Պատասխանատուն, մեղավորն ու մանիպուլյանտը

Պատասխանատուն, մեղավորն ու մանիպուլյանտը

Փաշինյանին հիշեցնեմ իր մի հայտարարությունը, եւ առաջ գնանք. «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Ասեմ նաեւ, որ նա այս մասին հայտարարել է բանավոր, ավելին՝ բաց տարածության մեջ, Երեւանի գարնանային պարզ երկնքի տակ: Այսօր նա, բնականաբար, չի կարող նման հայտարարություն անել, որովհետեւ դա կդիտվի որպես խելագարի բացականչություն: Եթե կա մեկն այսօր, որ չի կարող Հայաստանի վարչապետ լինել, դա հենց Նիկոլ Փաշինյանն է: Երկուսուկես տարի առաջ էլ այդ հայտարարությունը խելագարի բացականչություն էր, բայց կար մի նրբություն՝ ժողովուրդն աջակցում էր Փաշինյանին եւ նրան վարչապետ էր կարգել հրապարակում: Հետո ժողովրդի կամքը թելադրվեց ԱԺ պատգամավորներին, հետո էլ տեղի ունեցան փողոցի տրամաբանությանը հարիր էյֆորիկ ընտրություններ, որոնց մասնակցեց մեր երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 41 տոկոսը: Փաշինյանն իր գլխավորած քաղաքական ուժով մասնակիցների 70 տոկոսի չափ ձայն ստացավ: Այդ ընտրությունների արդյունքները ոչ ոք չվիճարկեց: Բայց դա չարվեց ոչ թե այն պատճառով, որ խախտումներ չկային, այլ այն, որ Փաշինյանի ճղճղոցը լսելու հավես չէր մնացել այլեւս: Ո՞ւմ համար պարզ չէր, որ դրանք դարձան ԱԺ աննախադեպ ընտրություններ, որոնց ժամանակ ընտրողները քվեարկում էին ոչ թե քաղաքական ուժի օգտին, այլ Փաշինյանի՝ «դուխով» մակագրությամբ կեպիի: «Իմ քայլի» այսօրվա պատգամավորներին մեր ժողովուրդը հաստատ չի ճանաչել: Իսկ եթե չի ճանաչել, ապա ինչպե՞ս է ընտրել: Հարցն այլ կերպ տամ՝ այսօր, երբ ժողովուրդը լավից-վատից դեբիլոկրատների այդ բիոմասսային ճանաչում է, վաղը կընտրի՞ նրանց: Այնպես որ, ամփոփելով 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարելի է արձանագրել՝ այդ ընտրություններով ինչ-որ մեկը խաբեությամբ գողացավ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը, եւ այդ ինչ-որ մեկը նա էր, որ հայտարարում էր, թե Հայաստանը վարչապետ չի ունենա, եթե ինքը չլինի վարչապետ:

Իսկ հիմա այս խորհրդածությունները թողնենք անցյալում եւ փորձենք հասկանալ, թե ինչ նոր մանիպուլյացիա է մտածել Փաշինյանը՝ վարչապետի աթոռին իր մնալն արդարացնելու համար: Ասում եմ՝ մանիպուլյացիաներ, որովհետեւ այն իրավիճակում, որի մեջ հայտնվել է Հայաստանը, վարչապետի աթոռին մնալու ոչ մի շանս չի տալիս իրեն: Կարծում եմ՝ ինքն էլ է հասկանում դա եւ ուրեմն՝ ունի լրջագույն պատճառներ (մեզնից գաղտնի), որ չի կարողանում հրաժարական տալ:

