբերակցությունը եւս Ռուսաստանի օգտին է. ռուսական ռազմական արդյունաբերությունն անընդհատ մեծացնում է արտադրանքի ծավալը, Ռուսաստանն ունի մարդկային ռեսուրսի անգերազանցելի առավելություն Ուկրաինայի նկատմամբ: Եթե այս հարաբերակցությունը չփոխվի, եւ եվրոպական երկրներն իրենց բանակներով անմիջականորեն չներգրավվեն պատերազմում, Ռուսաստանը կհաղթի, եւ, ինչպես ցանկացած պատերազմում, հաղթողն է թելադրելու խաղի կանոնները, հետպատերազմյան նոր աշխարհակարգը: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ֆորմալ դաշնակիցը, պատերազմի ժամանակ անցավ Ռուսաստանի հակառակորդների կողմը, Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ ուկրաինական պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ավելին, Փաշինյանն իր վարքով ցույց է տալիս, որ Հայաստանը Ֆրանսիայի դաշնակիցն է, մի երկրի, որը հակառուսական կոալիցիայի առաջնորդի դերում է իրեն պատկերացնում: Իսկ ինչ կլինի, եթե Ուկրաիան տապալվի, եւ Ռուսաստանը, անկախ Մակրոնի ուղերձներից, հաղթի պատերազմում, ինչի մասին ավելի հաճախ են սկսել կանխատեսումներ անել նաեւ արեւմտյան վերլուծաբաններն ու փորձագետները:

Մենք հնարավորություն ունենալով լինել հաղթողների ճամբարում՝ գրեթե միշտ հայտնվում ենք պարտվողների ճամբարում: Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, մենք անխուսափելիորեն կրելու ենք այդ պարտության պատասխանատվությունը եւ մեր վրա զգալու ենք պարտության հետեւանքները, որովհետեւ համաձայն ենք եղել Փաշինյանի տեսակետի հետ, որ մենք ոչ թե Ռուսաստանի, այլ Ուկրաինայի դաշնակիցն ենք: Եթե համաձայն չլինեինք, Փաշինյանը հիմա Հայաստանի ղեկավարը չէր լինի: Հերթական անգամ անիծելով եւ նզովելով դավաճան ու բազմակի խաղեր տվող Ռուսաստանին, որը միշտ էլ մեզ հարվածել է թիկունքից ու նաեւ կրծքից, մենք դրանից ոչ մի օգուտ չենք քաղելու, քանի որ հաղթողները տոնում են իրենց հաղթանակը, իսկ պարտվողները զբաղված են անիմաստ անեծքով ու հայհոյանքով:

Ավետիս Բաբաջանյան