Լույս եւ ստվեր

Լույս եւ ստվեր

Մենք առիթ ունեցել ենք հայտնելու Հայաստանի երիտասարդ ծանրորդների հաղթարշավի մասին, որը գրանցվեց Ֆինլանդիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ, ի պատիվ մեր հայրենակից չեմպիոնների, 9 անգամ հնչեց ազգային օրհներգը։ Եվ ահա, որպես այդ բացառիկ նվաճումների շարունակություն, շատ հաճելի լուր օրերս ստացվեց Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքից։ Այստեղ անցկացված արդեն 17 տարեկանների աշխարհի առաջնությունում իր բոլոր մրցակիցների նկատմամբ վստահ առավելության հասավ 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը։ Հայաստանի պատվիրակը երկամարտի գումարով գրանցեց 323 կգ եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Իսկ անցած շաբաթ օրը լավատեսական նոր լուրեր ստացվեցին նաեւ Մոնտենեգրոյի Բուդվար քաղաքից, որը դարձել էր երիտասարդ բռնցքամարտիկների եվրոպական ասպարեզ։ Հաճույքով հարկ է ընդգծել, որ մեր պատվիրակների վարկանիշը բարձրացնելու առաջին հուսադրող ազդանշանը տվեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը` կիսաեզրափակչում նրա տարած տպավորիչ հաղթանակը մրցումների յուրատեսակ զարդն ու թիմակիցներին ոգեւորելու ազդանշանը դարձավ մյուս կիսաեզրափակիչ մենամարտերում։ Պատահական չէ, որ դրանից հետո մեր եւս երեք տղաներ նվաճեցին վճռական հանդիպումներին մասնակցելու ուղեգրեր։

Եվ ահա ավարտվեց Եվրոպայի հերթական առաջնությունը, ավարտվեց մեզ համար բավականին բարձր ցուցանիշներով։ 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, համոզիչ առավելության հասնելով ռուսաստանցի Ռուսլան Պիրովի նկատմամբ, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նույն պատվին արժանացավ նաեւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, ով վստահորեն հաղթեց չեխ Դավիդ Պոլակին։ Էլիդա Քոչարյանն ու Մանվել Պետրոսյանը (57 կգ) տուն են վերադառնում արծաթե մեդալներ շահած, իսկ Էրիկ Իսրայելյանը (60 կգ)` բրոնզե։ Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը ճանաչվեց երրորդը Եվրոպայում։
Գրեթե միաժամանակ այս օրերին արտասովոր աշխուժություն էր տիրում նաեւ ֆուտբոլային տարբեր ասպարեզներում։ Սակայն մեր պատվիրակները, ավաղ, ոչնչով չուրախացրին իրենց երկրպագուներին։ Մեր ակումբային թիմերից շատ թե քիչ փորձառու «Ալաշկերտը» պարզապես խայտառակ պարտություններ կրեց «Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա» անունը կրող մրցաշարի իր ենթախմբում՝ առաջին շրջանից հետո դառնալով աղյուսակը «վստահորեն» եզրափակող, ընդ որում՝ բոլոր երեք հանդիպումներում պարտություններ գրանցվեցին խոշոր հաշիվներով. «Մակկաբիից»` 1:4, ԼԱՍԿ-ից` 0:3, ՀԻԿ-ից` 2:4։

Բացարձակապես ոչնչով աչքի չընկավ նաեւ 17 տարեկանների հավաքականը, որը նույնպես եզրափակում է մայրցամաքի չեմպիոնատի նախնական մրցաշարի առաջին շրջանի աղյուսակը՝ սլովակների հետ խաղում բաց թողնելով հինգ, անգլիացիների հետ` երեք անպատասխան գոլ, իսկ անցած ուրբաթ էլ Երեւանում 0:2 հաշվով տանուլ տվեց բելառուսներին։ 0 միավոր 0:10 ընդհանուր հաշիվ․ այսպիսին է մեր ֆուտբոլի ապագան խորհրդանշող թիմի, ինչպես չասես, վայ-ցուցանիշը։
Պակաս հիասթափություն չեն պատճառել նաեւ 21 տարեկան ֆուտբոլիստները, ովքեր նույնպես մայրցամաքի նախնական ստուգատեսի ցուցանիշներով զբաղեցնում են աղյուսակի վերջին հորիզոնականը՝ պարտություններ կրելով 5 խաղից 4-ում...

Այո, անչափ տխուր փաստերը պետք է լրջորեն անհանգստացնեն եւ առաջին հերթին` մեր ֆեդերացիային։ Դրսից հայ խոստումնալից խաղացողներով ազգային գլխավոր թիմը համալրելու պրակտիկան, ինչ խոսք, գովելի է։ Սակայն, մյուս կողմից, տարօրինակ է, որ պատշաճ ուշադրության չի արժանանում խորքային խնդիրը` մանկապատանեկան ֆուտբոլը։ Եթե իրավիճակը չփոխվի, միջազգային ասպարեզում էլ շարունակելու է նվազել մեր ակումբային թիմերի հեղինակությունը․ «Ալաշկերտը»՝ ձեզ օրինակ։

Անվանի մասնագետներից հաճախ եմ լսել, որ բարձր ֆունկցիոնալ, աթլետիկ եւ, իհարկե, կամային պատրաստականության հենքի վրա տարվող աշխատանքը կարող է հաջողություններ բերել, եւ այդ հնարավորությունը, անշուշտ, կախում ունի պատանիների հետ աշխատող մարզիչներից։ Իսկ եթե տղաների հետ պարապմունքներն ընթանում են ոչ այնքան ճիշտ, ապա հետագայում անհնար է նրանց ձեռք բերած թեկուզ համեստ ունակությունները նոր մեթոդներով վերափոխել։ Հավանաբար, վերջին դիտողությունն առաջին հերթին ուղղված է մեր մարզիչներին` պարզ ու պրիմիտիվ պարապմունքները ցանկալի առաջընթաց ապահովել, իհարկե, անզոր են, եւ հենց սրա հետեւանքով մեր մանկապատանեկան ֆուտբոլը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում։

Միսակ Նազարյան