Հետնիկոլական իշխանության ծրագրի տեսլականը 

Հետնիկոլական իշխանության ծրագրի տեսլականը 

Նախկինում Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերության, այնուհետև Հանրայինի հաղորդավար Պետրոս Ղազարյանը Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանից հարցազրույց վերցնելիս եթերային ժամանակի կեսը ծախսել է՝ փորձելով նրանից ապագա կառավարության ծրագրի մանրամասներ պարզել: Դրա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Անկախություն» շարժումը նախաձեռնած Էդգար Ղազարյանը՝ դժգոհելով նման աշխատաոճից: Բնականաբար, ով էլ լիներ Էդգար Ղազարյանի տեղը՝ կդժգոհեր: Բայց նախքան այդ թեման շարունակելը՝ մեկ-երկու խոսք Պետրոսի և նրա հաղորդումների մասին: 

Ես Պետրոսի հաղորդումները համարյա չեմ նայում: Համարյա, քանի որ կարող է այնպես պատահել, որ տարվա մեջ մեկ-երկու հաղորդում դիտեմ կամ մեկ հաղորդում՝ մեկ-երկու տարվա ընթացքում: Եվ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ով է եղել հյուրը կամ ինչ է խոսվել: Պատճառն այն է, որ երբ ինքը «Կենտրոնում» քլնգում էր սրան կամ նրան՝ հատկապես ընդդիմադիր գործիչներին, իսկ հետո խեղճանում գործատուի առաջ՝ երբ հարցազրույցի նպատակով «հյուրընկալվում» էր նրա ամրոցում, դա ինձ համար՝ որպես նախկին լրագրողի, բավական տհաճ էր, և այդ ժամանակվանից դադարեցրի նրա հաղորդումները նայելը: Ինչևէ, անցնենք հետնիկոլական իշխանության ծրագրին, որի վերաբերյալ Էդգար Ղազարյանին անընդհատ հարց է տվել Պետրոսը: Ասեմ, որ Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո իմ ողջ հրապարակախոսական էներգիան ներդնելու եմ մեկ հարցում՝ չեղարկել տալ վերջինիս օրոք ընդունված համարյա բոլոր ներքաղաքական օրենքներն ու որոշումները:

Համարյա բոլոր, քանի որ, որպես նախկինների դեմ երկու տասնամյակ պայքար մղած անձ, կասկածում եմ, թե կգտնվի այնպիսի ոլորտ կամ այնպիսի օրենք կամ որոշում, որ ընդունվել է Նիկոլի օրոք և կարող է ծառայել մեր պետության շահերին: Օրինակ՝ ամենավերջին օրենսդրական առաջարկությունը 24 միլին դրամով բանակից ազատվելու վերաբերյալ, ինչն ամբողջությամբ հակասում է մեր պայմանների համար ամենաօպտիմալ ազգ-բանակ հայեցակարգին:
Այնուհետև կազմակերպվելու է երկրի զարգացման վերաբերյալ ընդհանուր հայեցակարգի քննարկում: Ընդհանուր բարեփոխումների փաթեթի քննարկմանն ու ընդունմանը հետևելու է ըստ առանձին բնագավառների փաթեթների մշակումը և ընդունումը: Օրինակ այն, ինչ արվում է կառավարման փորձագետ Հ. Լ. Մեսրոբյանի խմբի կողմից: Եվ դա կատարվելու է հնարավորինս մենալայն մասնակցության ձևաչափով: Որովհետև ով էլ փոխարինի Փաշինյան Նիկոլին՝ նա չի կարող միանձնյա բարեփոխումների փաթեթ ձևակերպել, որ  համապատասխանի  Հայաստանի այսօրվա իրավիճակին: Էլ չեմ խոսում Պետրոս Ղազարյանի դիմացը նստած հյուրի առումով. վերջինս չէր կարող 10-20 րոպեում ներկայացնել այն, ինչ պետք է արվի մեր երկրում: Այն երկրում, որը ոչ թե հաղթանակած է դուրս եկել Արցախյան վերջին պատերազմից, այլ Պետրոսի նոր գործատուի պատճառով խայտառակ պարտություն է կրել: Եվ քանի որ խոսք գնաց պատերազմի մասին, ապա անցնենք նաև արտաքին քաղաքականության հարցին:

Իհարկե, ազգային արժանապատվության վերականգնման առումով տեղին կլիներ նաև չեղյալ հայտարարել Փաշինյան Նիկոլի կողմից ստորագրված՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սակայն, դժբախտաբար, դա իրատեսական չէ: Դա հնարավոր չէ, քանի որ վերջինս այնպես է խեղճացրել մեր բանակն ու մեր ժողովրդին, որ ներկա պայմաններում ո՛չ բանակը և ո՛չ էլ ժողովուրդն ի վիճակի չեն որևէ բան փոխելու այդ բնագավառում: Բայց ասվածը չի նշանակում, թե շարունակվելու են խաղաղություն մուրալու նիկոլական ստորացումները: Ոչ, դրանք կանգ են առնելու և մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցությամբ քայլ առ քայլ չեզոքացվելու են ձախողումներն ու դրանց բացասական հետևանքները: Իսկ ներքաղաքական բարեփոխումները դրական արդյունքի հասցնելուց հետո կոնկրետ քայլեր են կատարվելու ազգային մեր արժանապատվությունը և պատմական մեր տարածքները վերականգնելու ուղղությամբ: Ահա այսպիսին է լինելու հետնիկոլական Հայաստանի իշխանության ծրագիրը: Եվ նշանակություն չի ունենալու, թե ինչ անձանցից կամ քաղաքական ոժերից է բաղկացած լինելու այն: Որովհետև պետության ղեկավարի պաշտոնում Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձ ունենալու մեր ողբերգական փորձառությունը բավարար է, որպեսզի նրանից հետո մշտապես փակվի նմանատիպ անձերի ճանապարհը դեպի իշխանություն: