Եթե ես Լուսնից իջած լինեի...

Եթե ես Լուսնից իջած լինեի...

Եթե ես լուսնից իջած լինեի եւ լսեի Փաշինյան Նիկոլի ֆեյսբուքյան ասուլիսը, ապա կմտածեի, թե ինչ խելացի, պատասխանատու եւ ադեկվատ անձնավորություն է ՀՀ վարչապետը: Եվ հայերի բախտը բերել է նման վարչապետ ունենալու առնչությամբ: Բայց ողջ խնդիրն այն է, որ լուսինը մարդաբնակ չէ, իսկ ես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ: Մարդ, որ իր նյարդերի վրա է զգում  Փաշինյան Նիկոլի երեքուկես տարվա վարչապետության ողջ հմայքն ու թշվառությունը: Եվ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, զարմանալի տպավորություն ստացա Փաշինյան Նիկոլի նշված ասուլիսից: Այն մի աննորմալ խառնուրդ էր նիկոլական մանիպուլյատիվ ստերի, երբեմն անկեղծ պահերի ու դպրոցական տարիքի պատանու «տրամաբանական» զեղումների: Բայց պիտի խոստովանեմ, որ այդ ամենի մատուցումը բարձր մակարդակի վրա էր: Շատ-շատերի կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ զուտ խոսքի մակարդակում թերուս Նիկոլն անգերազանցելի է: Անգերազանցելի է, իհարկե, նաեւ ուրիշին «քցելու», նախկին ասված խոսքը գիտակցաբար թե անգիտակցաբար մոռացության մատնելու, մի ժամանակ մի բան ասելու, իսկ մեկ այլ պահի լրիվ հակառակը պնդելու, գոյություն չունեցող բանն ուրիշին վերագրելու, մի խոսքով, անընդհատ ստելու առումով: Երեւի հենց դա այն է, ինչի պատճառով մարդիկ քաղաքականությունը բնութագրում են որպես անբարոյական երեւույթ:  

Անդրադառնամ այդ ասուլիսի այն հարցին, որն առնչվում է Հարվային Կովկասի տարածաշրջանում մեր պետականության կամ ընդհանրապես մեր ժողովրդի բնակվելու իրավունքին: Եվ որն արծարծվել է հունիսի 20-ի ընտրության քարոզարշավում՝ Փաշինյան Նիկոլի կողմից: Խոսքը թուրքի հետ թշնամություն անելու կամ, ի վերջո, խաղաղ գոյատեւելու մասին է: Որպես նորմալ եւ գրագետ անձնավորություն՝ ես եւս այն կարծիքին եմ, որ պետք է փորձել դնել խաղաղ դրացիության հիմքերը: Բայց ի՞նչ գնով՝ ահա հարցը: Եթե դրա գինը ողջ Սյունիքը, Սեւանա լիճն ու շրջակա տարածքը եւ պետության մայրաքաղաքը թշնամուն հանձնելն է եւ, ինչպես 1920 թվականին, 10.000 քառ/կմ տարածքով սահմանափակվելն է, այն էլ՝ ենթադրյալ, ապա չեմ կարծում, թե դա ընդունելի է: Բայց դրա այլընտրանքը ոչ թե թուրքի հետ թշնամություն անելն է, այլ այնքան հզորանալը, որ Ադրբեջանը մեկընդմիշտ մոռանա իր տարածքային նկրտումների մասին, իսկ Թուրքիան էլ ստիպված լինի ընդունել, որ պետք է հաշտվի այս տարածաշրջանում ինքնուրույն Հայաստանի գոյության փաստի հետ: Ճիշտ այնպես, ինչպես արաբներն են հաշտվել Իսրայել  պետության առումով: Իսկ դա նշանակում է խաղաղ դարաշրջան ուժեղի եւ ոչ թե պատերազմում խայտառակ պարտություն կրածի դիրքերից: Այս հարցում է, որ ես ու ինձ նմանները տարբերվում ենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից:

Նիկոլի ֆեյսբուքյան ասուլիսից պարզվեց նաեւ, որ այնպես չէ, թե մեզ բանի տեղ չեն դնում խայտառակ պարտության պատճառով: Մեզ բանի տեղ չեն դրել դեռեւս նախկինում ու ցանկացել են մեր ինքնիշխանությունը տրորել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ «շշկռված գերագույն գլխավորի» օրոք: Պատկերացնո՜ւմ ես, հարգելի ընթերցող, արցախյան առաջին պատերազմում հաղթանակած, 2016-ի քառօրյայում Իլհամին հաշտություն պարտադրած երկրի ինքնիշխանությունն է ցանկացել վերացնել պարտված Ադրբեջանը: Բայց սա հենց այն է, ինչ ցանկանում է լսել հունիսի 20-ին Նիկոլ ընտրած բազմությունը, եւ ինքն էլ ասում է դա՝ քաջ գիտակցելով այդ բազմության պահանջմունքները: