Ինչու Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները հրաժարվեցին այցելել Շուշի

Ինչու Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները հրաժարվեցին այցելել Շուշի

Ադրբեջանում Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Այսօր Շուշիում ներկա չեն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, նրանք արհամարհել են Ադրբեջանի կառավարության հրավերը»,- Շուշիում համաժողովի ժամանակ դժգոհել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել այս քայլը:

-Ըստ Ձեզ դեսպանների այս քայլն ինչ է նշանակում:

-Դեռևս օրեր առաջ արդեն Ադրբեջանը իր ոճի մեջ հայտարարում էր, որ կոնֆերանս է լինելու՝ միջազգային, հրավիրված են լինելու տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Այսօր առավոտյան արդեն ականատես եղանք, որ այդ կոնֆերանսի մեկնարկին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ 60 երկրների ներկայացուցիչներ են Շուշիում: Իհարկե, միակ ողջունելի բանն այն էր, որ ԱՄՆ-ի և ֆրանսիայի դեսպանները, փաստորեն, չեն մերժել, բայց նաև չեն ընդունել Ադրբեջանի առաջարկը: Կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ, որ Ֆրանսիան, ի տարբերություն մնացած եվրոպական երկրների, որոնք ուղղակի սահմանափակվել են միայն կոչերով, կամ լռությամբ, կամ երկու կողմերին հորդորելով պահպանել հանդարտությունը: Ամեն դեպքում պատերազմից հետո Ֆրանսիայի՝ և սենատից, և պառլամենտից եկել են Արցախ, տեղում են ծանոթացել իրավիճակին, եղել են նաև  պատերազմի ժամանակ, նաև հանդիպում են ունեցել Արցախի խորհրդարանի հետ: Դրանով իսկ ցույց տալով, որ իրենք ընդունում կամ ճանաչում են Արցախի խորհրդարանը՝ որպես հանրապետության մասնիկ, ինստիտուտ: Եվ պատերազմի ժամանակ էլ, գոնե ինչ-որ գործուն քայլեր, եթե կարելի է համարել դրանք գործուն, ամեն դեպքում Ֆրանսիայի կողմից ենք տեսել: Մենք համարում ենք, որ Ֆրանսիան ևս բարեկամ պետություն է, իհարկե, նաև ինքն իր քաղաքական շահերն ունենալով, ակնհայտ այսօր չի կանգնում Արցախի կամ Հայաստանի կողմը, ամեն դեպքում գոնե թշնամաբար կամ նման մյուս պետություների նման չի վերաբերվում: ԱՄՆ-ի դեսպանի այդ քայլն էր նորություն, որ չի այցելել Շուշի: Սա էլ կարելի է մեկնաբանել օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի փոփոխությունը և նաև արած հայտարարությունը, րր, փաստորեն համարում են, որ հակամարտությունը ավարտված չէ պատերազմով, և դեռևս բանակցային սեղանի շուրջ պիտի վերջնական Արցախի կարգավիճակը որոշեն: Չեմ համարում սա մեծ հաջողություն, բայց ամեն դեպքում սա մի փոքր հույս է ներշնչում, որ միգուցե այդ քաղաքականության մեջ ինչ-որ մի բան է փոխվել և հնարավոր է, որ  իրենք նաև տեսնում են իրենց երկրի, պետության շահը այս գործողություններում: Դա  միանշանակ ողջունելի է, որովհետև, այսօր նաև քննարկում էինք, որ Արցախում էլ լուրջ չեն վերաբերվել այն օրենքին, որ Ազգային Ժողովը ընդունեց՝ բռնազավթած տարածքների մասին, և արդեն որերորդ դեպքն է, երբ մեր բռնազավթված տարածքներ են մտնում այլ երկրից օտար մարդիկ և դատախազությունը քրեական գործ չի հարուցում: Առաջարկել ենք իրենց, հորդորել ենք անպայման կիրառել օրենքները, որովհետև մենք ականատես էինք 30 տարի շարունակ Ադրբեջանի սև ցուցակին:

-Ի՞նչ սպասել ադրբեջանական կողմից: Ինչպե՞ս կարձագանքեն դեսպանների այս քայլին, հնարավո՞ր է պահանջեն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կառավարություններից հետ կանչել իրենց դեսպաններին:

- Լավ ծանոթ լինելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, այո, իհարկե կարելի է սպասել ամեն ինչ, նաև անհեթեթ պատժամիջոցներ, որոնք կարող են նաև իրենք կիրառել: Սա առաջին դեպքը չի, 30 տարի շարունակ մենք տեսել ենք, ինչպես են իրենք նույնիսկ զբոսաշրջիկներին իրենց սև ցուցակներում համալրել, երբ այցելել են Արցախ: Դրանով միշտ փորձել են վախ ներշնչել: 

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց այս օրերին որոշեցին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները արհամարհել Ադրբեջանի հրավերը, երբ հերթական անգամ Ադրբեջանին հաջողեց Արցախի ևս մեկ շրջան՝ Քաշաթաղի կարևորագույն մասը վերցնել իր ենթակայության տակ:

-Կարծում եմ, որ նախ ներկայիս ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, որի մեջ  լուրջ գործոն են դարձել Արցախն ու Հայաստանը: Պատճառը միայն դա կարող է լինել: Կարող է լինել նաև այն հանգամանքը, որ ինչ-որ անհամաձայնություններ կան, կամ էլի սկսվել է ինչ-որ մի հարց, որտեղ պիտի Ամերիկան՝ չեմ ասի պատժամիջոցներ, բայց ինչ-որ խնդիրներ առաջացնի Թուրքիայի համար, ինչին մենք ականատես ենք եղել միշտ: Ես չեմ ասում դա վատ է, դա լավ բան է: Ցանկացած դեպքում դա մեր դիվանագետները՝ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, անպայման այստեղ պետք է տեսնեն այն անցքերը, որտեղ մեր շահերն են, և անպայման օգտագործեն իրենց դիվանագիտական քայլերով: Ինչը դեռևս չենք տեսել: Առավոտվանից հետևում եմ լրատվամիջոցներին, որ ինչ-որ մի արձագանք կլինի այս պատվիրակությունների այցի հետ կապված Շուշի, բայց քար լռություն՝ թե Արցախի, և թե Հայաստանի իշխանությունների կողմից: Ամեն դեպքում, երևի մտածում են ոչ աշխատանքային օր է և  արձագանքելը ժամանակին չի: Բայց աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ այլևս ժամանակ հասկացությունը շատ փոխվել է ու պետք է շատ արագ արձագանքել: Հենց դրանով պետք է մեր դիվանագիտությունը տարբերվի: