Երբ Հարութի մարմինը բերեցին, ես մտածում էի՝ իմ վերջին հնարավորությունն է՝ իրեն վայելելու

Երբ Հարութի մարմինը բերեցին, ես մտածում էի՝ իմ վերջին հնարավորությունն է՝ իրեն վայելելու

Ռազմական բժիշկ Հարութն ու նրա կինը՝ Արմինեն, իրենց 28-ամյա կյանքի 14 տարին միմյանց հետ անցկացրին՝ իրար անգիր անելու, իրար սերտելու ճանապարհ: Դպրոցական կյանք, Արմինեի սիրուն արժանանալու համար տարիների պայքար, ի վերջո՝ ընկերություն, ամուսնություն ու հնգամյա սիրուն ընտանիք՝ 4-ամյա Սառայի ու 5 ամսական Ռուբենի տասնապատկած երջանկությամբ: 

Հարութին բացակա չդնել…

«Հակասական զգացողություններ եմ ունենում. պահեր են լինում, երբ ինձ թվում է՝ կյանքը կանգ է առել, վե՛րջ, չեմ ապրում ուղղակի, մեկ էլ թվում է՝ մի երկնային ուժ է մեջս առաջացել, եւ Հարութն իմ մեջ է, ես ինքն եմ: Նույնիսկ սկսում եմ իր պես մտածել, իր պես խոսել: Դա հիմնականում այն ժամանակ է լինում, երբ երեխաները կողքիս են: Ինձ թվում է, թե մեր ամբողջ ընտանիքն իր կազմով նստած է՝ առանց մաշեցնող բացակայի, եւ Հարութը ներկա է: Բայց երբ դուրս եմ գալիս տնից, ահավոր զգացողություններ եմ ունենում: Այն ժամանակ, երբ միասին դուրս էինք գալիս, կարծես աշխարհը փոքր էր ու իմ ձեռքերի մեջ: Ինձ աշխարհի տերն էի զգում: Իսկ հիմա ինձ թվում է՝ աշխարհն այնքան մեծ է, որ կուլ կտա ինձ…
Երբ երեխաներս կողքս են, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Ես աղջկաս մոտ չեմ արտասվում: Երբ իրենց հետ եմ լինում, մեջս ապրելու ցանկություն է առաջանում: Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ կյանքը կանգնել է, եւ ես միայն որպես Սառայի ու Ռուբենի մայր եմ ապրում… կանգնել է ու վերջ… Իսկ հիմա մտածում եմ, որ ոչ միայն երեխաներիս մայրն եմ, այլեւ հերոսի կին եմ ու չպիտի թույլ լինեմ:

Երկնքում էլ՝ բժիշկ

Երբ մենակ եմ մնում, իր հետ եմ զրուցում, իմ տված հարցերին պատասխանում եմ, ինչպես ինքը կպատասխաներ, անընդհատ հարցնում եմ՝ ի՞նչ անեմ, ճի՞շտ եմ անում, սխա՞լ եմ անում… օրվա անցուդարձն եմ գրում իրեն՝ ինչ եմ արել, ինչ ապրումներ ունեմ: Իր ներկայությունն ամենուր եմ զգում, մտածում եմ, թե ինչպես, օրինակ, կժպտար ինչ-որ արարքս տեսնելիս, ինչ կմտածեր, կբարկանա՞ր, թե՞ ոչ: Երեխաներին էլ անընդհատ պատմում եմ իր մասին… Սառային Հարութի մահից երկու օր անց բացատրել եմ, թե ինչ է տեղի ունեցել. պապան բարձրացել է վերեւ, Աստված իր մոտ է տարել, որովհետեւ շատ զինվորներ կան, որոնց պիտի ինքը բուժի: Եվ պապան վերեւից է մեզ հետեւում. լսում է մեզ, տեսնում է, թե ինչ ենք անում: Սկզբում անընդհատ հարցնում էր՝ բա ե՞րբ է իջնելու, ե՞րբ է զինվորներին բուժելու: Հետո, երբ տեսա, որ արդեն շատ է հարցեր տալիս, ասացի, որ էլ չի իջնելու, որովհետեւ զինվորները շատ-շատ են: Ասացի, որ տարիներ հետո մենք կբարձրանանք իր մոտ: Հիմա էլ այդ ուղղությամբ է սկսել մտածել, հարցնում է՝ բա տեսնես մենք ե՞րբ ենք բարձրանալու պապայի մոտ, ե՞րբ ենք իրեն տեսնելու: Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ հայրը չկա այլեւս: Նույնիսկ տան անդամները երբ լացում են, ասում է՝ մի՛ լացեք, պապան տեսնում է ձեզ: Իսկ Ռուբենը 5 ամսական է, ու հիմա նկարի միջոցով ենք փորձում ծանոթացնել՝ տե՛ս, պապան է: Տղայի հետ Հարութը չհասցրեց շփվել, 2 ամսական էր, երբ սկսվեց պատերազմը… շատ եմ ափսոսում… 

Մենք իրար շատ էինք սիրում… երջանիկ էինք: Այս տարի Հարութն ընդունվեց օրդինատուրա, ու մենք շատ-շատ էինք ուրախացել, մտածում էինք՝ վերջ արդեն, մեր երջանկության երկրորդ փուլն է սկսվում, քանի որ մինչ այդ երեք տարի Հադրութում էինք եղել, Հարութին գործուղել էին այնտեղ: Ինքը Հադրութի զորամասի բժիշկն էր… շատ դժվարություններ, հետո՝ հիվանդություններ: Ծրագրում էինք՝ ինչպես ենք մեր հանգիստն անցկացնելու, ամեն շաբաթ-կիրակի ուր ենք գնալու…

Ինչո՞ւ հենց Հարութը, ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ մենք

Այս հարցի պատասխանն առաջին օրվանից չեմ կարողանում գտնել: Երբ եկեղեցի էինք գնում, ամեն անգամ Աստծուն խնդրում էինք, որ պահի ու պահպանի մեր ընտանիքը. կարծես մեր փոքր երջանիկ անկյունն էինք ստեղծել, ու այդ անկյունում մեզ ուրիշ ոչինչ՝ ո՛չ հարստություն, ո՛չ ուրիշ բան, ոչի՛նչ, ոչի՛նչ պետք չէր… մենք հասկանում էինք, որ մեր ընտանիքը մեր ձեռքբերումների գագաթնակետն է, դրանից ավել մենք ոչինչ չենք ուզում, ուզում ենք ուղղակի երջանիկ ապրել… Այդ պատճառով էլ այդ հարցի պատասխանը չեմ գտնում…

Չգիտեմ… գուցե ինքը չափից դուրս բարի էր, ու այս աշխարհում իր համար տեղ չկար. միակ բացատրությունը դա է, չգիտեմ… ոչ մեկի երբեք վատություն չենք արել, թթու խոսք, երբեք… մեզ համար հանգիստ ապրող ընտանիք ենք եղել… բոլորին բուժում էր: Հադրութում այդպիսի ընտանիք չկա, որտեղ ինքը մտած չլինի, օգնած չլինի: Չգիտեմ… Հարութի դեպքից հետո «չգիտեմ» բառն ուղեկից է դարձել ինձ. անընդհատ ասում եմ՝ չգիտեմ, ու իրոք չգիտեմ՝ ինչու մենք ու ինչու ինքը:
Ես բարոյական իրավունք չունեի իրեն ասելու՝ մի՛ գնա Արցախ: Իհարկե, մտածում էի՝ բա որ գնա, բա ի՞նչ կլինի, ո՞նց կլինի, բայց համարձակությունս չհերիքեց իրեն ասեմ՝ մի՛ գնա, որովհետեւ գիտեի՝ ինչ է պատասխանելու: Ինքը չէր կարող չգնալ: Ասում էր՝ իմ 2 հազար զինվորներն ինձ են սպասում: Էլ ինչի՞ համար եմ ապրում, ինչո՞ւ եմ այսքան սովորել, որ պիտի չգնամ: Գնալուց մի օր առաջ էլ իմացել էր, որ ընկերներից մեկը զոհվել է, ու իր հետ նույնիսկ խոսել չէր լինում… այնքան հուզված էր, խառնված: Ժամ առաջ ուզում էր գնացած լիներ: Հրաժեշտի պահին ինքն ինձ սովորականից ամուր գրկեց, ես զարմացա՝ ինչո՞ւ է այսպես ամուր գրկում, մի քանի օրից հետ է գալու: 

Ինչպե՞ս չգժվեցի

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: Ես այդ օրն իր հետ չէի խոսել: Ինձ ասացին, որ հանգիստ լինեմ, իր հետ ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա: Առավոտյան սովորականի պես արթնացել էի՝ երեխաների հետ իմ առօրյա գործերով: Հետո դուռը ծեծեցին… իմացա այդ լուրը… մարմինս թուլացավ, կարծես գլխիս մեջ գերհզոր տեղեկատվություն լցրած լինեին, …չեմ լացել… ես ասում էի՝ սա լացելու ցավ չէ, ու իրոք, դա լացելու ցավ չէր: Լացում ես սովորական ցավից։ Դա ցավից դուրս մի ուրիշ բան էր. ես արցունքներ ուղղակի չունեի… Հետո ինձ թվաց՝ հիմա կգժվեմ, բայց հանկարծ տեսա Սառայի վախեցած աչքերը, միանգամից հավաքեցի ինձ, Սառային գրկեցի… չգիտեմ… ու մի քանի ժամ մտածում էի, որ ճի՛շտ չէ այդ լուրը, սո՛ւտ է, չե՛մ հավատում: Չգիտեմ… առաջին միտքը հենց դա էր. չպետք է երեխաներիս մոտ թույլ լինեմ: Հիմա մտածում եմ՝ ինչպե՞ս չգժվեցի: Երեւի Հարութն էր… կարծես մի մեծ չափաբաժնով ուժ ներարկած լինեին ինձ: Հետո, երբ իր մարմինը բերել էին, մտածում էի, որ սա իմ կյանքի վերջին հնարավորությունն է, որ իրեն տեսնելու եմ: Ամբողջ ընթացքում առանց լացելու իրեն եմ նայել… մտածում էի՝ մեկ է, ամբողջ կյանքս էլ լացելու եմ, ավելի լավ է իրեն վայելեմ… առանց արցունքների իրեն նայեմ, նույնիսկ այդ վիճակում…

Հարութի կին լինելը պատիվ ու կոչում է 

Հիմա ամեն ինչ կապված է երեխաներիս համար բարեկեցիկ ապագա ապահովելու հետ, որ ոչնչի պակաս չունենան, պիտի իմ ու Հարութի ծրագրերն իրականացնեմ: Ինքը երազում էր, որ ես, որպես կին, ուժեղ լինեմ, ու ես իր ցանկությունն իրավունք չունեմ չկատարելու: Երբ հիմա երեխաների հետ կապված հաջողություն է լինում, արցունքներն աչքերիս եմ դա ընդունում. մի կողմից ուրախություն է, մյուս կողմից՝ ցավ, որ ինքը չի տեսնում: 

Լացն ու տառապանքը՝ չափաբաժնով

Թույլ լինելու ժամերը երեկոյան 7-ից հետո են: Իր աշխատանքից վերադառնալու ժամն է, ու ես բնազդաբար երեւի իրեն եմ սպասում: Ինձ համար չափազանց բարդ է, քանի որ լացելն ու տառապելը չափաբաժնով պիտի հատկացնեմ ինձ: Նույնիսկ այդ հարցում չեմ կարող առատաձեռն լինել, քանի որ ես մայր եմ: Ես երբեք այսքան ուժեղ չեմ եղել… հա՛, մայրությունն է ինձ ուժեղ դարձրել ու այն, որ երեխաներս իմ պատասխանատվության ներքո են: Պահեր են գալիս, երբ թվում է՝ ինձ կորցնում եմ, ու այդ պահին մտածում եմ, որ Հարութին եմ դավաճանում: Մի մեծ պատասխանատվություն է թողել ինձ վրա. ե՛ւ իր, ե՛ւ իմ փոխարեն այդ ամեն ինչը պիտի անեմ:

Նեղացա՞ծ եմ Հարութից

Բացարձակ… բացարձակ նեղացած չեմ: Իհարկե՝ երբեմն բարկանում եմ՝ ինչո՞ւ թողեցիր ինձ մենակ, բայց հետո միանգամից ինձ սաստում եմ: Չէ՛, չեմ մեղադրում իրեն, դա շատ թուլացած պահերին է լինում… ինքն այնքան պատասխանատու մարդ էր, այնքան նվիրված էր, որ երբեք չէր ցանկանա մեզ մենակ թողնել: Իր հետ այս դժբախտությունը պատահել է, ես էլ իր կողքին պիտի լինեմ այս պահին: Եթե ես էլ ինձ կորցնեմ, նշանակում է՝ ես էլ իր կողքին չեմ…
Շատ դժվար է լինելու Ռուբենի համար, Սառան էլ է պատմելու, թե ինչպիսի հայր է եղել Հարութը: Ինքը շատ կափսոսա, որ հնարավորություն չի ունեցել զգալու գոնե այն, ինչը Սառան է զգացել: Հարութի կյանքի շարունակությունը Ռուբենի մեջ եմ տեսնում… նաեւ՝ իմ ու Սառայի: Իր անունը մենք ենք ապրեցնելու, մենք էլ իրենով ենք ապրելու: 

Երբ ցավը գալիս է, ուժն էլ հետն է գալիս

Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ կարող եմ երջանիկ լինել: Իհարկե՝ ուրախ պահեր լինելու են, բայց երջանիկ լինելու հնարավորություն ու ցանկություն չկա: Ինձ բաժին հասած երջանիկ կյանքը մինչեւ հոկտեմբերի 13-ն էր, դրանից հետո, որպես Արմինե, իմ կյանքը կանգ է առել: Հիմա փորձում եմ բավարարվել այն երջանիկ տարիներով, որոնք Հարութը տվել է ինձ: Մտածում եմ, որ երեւի ինձ բաժին հասած երջանկությունն էլ այդքանն էր: Այնքան բովանդակալից ու երջանիկ կյանք ենք ունեցել, որ թվում է, թե մի հավերժություն է դա եղել: Ուրախ եմ, որ գոնե Ռուբենին էլ հասցրինք ունենալ… ինձ երկու հրաշք տվեց, մի փոքր ապրելու ուժ տվեց, իր շարունակությունը թողեց: 
Մինչեւ նոյեմբերի 9-ը ես մտածում էի, որ երբ պատերազմն ավարտվի, երեխաներիս հետ կգնանք Հադրութ, Հարութի կարոտն այնտեղից կառնենք, երեխաներիս կասեմ՝ ձեր հայրն է այս հողի համար պայքարել… այդ թուղթը ստորագրելու օրը ես Հարութի մահը երկրորդ անգամ վերապրեցի: Նույն ցավը երկրորդ անգամ էլ զգացի: Կարծես հաղթանակն իր կորստի արդարացումն էր մեզ համար»: 

ՀԳ. Ռազմական բժիշկ, կապիտան Հարութ Չոբանյանը զոհվել է Հադրութում՝ վիրավոր զինվորներին հոսպիտալ տեղափոխելիս դիպուկահարի կրակոցից՝ բուժակի եւ վարորդի հետ միասին:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