Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է

 Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է

Ադրբեջանը երեկ ընդունել է, որ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ սովորական միջպետական պատերազմ: Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ Ադրբեջանը տարածքային ամբողջականության պատրվակով հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող հայերի ինքնորոշումը: Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի որոշումը՝ վերջ տալ այդ ինքնորոշմանը 2020 թվականին ռազմական գործողությունների միջոցով և 2023 թվականի սեպտեմբերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՛Արժանը:

«Այն, ինչ Ադրբեջանն իր նախագահի շուրթերով անվանում է ազատագրական պատերազմ կամ հայրենական պատերազմ, հանգեցրել է էթնիկ հայերի հիմնարար իրավունքների բազմաթիվ խտրական խախտումների: Ավելին՝ այս պատերազմը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը»,- ասել է նա: