Սյունեցիները նոր դատախա՞զ կունենան

Սյունեցիները նոր դատախա՞զ կունենան

Ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, որը 2016-ի հունվարից է այս պաշտոնին, մոտ օրերս տեղափոխվելու է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այլ աշխատանքի։ 
Ըստ Սյունիքի մեր աղբյուրի՝ վերջինս նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի, նրա հարսանիքի խաչեղբայրն է եղել։

Հենց Կոստանյանն էլ նրան դատախազ էր նշանակել։ Հեղափոխությունից հետո Վազգեն Հարությունյանն աչքի ընկավ սոցիալական աջակցության Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու փաստերով քրեական գործեր հարուցելով։
Այժմ Սյունիքում եւ հատկապես Կապան քաղաքում, որտեղ տեղակայված է մարզային դատախազությունը, լուրեր են պտտվում, թե Վազգեն Հարությունյանին տանելու են Երեւան, եւ նրա տեղն ազատվելու է։ Դատախազությունից հրաժարվեցին լուրերը մեկնաբանելուց՝ ասելով․ «Կադրային փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ դատախազությունը տեղեկատվություն հրապարակում է, եւ եթե նման տեղափոխություն լինի, անպայման կիրազեկվի: Այս պահին տեղեկատվություն տալ չենք կարող»:

Հավատալով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանությունը ժողովրդին է պատկանում, եւ ժողովրդի ցանկությունը կարող է եւ հաշվի առնեն, կապանցիները պատրաստվում են դիմում-նամակներով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով, որ Սյունիքի դատախազի պաշտոնում ծնունդով սյունեցի նշանակվի։

Մասնավորապես, նամակում սյունեցիները համոզմունք են հայտնում, որ ծնունդով սյունեցի դատախազն ավելի մտահոգ կլինի եւ հանցավորության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ ավելի լավ կաշխատի։
Սյունիքի դատախազ Վազգեն Հարությունյանն առաջին անգամ էր լսում իրեն Գլխավոր դատախազություն տեղափոխելու մասին։ Կապանցիների նամակներից էլ նա տեղյակ չէր։ «Դա էլ եմ առաջին անգամ լսում»,- ասաց նա։