Մի քանի օրից, ամենաուշը՝ մինչև հունվար-փետրվար, Ռուսաստանը կփլուզվի
Հարցազրույց քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ
- Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլին հայտարարել է, որ եթե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածություն չկայանա, իրենք էլ կդնեն Լաչինի միջանցքը փակելու հարցը։ Թեեւ այնտեղ ռուսական խաղաղապահներն են, բայց ընդամենը 4 տարով։ Այդ սպառնալիքն իրատեսակա՞ն եք համարում։
- Ես տեսնում ու օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ ռուսները կամաց-կամաց ձեռ են քաշում եւ կամավոր տարածաշրջանը հանձնում են Թուրքիային։ Դա ակնհայտ է։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա կարող եմ ներկայացնել երկար տարիներ առաջ իմ երկար զրույցը պարոն Սերժիկ Սարգսյանի հետ, որն այն ժամանակ գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը։ Նա ինձ հրավիրել էր նախագահական, եւ այնտեղ մոտ 1 ժամ զրուցեցինք ե՛ւ Լաչինի, ե՛ւ Զանգեզուրի միջանցքների մասին։ Եվ նա ինձ փորձում էր համոզել, չգիտեմ ինչ նպատակով՝ ես ընդամենը մասնավոր անձ էի, ինչպեսեւ այսօր, որ այդ տարածքային փոխանակումը շատ մեծ դիվիդենտներ է պարունակում մեզ համար, որովհետեւ մենք անհամաչափ շատ ավելի մեծ տարածք ենք ձեռք բերում, եւ, բացի դրանից, իբրեւ թե ԱՄՆ-ն խոստացել է տրամադրել 7 միլիարդ դոլար՝ մեր տնտեսական վիճակը բարելավելու համար։ Այնպես որ, այդ խոսակցությունների արմատները գալիս են դեռ 2000 թվականից։ Եվ ես կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը նույնպես անմիջական կապ ուներ այդ հարցի հետ։ Ուստի վերացվեցին այն մարդիկ, ովքեր կտրականապես դեմ էին նման փոխանակումներին եւ Զանգեզուրի միջանցքին։
- Նախ դա չեղավ, հետո էլ իրավիճակ փոխվեց, եւ բացի այդ՝ հիմա այլեւս փոխանակելու բան չկա։
- Այն ժամանակ առաջարկում էին ամբողջ ԼՂԻՄ-ը՝ ԽՍՀՄ քարտեզներով, եւ Լաչինի միջանցքը, փոխարենը ցանկանում էին ստանալ այդ՝ Զանգեզուրի միջանցք կոչեցյալը։ Հիմա ժամանակները փոխվել են, բայց ներկայումս համաշխարհային թատերաբեմում փոփոխությունները կայծակնային արագությամբ են տեղի ունենում, եւ մենք կտեսնենք, որ մի քանի օր անց իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է հօգուտ մեզ։ Ես դրանում համոզված եմ։
- Լինելո՞ւ է միջանցք, ստորագրելո՞ւ է՝ այն ներկայացնելով «կոմունիկացիա» կամ «ճանապարհ» անվան տակ։
- Անկախ նրանից, թե ինչ անուն կունենա այդ միջանցքը կամ ճանապարհը, դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ էդ ամենի վերջաբանը կոչվելու է վիլսոնյան Հայաստան։ Ես այդ ժամանակ գուցե արդեն ողջ չլինեմ, բայց շատ ավելի երիտասարդները կտեսնեն, որ լինելու է վիլսոնյան Հայաստան։ Որովհետեւ Հայաստանը կարող է լինել կա՛մ վիլսոնյան սահմաններով, կա՛մ ընդհանրապես չլինել։ Եվ մենք տեսնում ենք, որ թուրքական աշխարհն ամեն ինչ անում է, որ Հայաստանն ընդհանրապես վերանա քարտեզի վրայից։
- Կներեք, բայց վիլսոնյան Հայաստանի մասին պնդումներն արդեն մեմերի առիթ են դարձել սոցցանցերում։ Ոչ ոք չի հավատում։
- Եթե հետեւել եք ԱՄՆ պատմությանը եւ նրանց քաղաքականությանը, ապա կտեսնեք, որ նրանք միշտ եղել են հետեւողական։ Եվ նրանք մինչեւ չիրագործեն այդ իրավարար վճիռը, որը ճանաչվել է միջազգային ատյանների կողմից, չեն հանգստանա։
- Իր հայտնի հեռուստաասուլիսը Փաշինյանն ավարտեց Թուրքիային ու Ադրբեջանին ուղղված հարցերով՝ ի՞նչ եք ուզում՝ մեզ նորից ցեղասպանե՞լ։ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նկատել էր, որ կարծես թե սպասում են, որ Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթ ընդունի եւ «պեչատի»՝ խոստանալով, թե ձեզ էլ չենք ցեղասպանելու։
- Խելքից պակաս մարդու ասածները մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ նրանք մեզ 600 տարի ուզում են ցեղասպանել։ Հիմա դա ո՞ւմ համար է նորություն, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ մեր հասարակության։ Մոսկվայից թելադրված ինչ-որ մտքեր են կամ ցանկություններ, եւ կարծում եմ՝ բոլոր տեսակի հարցերը, որ նա հնչեցնում է, դրանք գալիս են Կրեմլից։ Իսկ եթե կա քաղաքական ինչ-որ մի ուղղվածություն, ապա, անկասկած, Ռուսաստանի ցանկությունների շարքից է։ Սոչի, Բրյուսել։ Սկզբից կանչելու են Սոչի, հրահանգները տան, հետո ուղարկեն Բրյուսել, որտեղ հնչեցնեն էն, ինչ իրենց ասել է Պուծին ձյաձյան։
Ալիեւի եւ Փաշինյան կոչեցյալի միջեւ բրյուսելյան հանդիպմանն էլ առանձնապես նշանակություն չէի դարձնի, քանի որ դրանք, ժողովրդական լեզվով ասած, իքիբիր մարդիկ են, նրանք որոշող մարդիկ չեն։ Աշխարհում հարցերն ուրիշ մարդիկ եւ պետություններ են լուծում։ Պատահական չէ, որ մեր զրույցի սկզբում հիշատակեցի ՌԴ-ի շուրջ զարգացումները, քանի որ բոլոր տեսակի եւ, առաջին հերթին, մեր ներքաղաքական հարցերը կապ ունեն հենց Ռուսաստանի իրավիճակի հետ։ Դրանում կհամոզվեք մի քանի օր անց։
- Ինչպե՞ս։
- Ես համոզված եմ, որ մեր լուսավոր ապագան կապված է ՌԴ փլուզման հետ։ Որքան շուտ փլուզվի պուտինյան Ռուսաստանը, այնքան շուտ մեր առջեւ կբացվի թունելի վերջում երեւացող լույսը։ Դրա համար ուշի-ուշով հետեւում եմ բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ՌԴ-ի ներսում եւ նրա շուրջ։ Այդ թվում՝ Բելառուսում, Ուկրաինայի հետ կապված այդ ճգնաժամը։ Հավատացեք, օրեցօր իրավիճակը փոխվում է։ Երեկվանից, օրինակ, պատժամիջոցների տակ է հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը՝ բարձրագույն ուսումնական մի հաստատություն։ Այստեղ պատրաստում են ռազմական բնագավառի ինժեներներ, գիտնականներ, եւ, փաստացի, այդ ինստիտուտը շարքից հանվեց։ Եվ պատահական չէ, որ այնտեղի մասնագետների շուրթերից հնչեցին հայտարարություններ, որ իրենք պատրաստ են լքել Ռուսաստանը։
- Այսինքն՝ առաջիկա մի քանի օրը սպասում եք, որ ՌԴ-ն կփլուզվի՞։
- Ոչ թե մի քանի օրվա ընթացքում, այլ, հավանաբար, մինչեւ տարեվերջ կամ գուցե ամենաուշը՝ մինչեւ հունվար-փետրվար։ Որովհետեւ, ինչպես պնդում է ամերիկյան հետախուզությունը, Ռուսաստանը ծրագրում է հունվարի վերջին լայնածավալ պատերազմ սկսել Ուկրաինայի հետ։ Իսկ դա կլինի ՌԴ-ի վերջը։ Եվ պատահական չէ, որ մի շարք մեկնաբաններ այսօր համեմատություն են անում հիտլերյան Գերմանիայի հետ․ ինչ քաղաքականություն էր վարում Հիտլերը, եւ ինչ վախճան ունեցավ նա։ Հանցագործների հոգեբանությունը միատեսակ է․ երբ նրանք անցնում են անդառնալիության կետը, այլ ելք չեն ունենում, քան շարունակել ավելի ու ավելի խորացնել իրենց հանցավոր գործունեությունը։ Իսկ Պուտինի համար միակ ելքը պատերազմն է։ Երկրի ներսում վիճակն ամեն օր ավելի է վատանում, տեսնում եք՝ նավթի գները սկսել են ամեն օր իջնել, ռուբլին շարունակում է գահավիժել։ ԱՄՆ-ն 2 օր առաջ որոշեց իր պահուստային նավթը հանել միջազգային շուկա, ինչն էլ ավելի կիջեցնի այդ գները։ Ինչը նշանակում է, որ նավթագազային ասեղի վրա նստած ՌԴ-ն էլ որեւէ ռեսուրս չի ունենալու՝ իր հանցավոր պլանները շարունակելու համար։
Կարծիքներ