Եվ այսպես՝ մանիպուլյացիա առաջին. «Խնդիրը ոչ թե այն է՝ ես հրաժարական կտամ, թե ես հրաժարական չեմ տա, խնդիրն այն է, թե ժողովուրդը կկորցնի՞ իշխանություն ձեւավորողի իր կարգավիճակը, թե՞ կպահպանի»: Քաղաքագիտական մտքի ասպարեզում երբեւէ փայլատակում չունեցած Փաշինյանը, եթե նկատեցիք, փորձել է քաղաքագիտական միտք արտահայտել, ինչը, իհարկե, չի ստացվել: Բանն այն է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ՀՀ բոլոր սահմանադրություններով իշխանություն ձեւավորելու կարգավիճակ ունեցել է բացառապես ժողովուրդը: Էլ չասեմ, որ Փաշինյանը տակավին երկու կոճականի շալվար էր հագնում, որ Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարումը, եւ ժողովուրդը ոչ միայն համապետական, այլեւ տեղական ընտրություններով իշխանություն ձեւավորելու կարգավիճակ ստացավ:

Մանիպուլյացիա երկրորդ.  «Նրանք (ընդդիմությունը՝ Էդ. Ա.) ունե՞ն որեւէ փաստ, որ իմ վարչապետության օրոք թեկուզ մի ձայնի կեղծիք տեղի է ունեցել որեւէ ընտրությունում»: Փաշինյանի «փողոցով վարչապետության» օրոք, եթե չեմ սխալվում, տեղի են ունեցել բացառապես ՏԻՄ ընտրություններ, որոնք, գրեթե առանց բացառության, ուղեկցվել են աղմուկ-աղաղակով, սեւի ու սպիտակի տարանջատման համատեքստում, կեղծ քարոզչության ճնշման տակ: Ի դեպ՝ Փաշինյանի վարչապետության օրոք բոլոր այդ ընտրությունների, ներառյալ նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ամփոփել է Տիգրան Մուկուչյանը, մարդ, որ երբեք իրեն թույլ չի տա ժողովրդից խլել իշխանություն ձեւավորելու կարգավիճակը: Հուսամ՝ Փաշինյանը համոզվել է դրանում: Ուզում եմ ասել, որ Փաշինյանի այս մանիպուլյացիան այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ինքն է հավատացել իր ասածին ու ծավալվել ավելի հեռուն. «Մենք գիտենք, որ այն ուժերը, որոնք ուզում են, այսպես ասած, խլել ժողովրդի իշխանությունը, նրանք իրենց գործունեության ողջ ընթացքում զբաղված են եղել ընտրակեղծիքներով եւ իշխանությունը պահել են ընտրակեղծիքներով: Ի վերջո, եթե ժողովրդի ձայնը կկեղծվի, ժողովուրդը գիտի ինչ անել»: Այստեղ էլ հակառակի պես մի ուրիշ հարց է ծագում՝ իսկ ժողովուրդը չգիտի՞ ինչ անել այն իշխանության հետ, որ 2.5 տարում չի կատարում իր որեւէ խոստում, տապալում է երկրի արտաքին քաղաքականությունը, խայտառակ պարտություն կրում մի հակառակորդից, որին այդ նույն ժողովուրդը ծնկի էր բերել ժամանակին, եւ ժողովրդից ծածուկ ստորագրում մի կապիտուլյացիոն համաձայնագիր, որով թշնամու տիրապետության տակ են անցնում ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ նորանոր տարածքներ Արցախում եւ Հայաստանում:

