Երբ նպատակն արդարացնում է միջոցները

Երբ նպատակն արդարացնում է միջոցները

Երեւանի ավագանու ընտրությունները սպառնում են դառնալ մեր անկախության պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները: 14 քաղաքական ուժերից միայն մեկ-երկուսի ինչ լինելն է հայտնի: Երեկ քարոզարշավը մեկնարկեց, բայց մյուսները դեռ փորձում են ապացուցել, որ իրենք ընդդիմադիր են: Ու քանի որ չի ստացվում, հավարը գցում են խորհրդարանական ընդդիմությանը, որ վերջինս միանա իրենց: Մանե Թանդիլյանը` մի կողմից, Հայկ Մարությանը` մյուս կողմից… Եվ, պատկերացրեք, անհամեստության ավելցուկից չեն նեղվում: Խորհուրդս․ նախ կողմնորոշվեք` ընդդիմադի՞ր եք, թե՞ ընդդիմադիր չեք: Եվ ապա՝ ի՞նչ կտա ձեզ այն ընդդիմությունը, որի մասին խոսելիս հայտարարում եք, որ այն չկա, պառակտված է, չգիտեմ որ ջհանդամում է: Ախր շատ անտեղյակ եք ամեն ինչից, այդ թվում՝ երկրի քաղաքական դաշտը հավուր պատշաճի պատկերացնելուց: Բա որ մի հատ էլ դրոշակ ունենայիք, ի՞նչ կանեիք:
Մանե Թանդիլյանի հանդեպ որդիական սիրով լցված մի գրագետ, օրինակ, գրել է. «Ընդդիմությունը չհայտարարեց ավագանու ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին»: Բա եղա՞վ: Ընդդիմությունը, բարեկամ, հստակ հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Նաեւ իր պատճառաբանություններն է բերել՝ թե՛ օրվա առաջնահերթությունների եւ թե՛ երկրի իշխանությունների՝ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու կամքի բացակայության հետ կապված: Ընդդիմությունը նաեւ նշել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունները պետք է քաղաքականացնել եւ ոչ մի պարագայում չսպասարկել իշխանության օրակարգը, որի նպատակը հանրության ուշադրությունը մեր գոյաբանական խնդիրներից շեղելն ու գործող իշխանության կյանքի երկարաձգումն է:

Մեկ էլ ընդդիմությանը խորհուրդ են տալիս միավորվել «Մայր Հայաստան» դաշինքի շուրջ, բայց չքննադատել Մանե Թանդիլյանին ու նրա «Ապրելու երկիրը»: Սա արդեն լրիվ նոր բան է ոչ միայն ընդդիմության պատմության, այլեւ քաղաքագիտության մեջ: Սա այն ընդդիմության վերջն է, որ հանկարծ կորոշի շարժվել կողմնակի անձանց խորհուրդներով: Ոնց որ ընդդիմությանն ասես՝ այստեղից վեր կաց, այնտեղ նստիր: Իսկ գուցե թողնենք՝ ընդդիմությունն ի՞նքը որոշի՝ ինչ անել այս իրավիճակում, երբ այլեւս հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի կազմակերպած էշի հարսանիքին; Չէ, ինչպե՞ս կարելի է ընդդիմությանը հանգիստ թողնել, պիտի բզբզեն, չէ՞: Իրենք եկել, մասնակցում են այդ հարսանիքին, որտեղ պարզ չէ, թե ովքեր են իշխանական դրածոներ եւ ովքեր՝ ընդդիմություն, բայց ընդդիմությունից են պահանջում կողմնորոշվել, սատարել այս ուժին, չքննադատել մյուսին, առավել լոյալ գտնվել երրորդի նկատմամբ: Մի հատ էլ խորհուրդ տայիք, թե ՔՊ-ի հարցում ինչպես վարվի ընդդիմությունը:

Բայց եկեք ես ձեզ հանգստացնեմ: Ընդդիմությունը ձեռքերը ծալած չի նստելու: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունը կլրացնի իրեն հասանելիք բոլոր տեղերը: Սա արդեն իսկ մեծ աջակցություն է բոլոր մարդ-կուսակցություններին, որոնք իրենց առաջնորդներին գրկած՝ շտապել են Նիկոլի հարսանիքին: Տեղամասերում ընտրական արդյունքները, կարող եք հանգիստ լինել, չեն կեղծվի: Միանգամայն այլ խնդիր է, թե ինչպես կաշխատեն դրսում հարսանքավորները, ինչ խախտումներ կարձանագրեն, քանի ՔՊ-շնիկի կհանձնեն դատախազին: Ձեզ պետք են վստահված անձի՞նք: Հարց չկա, դիմեք ընդդիմությանը, եւ ձեզ կապահովեն ոչ միայն վստահված անձանցով, այլեւ՝ դիտորդներով, լրատվամիջոցներով ու մյուս անհրաժեշտ բաներով: Ընդդիմությունը ձեզ վստահեցնում է՝ այս ընտրությունները կեղծվելու են, Փաշինյանն ատամներով է պահելու Երեւանը: Պատրա՞ստ եք հետընտրական գործընթացների: Տիկին Թանդիլյան, մեկը՝ Դուք, Հայկ Մարության՝ դու, Արզաքանցյան Տիկո՝ դու: Տիկին Թանդիլյան, եթե պետք է սպասեք, որ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց տա Caucasus Watch-ին ու դատապարտի ընտրությունները, ապա ամեն ինչ կարող է գրողի ծոցը գնալ: Գիտությունով չալելու տեղ այլեւս չկա: Նիկոլի հաղթանակն այս ընտրություններում նշանակում է Արցախի հարցի վերջնական փակում, Հայաստանի ապագայի խոր ճգնաժամ: Պատրա՞ստ եք Հայկ Մարությանի, Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի ու կոլոտ Հովոյի հետ փողոց իջնել: Քավ լիցի, ես Ձեզ չեմ համեմատում նրանց հետ, այլ ընդամենը կոչ եմ անում՝ մի քիչ համեստություն ցուցաբերել ընդդիմությանը ճանապարհ ցույց տալու հարցում:

Վերջում կուզենայի երկու խոսք ասել «Մայր Հայաստան» դաշինքի եւ ընդդիմության հնարավոր համագործակցության մասին: Ես հո գիտեմ, որ բոլորը դրան են սպասում: Ահա թե ինչ կասեմ ձեզ՝ «Մայր Հայաստան» դաշինքի ձեւավորումը երբեք չնույնացնեք «Հայաստան» դաշինքի պառակտման հետ: Այն, որ Անդրանիկ Թեւանյանը վայր դրեց մանդատը եւ նոր միայն ձեւավորեց այդ դաշինքը, խոսում է ԱԺ «Հայաստան» խմբակցության միասնականության մասին: Ոչ մի խնդիր չկա, թող նա փորձի իր մասնակցությամբ քաղաքականացնել այս ընտրությունները, հականիկոլական եւ հակաքպական տրամադրություններ գեներացնել, համագործակցության եզրեր գտնել այն ուժերի հետ, որոնք այս հարսանիքում ներկայացված կլինեն ազգային տարազով: Ընդդիմությունը միայն կողջունի դա, հարկ եղած դեպքում էլ մարդուժով եւ իր գաղափարական լծակներով կսատարի նրան: Որքանով ինձ հայտնի է՝ փաշինյանական եւ ՔՊ-ական այլանդակությունների արձանագրման դեպքում Թեւանյանը պատրաստ է նաեւ հետընտրական պայքարին՝ փետրվարի 18-ից սկսած: Այսքանով հանդերձ, սիրելի բարեկամներ, մի շտապեք ընդդիմությանը խորհուրդ տալ, թե ում շուրջ համախմբվեն եւ ում հանդեպ ներողամիտ գտնվեն: Թերեւս ճիշտն այն կլիներ, որ ընդդիմությունից խորհուրդ հարցնեիք՝ ի՞նչ անենք, որ Երեւանի ընդդիմադիր հատվածն ավելի ակտիվանա եւ իշխանությանը զրկի քաղաքապետ նշանակելու խայտառակ մենաշնորհից: