Հուսով եմ՝ ձեր ձայնը երբ տաք, անկախության պատին ամեն օր նոր քար կդնենք․ Աշոտ Աղաբաբյան

Հուսով եմ՝ ձեր ձայնը երբ տաք, անկախության պատին ամեն օր նոր քար կդնենք․ Աշոտ Աղաբաբյան

«Երբ Հայաստանն ու Արցախը անկախություն ստացավ, 4 տարի պատերազմի մեջ էր: Երբ ստորագրվեց զինադադարի պայմանագիր, 26 տարի խաղաղություն էր՝ չհաշված քառօրյա պատերազմը: Արցախի եւ Հայաստանի նման երկրների համար խաղաղությունը միայն մի բանի համար է՝ պատրաստվել նոր պատերազմի: Եթե մենք դա հասկանանք, պատերազմ չի լինի: Եթե ոչ՝ անկախությունը վտանգի տակ կհայտնվի: 26 տարի մենք ի՞նչ արեցինք: Ի՞նչ ենք մենք արել մեր անկախության համար: Հռչակագիրը մի բան է, անկախությունը պահպանելը՝ այլ բան»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է ավագանու թեկնածու, գրող Աշոտ Աղաբաբյանը։

«Հավերժ սեփականություն չի անկախությունը, դա կադաստրից ստացած սեփականության վկայական չէ, որ դնես բարձիդ տակ ու հանգիստ ապրես, պիտի ամեն օր մի քար դնես ու շաղախես դա: 26 տարի տեսանք ինչ եղավ՝ բանակի բարոյական անկում, Ղարաբաղի առաջնագծում երբեմն մարտական զինվորը, տանկիստը, աշխատում էին որպես անասնապահ: Որոշ գեներալներ, որպես պատերազմի ավար ունեին մեծ քանակի անասնագլխաքանակ, այդպես սկսվեց հյուծվել բարոյական առումով մեր բանակը: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, գիտենք ով է մեր թշնամին: Հետո եկան նորերը: Մինչեւ վերջին պատերազմը խոսեցին խաղաղության մասին, բայց մենք գիտենք, որ բռունցք արած ձեռքը չեն սեղմում ու դրա արդյունքը 44 -օրյա պատերազմն էր: Ունենք այն, ինչ ունենք, բայց ի՞նչ ունենք: Երբեմն ասում ենք ամեն ինչ կորսված է, բայց ապագան դեռ մնում է: Հուսով եմ, ձեր ձայնը երբ տաք, անկախության պատին ամեն օր նոր քար կդնենք»,- հավելել է նա։