Նա ոչ թե կրթություն, այլ ազգություն չունի

Նա ոչ թե կրթություն, այլ ազգություն չունի

Արցախը փողոցում գտած թաշկինակի պես հանձնեցիք թուրքին՝ վերցրու, քոնն է։ Իսկ ու՞մ ասես, որ հայրենիքս, հողս, տունս քոնն է, որ նա չվերցնի։ 

Իսկ ես Արցախը պատմությամբ չեմ հիշում, այլ իմ տեսածով։ Շաբաթվա մեջ համարյա երեք անգամ Արցախ էի գնում։ Տեղ գյուղով անցնում, աչքս չէի թարթում, այնտեղ էի։ Մեծ սովետի տարիներն էին։ Գնում էի Շուշի, փնտրում էի այն դպրոցը, որտեղ հայրս էր ավարտել։ Շփվում էի մի բուռ մնացած հայերի հետ, երբեմն մնում ու նրանց պատմած դաժան պատմությունները լսում։ Պատմում էին 1920 թվականի Շուշիի դաժան կոտորածի մասին։ Ասում էին, որ նույն թվի մարտի 23-ից մինչև ապրիլի 8-ը 30-40 հազար հայ էին կոտորել։ Ջրհորները լցված էին հայ կանանց, մանուկների, ծերերի անդամահատված դիակներով։ 10 աչքով լացում ու ասում էին՝ թուրքերի դաժանությունը չափ ու սահման չէր ճանաչում։ Մինչև հիմա էլ սարսափ եմ ապրում, երբ հիշում եմ նրանց պատմությունները՝ դրանք ո՜ղբ էին առ Աստված։ 

Հետո ազատագրվեց Շուշին։ Հիշում եմ քարինտակցի մահապարտ զինվորին՝ Հրաչին, ով Շուշին ազատագրողներից էր, հաղթական քայլերով մոտեցավ տատի գերեզմանին ու ասաց․ «Տատ ջան, Աստված քեզ լսեց, ազատագրված է Շուշին, Քարինտակն ու Շոշը, հանգիստ քնիր, մեր գերեզմանները էլ չեն պղծվի»։ Երեխայի պես հոնգուր- հոնգուր լաց էր լինում։ Մեզ հետ էր նաև Կոմանդոսը, այդ փոքրիկ դրվագը ես հիշատակել եմ պատերազմական իմ գրքում, որը հետագայում հրատարակվեց։ Մահապարտ երիտասարդը, ով հետախուզության էր գնացել Բաքու ու երբեք աչք չէր թարթել թշնամու առաջ, երեխայի պես լաց էր լինում։ Որբ էր եղել ու տատն էր նրան պահել։ 
Ու հիմա ազգային ժողովում հայտնվել է ՔՊ-ական մեկը՝ անձնագրով Գայանե Եղիազարյան, ով ասում է, որ Արցախը մերը չէ․ 

«Այսինքն` մեր մո՞տ էր, հա՞, Հայաստանի Հանրապետության կազմում էր, հիմա էլ հանձնո՞ւմ ենք։․․․ Ոչ թե ընդունում եմ, այլ փաստացի` այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է»: 

Այ դրա համար են նրան բերել Ազգային ժողով։ Որ ինչ իրեն բերողն է ասում, թութակի պես կրկնի։ Իսկ դուք խոսում եք, որ այդ կինը կրթություն չունի կամ նման հազարերորդական բաներ։ Նա ոչ թե կրթություն, այլ ազգություն չունի։ Սիրտ ու հոգի չունի։ Նա իր տիրոջ նման «Էստի համեցեք» է անում թշնամուն՝ եկեք վերցրեք, Հայաստանն էլ է ձերը․․․ Եկեք, ձեր ունեցածին տեր կանգնեք։