ԱԱԾ-ն պարտավոր է մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին 

ԱԱԾ-ն պարտավոր է մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին 

Նոր տարածքներ հանձնելու, նորից զոհեր տալու եւ մեր դիրքապահներին գերեվարելու առօրյա տեղեկատվությունն այնքան արագ ու հերթ չտվող է, որ չենք հասցնում հրապարակել, քանի որ լուրերը թարմանում են հետեւողականորեն: Չգիտենք, Արցախից մնացած հատվածի՞ն հետեւենք, թե՞ հատված-հատված մեզնից օտարվող Հայաստանին: Եվ սա կատարվում է Նիկոլի  պատասխանատվությանը վստահված երկրում: Սույն անձնավորությանը ժողովուրդը քվե է տվել` համոզված լինելով, որ ապահովելու է անվտանգությունը ե՛ւ ներսում, ե՛ւ սահմաների վրա՝ որպես երկրի վարչապետ, իսկ պատերազմի ժամանակ` գերագույն գլխավոր հրամանատար: Արդյո՞ք գիտակցում էր Նիկոլը, որ նման պատասխանատվություն էր ստաձնելու, երբ այլընտրանք չթողնելով՝ հայտարարում էր․ կա՛մ ես կընտրվեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա:  

Արցախում իր խնդիրը հիմնականում լուծելուց հետո Ադրբեջանն անցել է Հայաստանի սահմանների վերաձեւմանը: Զիջում ենք Սյունիքի բարձրադիր, տասնամյակներով ամրացրած եւ մեզ համար շահեկան դիրքերը, Կապանի անվտանգության գոտին: Վտանգված է Կապանի օդանավակայանը, Գորիս-Կապան մայրուղին, Սյունիքի համայնքները մնում են թշնամու նշանառության տակ, որ ամեն վայրկյան կրակի տակ է լինելու բնակիչների ապրելու իրավունքը: Թշնամին ուզում է, իսկ մենք տալիս ենք, եւ սա արվում է մեր իշխանությունների ու թշնամու ձեռք բերված համաձայնությամբ: Մեր իշխանությունները, մասնավորապես պաշտպանության նախարարությունը, մեր դիրքապահներին հրամայում են թողնել դիրքերը թշնամուն եւ նահանջել: Պատնեշները զիջելով` Ադրբեջանին տալիս ենք սահմաններն է՛լ ավելի առաջացնելու դյուրին հնարավորությունը վաղվա եւ մյուս օրերի համար, ինչը բնավ էլ բացառված չէ նման անտերուդուրս պայմաններում:  

Նիկոլը եւ իր կառավարությունը բացարձակ անկարող են ապահովել Հայաստանի անվտանգությունը, եւ օր-օրի տանուլ ենք տալիս մեր հանրապետությունը, այսօր՝ Սյունիքից, վաղը լինելու է Տավուշից: Գոնե շոշափելիորեն չենք զգում մեր բանակի ներկայությունը եւ համապատասխան նախարարության գոյությունը: Մեր իշխանությունը չկարողացավ միջազգային հանրության ուշադրությունը դարձնել այն փաստին, որ զինադադարից հետո ադրբեջանցիները հարձակվում են հայկական դիրքերի վրա, սպանում եւ գերեվարում են դիրքապահներին, կարծես դա նորմալ է եւ բնական: Օր-օրի իրականությանը մոտ է դառնում այն ենթադրությունը, որ այս պատերազմը պայմանավորված էր: Տեսանելի է, որ պայմանավորվածություն կա նաեւ պատերազմից հետ հարեւան երկրին Հայաստանից տարածքներ հանձնելու շուրջ: Այս իշխանությունն ամեն վայրկյան սպառնում է Հայաստանի անվտանգությանը` ուղղակի զիջելով տարածքներ: 

Նման իրավիճակում ԱԱԾ-ն, որ երկրի անվտանգության երաշխավորն է, պարտավոր է կանխել չարիքը` մեկուսացնելով Նիկոլ Փաշինյան երեւույթին, որը կանգ չի առնում երկիրը թշնամուն հանձնելու գործընթացում ո՛չ պատերազմական իրավիճակում, ո՛չ խաղաղ ժամանակ: ԱԱԾ-ն պարտավոր է այսօր գործել հանուն վաղվա Հայաստանի, քանի որ ապագան վտանգված է ու անորոշ: Եվ դա պետք է անի հենց այսօր, վաղը ուշ կլինի, վաղը մենք նոր տարածքներ կզիջենք Ադրբեջանին:

Հուսիկ Արա