Պատվաստում ենք երիտասարդներին, մահանում են մեծերը

Պատվաստում ենք երիտասարդներին, մահանում են մեծերը

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի «Ազատ կամքը» տեղեկացրել էր, որ բժիշկներ Էդուարդ Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը հայց են ներկայացրել զրպարտություն տարածած Էդուարդ Համբարձումյանի դեմ։ Վերջինս, որը պատվաստման հայտնի քարոզիչ է, հոկտեմբերի 15-ին, կիսվելով բժիշկներ Սամվել Գրիգորյանի և Էդուարդ Հովհաննիսյանի լուսանկարներով՝ հղի կանանց մահվան մեջ էր մեղադրել նրանց:

Այսօր բժիշկներ Էդուարդ Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Էդուարդ Համբարձումյանի՝ պահանջելով ընդհանուր երկու միլիոն ՀՀ դրամ՝ զրպարտություն տարածելու համար:

«Հրապարակի» հետ զրույցում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, դե՞մ է պատվաստմանը։ Բժիշկն ասաց, որ դեմ է պատվաստման հարկադրմանը։

«Մենք կողմ ենք պատվաստումը ճիշտ թիրախային խմբերում, ճիշտ ռազմավարությունով իրականացնելուն։ Որպեսզի դա ավելի արդյունավետ լինի, դրա համար պետք է թիրախային անհատական աշխատանք տանել, որովհետև այն, ինչ հիմա արվում է, բացարձակ արդյունավետ չէ։ Սա մենք հիմա տեսնում ենք։ Եթե կարճ ասենք՝ մենք պատվաստում ենք երիտասարդներին, մահանում են մեծերը։ Թոշակառուներին թիրախային չենք դիտարկել, ամեն օր մահանում են թոշակառուները։ Մենք նորից ընկել ենք ակտիվ աշխատող մասսայի հետևից»,-ասաց բժիշկը։

Ինչու, որովհետև, ըստ նրա, ԱՆ-ն լծակ ունի նրանց վրա։

Հարց ուղղեցինք՝ անձամբ ճանաչո՞ւմ է Էդուարդ Համբարձումյանին։ Ասաց՝ ժամանակին՝ այո, տարիներ առաջ, որպես առողջապահական համակարգում աշխատող մարդիկ, մի քանի անգամ հանդիպել են, նորմալ, հարգալից հարաբերություններ են ունեցել։