Մանիպուլյացիա երրորդ. «Ըստ էության, ի՞նչ է առաջարկվում, ասվում է, որ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը չձեւավորի իշխանություն, այլ իշխանությունը ձեւավորեն ինչ-որ էլիտար խմբեր՝ փակ սենյակներում, փակ ակումբներում, փակ որոշումների հիման վրա: Սրանում է ամբողջ պրոբլեմը»: Կարելի է ասել, որ սա նույնիսկ մանիպուլյացիա էլ չէ, այլ պարզունակ սուտ: Ոչ ոք նման բան չի ասել եւ չի պատրաստվում անել: Ընդդիմության որոշումներն այսօր կայացվում են փողոցներում եւ հրապարակներում, իսկ հանրությունն էլ շատ լավ ճանաչում է թե՛ Վազգեն Մանուկյանին, թե՛ այն ուժերին, որոնք իսկապես ունակ են երկիրը դուրս բերել այս ծանր իրավիճակից: Իսկ ինչ վերաբերում է իշխանություն ձեւավորելու ժողովրդի կարգավիճակին, ապա այն դեռ պետք է վերականգնել այն ավերներից հետո, որ հասցրեց Փաշինյանի, այսպես կոչված, լեգիտիմ իշխանությունը: Խնդիրն այսօր փրկության դուռը գտնելն է, մինչդեռ գործող իշխանությունն ամեն օր Հայաստանն ավելի է ընկղմում քարանձավի մթության մեջ:

Մանիպուլյացիա չորրորդ. «Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ կայունացնելու եւ Հայաստանում կայունացնելու վրա եւ մտածենք հետագա անելիքների մասին»: Քաղաքագիտության մեջ սրան ասում են՝ իշխանությունը (Նիկոլը) «զադնի» է դնում, պատրաստակամ է զիջումների: Այդ ինչո՞ւ հանկարծ հիշեց էշը ցեխից միասին հանելու մասին: Եվ ո՞ւմ հետ է պատրաստվում դա անել՝ այն ուժերի՞, որոնց ներկայացուցիչներից շատերն այսօր էլ քաղաքական հետապնդումների տակ են, այն ուժերի՞, որոնց քաղաքական աղբանոցում հայտնվելու հեռանկար էր խոստանում, այն ուժերի՞ն, որոնց ներկայացուցիչներին ծնկի վրա ստորագրած հրամանագրերով էր պաշտոնանկ անում: Եվ ուրեմն՝ ո՞վ է միասին աշխատելու առաջարկ անող Փաշինյանը, եթե ոչ մի վերջացած ցինիկ, որ ամեն տեղ պառակտում առաջացնելուց, երկիրը կործանման դուռը հասցնելուց հետո միայն հիշել է միասնականության եւ համագործակցության մասին:

Մանիպուլյացիա՝ գլխավոր. «Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը եւ թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք, որովհետեւ ես շատ պարզ հարց եմ տալիս, մեզ ասում են՝ բա ինչի՞ էս 2,5 տարվա ընթացքում էս հարցը չի լուծվել, եւ թվարկում են 30 տարվա օրակարգ: Այո, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, եւ ես ստանձնում եմ այդ պատասխանատվությունը, բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն»: Պարզվում է՝ Փաշինյանը նույնիսկ բառախաղի վարպետ չէ:

Բանն այն է, որ թիվ մեկ պատասխանատուն միշտ նաեւ թիվ մեկ մեղավորն է, եթե տվյալ «մեղքը» գործվում է նրա պատասխանատվության շրջանակներում: Չգիտեմ, ճիշտն ասած՝ կարո՞ղ է արդյոք թիվ մեկ պատասխանատուն՝ վարչապետը, մեղավոր, առավել եւս առաջին մեղավոր չլինել երկրի արտաքին քաղաքականության տապալման, հարեւան երկրի հետ պատերազմ սկսվելու, թշնամու հետ գաղտնի պայմանավորվածությունների, խայտառակ «զինադադար» կնքելու, երկրի քարտեզը թշնամու հովիվների միջոցով ձեւախեղելու եւ վերջապես՝ զորքն ու սգացող ժողովրդին անտեր թողնելու գործում: Քիչ է մնում հարցնեմ՝ իսկ էս անտեր երկրում թիվ մեկ մեղավոր կա՞, թե՞ չկա:
Ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ: Կարո՞ղ եմ հարցնել՝ ինչի՞ պատասխանատուն ես, էն էլ՝ թիվ մեկ: Դու երբեւէ իմացե՞լ ես, թե ինչ է պատասխանատվությունը: Մտածիր, հետո խոսիր: