Համազեկուցողներին բանավոր պատմել են, ապա գրավոր փաթեթ տրամադրել

Համազեկուցողներին բանավոր պատմել են, ապա գրավոր փաթեթ տրամադրել

ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն այսօր կավարտեն Հայաստան կատարած պաշտոնական այցը, որի արդյունքը պետք է լինի մեր երկրի վերաբերյալ զեկույցը։ Նրանք Հայաստանում են նոյեմբերի 3-ից եւ մեկնելու են 5-ին։ Համազեկուցողներն այս օրերին հանդիպումներ են ունեցել պաշտոնական, օրենսդիր մարմինների եւ քաղաքացիական սեկտորը ներկայացնող ՀԿ-ների, ինչպես նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ու ԱԺ նախագահի հետ։ NGO-ների հետ հանդիպումները, մասնակիցների ցանկը, դրա կազմման գործընթացը մութ պատմություն են, որին առնչվողները պարտիզանական լռություն են պահպանում, իսկ մյուսները ոչնչից տեղյակ չեն։

Որոշ կցկտուր տեղեկություններ ստացանք, որ Հայաստանում գործող ՀԿ-ների հետ համազեկուցողները հանդիպել են թեմատիկ-ոլորտային սկզբունքով․ օրինակ՝ դատաիրավական ոլորտի հարցերով քննարկմանը ներկա են եղել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից, այսինքն` Սորոսի գրասենյակից Դավիթ Ամիրյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից՝ Արաքս Մելքոնյանը: Իսկ Վանաձորի հելսինկյան ասոցիացիայի գրասենյակի ներկայացուցիչը մեկ այլ թեմատիկ հանդիպման է մասնակցել։ ԻՊԱՍ-ի ղեկավար Արաքս Մելքոնյանը չներկայացրեց արծարծված թեմաները․ ասաց, որ զբաղված է, խոստացավ ավելի ուշ զանգել ու չզանգահարեց։

«Բաց հասարակության հիմնադրամներից» Դավիթ Ամիրյանն էլ հրաժարվեց ներկայացնել, թե ինչ է ասել ԵԽ համազեկուցողներին։ «Զանգեք ԵԽԽՎ, հարցրեք»,- կարճ կապեց նա: Մարդու իրավունքների եւ թափանցիկության մասին տասնամյակներ շարունակ խոսող ՀԿ-ի ներկայացուցիչները, փաստորեն, հանրությանը չեն պատրաստվում ներկայացնել, թե ինչ են մտածում եւ ինչ են խոսում եվրոպացի հյուրերի հետ հանդիպելիս: Իսկ ԵԽԽՎ գրասենյակից էլ չեն պատասխանում իրենց հեռախոսներին։ Նաեւ այդ պատճառով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նամակ է գրել Հայաստանում ԵԽ գրասենյակին՝ խնդրելով ներկայացնել, թե խոսքի ազատության ոլորտում գործող որ կազմակերպություններն են մասնակցել համազեկուցողների հետ քննարկմանը։ Մենք պարզեցինք, որ խոսքի ազատության հետ առնչվող կազմակերպություններից Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ տեղյակ չէ հանդիպումներից։ Չեն հանդիպել նաեւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Հելսինկյան ասոցիացիայի, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի, «Ասպարեզ ակումբի», Երեւանի եւ Մամուլի ազգային ակումբների նախագահների, անգամ Դանիել Իոաննիսյանի հետ։ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն ասում է, որ հանդիպումների ցանկն իրենք չեն կազմել, այլ տիկին Մարտինա Շմիդտը՝ Հայաստանում ԵԽ գրասենյակը։

Միայն խորհրդարանական ընդդիմությունն է հանդիպել եւ ներկայացրել երկրում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Հանդիպել են ԱԺ պետաիրավականհարցերի հանձնաժողովի անդամների, ԵԽԽՎ պատվիրակության եւ առանձին խմբակցությունների հետ։
«Պատիվ ունեմ» դաշինքից համազեկուցողների հետ հանդիպել են Արթուր Վանեցյանը եւ Հայկ Մամիջանյանը։ «Պատիվ ունեմ»-ի ղեկավարը կենտրոնացել է արտաքին քաղաքական հարցերի վրա․ Արցախ, Ադրբեջանի ագրեսիա, գերիների հիմնախնդիր, նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարում Ադրբեջանի կողմից եւ այլն, իսկ Մամիջանյանը, որը նախօրեին մասնակցել էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ հանդիպմանը, անդրադարձել է բացառապես Հայաստանի ներքին՝ տեղական խնդիրներին, հանգամանալից եւ մանրամասն ներկայացրել ԶԼՄ-ների, դատական համակարգի, իշխանության 3 ճյուղերի տարանջատման, պառլամենտականության վերաբերյալ հարցերը։

Հայկ Մամիջանյանին հարցրինք՝ համազեկուցողները՝ իրենք, հարցեր տալի՞ս էին, թե՞ միայն լսում էին։ «Ներկայացրել եմ ԱԺ սահմանափակումները (լրագրողների տեղաշարժի), քրեականացումները (զրպարտության, վիրավորանքի), որը հետքայլ է, այլեւ փորձեցի բացատրել, դժվար էր մի քիչ, բայց նաեւ հեռուստաընկերությունների սնանկացման գործընթացների ու Հ1-ի գովազդ վերցնելու մասին որոշումը (նախկինում Հանրայինում կոմերցիոն գովազդն արգելված էր, ինչը 2018-ից հետո վերանայվեց) եւ այլն»։

Մամիջանյանը, որը նախօրեին համազեկուցողներին խոստացել է այնպիսի բաներ պատմել, որ վերջիններս բռնվեն, մեջբերել է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ դեռ պետք է պարզվի, թե ովքեր են մեդիա-կայսրությունների սեփականատերերը։ «Նրանց մեկ ժամ բացատրել եմ, թե ոնց կարա «Գովազդի մասին» օրենքով բուքմեյքերական ընկերությունների գովազդի արգելքն ազդի լրատվական դաշտում գործող ԶԼՄ-ների վրա»,- մանրամասնեց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցությունն ավելի լայն կազմով է ներկայացած եղել՝ Էլինար Վարդանյան, Արմեն Գեւորգյան, Արամ Վարդեւանյան՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորութամբ։

Խոսակցության նյութն էլ գրեթե նույնն է եղել․ Սեյրան Օհանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին, ասել է, որ միջազգային հարթակներում պետք է բարձրաձայնել, որ պատերազմը ոտնձգություն էր Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու եւ արարելու իրավունքի դեմ: Ընդգծվել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը պատերազմի ընթացքում հանցագործություններ է կատարել արցախահայության նկատմամբ, օգտագործել արգելված զինամթերք, մինչ օրս էլ շարունակում է պղծել պատմամշակութային արժեքները։ Ֆինն պատգամավոր Կիմո Կիլյունենն էլ ասել է, որ երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցում էին, հստակ էր, որ միայն խաղաղ ճանապարհով է խնդրի լուծումը նախատեսվում: «Մենք մտահոգված ենք պատերազմական իրավիճակով, մարդու իրավունքների խախտումներով»,- ասել է համազեկուցողը: Վերջում դաշինքի ներկայացուցիչները գրավոր փաթեթ են տրամադրել` վերջին 3 տարում իշխանությունների կողմից իրականացված ապօրինությունների մասին:

Ներքին հարցերի վերաբերյալ խոսելիս Արամ Վարդեւանյանն անդրադարձել է, մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ դա դիտարկելով որպես պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Նա անընդունելի է համարել ԸՕ փոփոխությունները` անմիջապես ընտրությունների նախաշեմին: Պատգամավորը կարծիք է հայտնել, որ թեպետ ԸՕ-ում փոփոխություններ արվել են, սակայն հստակ չեն հատկապես ընտրարշավին, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող կարգավորումները: Համազեկուցողներն էլ կարեւորել են համագործակցությունը ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական ուժերի հետ:

Դե իսկ ՔՊ-ից ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին ներկայացրել են, որ ամեն ինչ հիանալի է․ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը քաղաքական մեծամասնության կարեւորագույն առաջնահերթություններից է: ՔՊ-ից մասնակցել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը։