Բոլոր թեկնածուները պետք է խոստանան, որ նիկոլական կոալիցիայի անդամ չեն դառնա

Բոլոր թեկնածուները պետք է խոստանան, որ նիկոլական կոալիցիայի անդամ չեն դառնա

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, ժամանակին հայտնի «չորրորդ խոսափող» Արշակ Սադոյանը վերջին շրջանում փորձում է համախմբել արտախորհրդարանական ուժերին, նոր հարթակ ձեւավորել, պայքար սկսել: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

- Դուք կոչ էիք անում արտախորհրդարանական ուժերին՝ համախմբվել մի գաղափարի շուրջ, ընտրել քաղաքապետի միասնական թեկնածու եւ միասին մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին, սակայն, ինչպես տեսանք, Ձեր առաջարկը չընդունվեց, որեւէ կուսակցություն չհամաձայնեց միասնական ճակատով հանդես գալ ընտրություններին: Ինչո՞ւ:

- Այո, մենք դեռեւս շաբաթներ առաջ առաջարկել էինք, որ բոլոր այն ուժերը, որոնք կարծում են՝ այսօրվա դժբախտությունների պատճառն այս իշխանությունները` նիկոլականներն են, համախմբվել, գնալ ընտրությունների միասնական: Մեր երկիրը, ներառյալ Արցախը, անդունդն է գլորվում: Միասնական պայքարով կարող էինք հակահարված տալ ՔՊ-ին: Նիկոլն արդեն ոչ մեկի աջակցությունը չի վայելում, նրանից հիասթափվել է ժողովուրդը: Այս տարբերակով ՔՊ-ին կասեինք «ոչ»: Սա, ըստ էության, «ոչ»-ի եւ «այո»-ի հանրաքվե կարող էր լինել: Այդ առաջարկությամբ մենք դիմել էինք գրեթե բոլորին, հավաքվեցինք, հարցեր քննարկեցինք տարատեսակ, սակայն, ցավոք սրտի, ներքին տարաձայնությունները թույլ չտվեցին, որ գաղափարը կյանքի կոչվի: Ամեն մեկն իր մասին մտածեց: Ցավալի սովորություն է սա դարձել: Այդկերպ իշխանությունները չէին կարող իրենց վարչական լծակների կիրառմամբ ընտրություններում հաղթել:

- Այսպիսով որոշեցիք ընտրություններին չմասնակցել:

- Մենք առաջարկություն արեցինք հստակ: Կան տարբեր կուսակցություններ, որոնք մեծ ֆինանսական հնարավորություններ չունեն, եւ, անկեղծ ասած, իմաստ էլ չկա ձայները կտոր-կտոր փոշիացնել: 2021 թվականի ընտրությունները մեզ համար օրինակ են: Խորհրդարան անցան ընդամենը երեքը` բազմաթիվից: Ի՞նչ իմաստ ունի հենց այնպես, միայն երեւալու համար մասնակցել ընտրություններին: Ի՞նչ է դա տալու մեզ կամ երեւանցիներին: Բոլոր կուսակցությունները, ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, պարտավոր են իրենց դիրքորոշումը հայտնել այս իշխանությունների նկատմամբ, իսկ ահա հասարակությունը պետք է ընտրի այն ուժին, որը երբեք ու երբեք չի համաձայնի դառնալ նիկոլական կոալիցիայի անդամ:

- Շաբաթ օրն էլ մամուլի ասուլիս էիք հրավիրել:

- Այո, հրավիրել էինք ասուլիս, ներկայացրինք մեր տեսակետը` վերահսկողական շտաբ ստեղծելու անհրաժեշտության մասին: Կոչ արեցինք, որ հասարակական-քաղաքական ուժերը` անկախ հայացքներից, արեւմտամետ, թե ռուսամետ, ջանքերը համատեղեն եւ ապահովեն վերահսկելի ընտրություններ: Նրանք, ովքեր կհայտարարեն, որ չեն ստորանա եւ նիկոլական կոալիցիայի մաս չեն դառնա, գուցե կարողանան մի բանի հասնել: Ասուլիսի ժամանակ էլ հենց այդ մասին խոսեցինք: Հաջորդ շաբաթ եւս ասուլիս ենք հրավիրել, հրավիրում եմ բոլորիդ:

- Կա՞ մի թեկնածու, ուժ, կուսակցություն, որի հետ հույսեր եք կապում եւ աջակցում եք:

- Ամբողջ խնդիրն այն է, որ մենք հստակ առաջարկությամբ ենք հանդես եկել: Մեր նախաձեռնող խումբը հատուկ առաջարկել եւ շարունակում է առաջարկել, որ չպետք է շեշտվեն, թե առաջնությունն ում ենք տալիս, եւ միայն քվեարկության ժամանակ ամեն մեկն իր թեկնածուին կքվեարկի: Ես միայն մեկ բան կարող եմ ասել, որ բոլոր թեկնածուները պետք է խոստանան, որ իշխանական կերակրատաշտից չեն օգտվելու, չեն ծախվելու: