Հայաստանը չէ այն տեղը, որտեղ պետք է մերժել Պուտինին

Հայաստանը չէ այն տեղը, որտեղ պետք է մերժել Պուտինին

Օրերս Երեւանում տեղի ունեցավ հակապուտինյան ակցիա, որի կազմակերպիչները ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնու աջակիցներն էին: Հանրահավաքը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ: Ցուցարարների խոսքով. «Այլընտրանքային կարծիքը տանել չկարողացող Պուտինին պետք է ուղարկել Հաագա՝ որպես մյուս քաղբանտարկյալներին սոլիդարության նշան»: Ցուցարարները բղավում ու վանկարկում էին՝ «Ազատություն Ռուսաստանին»: Բայց նրանք միայն Պուտինին քննադատելով չբավարարվեցին. ներկայացրին ռուսական կայսրության տարբեր առաջնորդներին, խոսեցին նրանց սխալների մասին, անգամ Լենինին չմոռացան: 

Ցուցարարներից մեկի խոսքով՝ իրենց ու բոլոր նրանց, ովքեր լքել են երկիրը, ապրում են Վրաստանում, ԵՄ երկրներում, միավորում է մի բան՝ երկիրը լքելն իրենց ընտրությունը չէ. «Մենք ուզում էինք ապրել Ռուսաստանում: Հաճախ ենք լսում քննադատություններ, որ չեն մասնակցում իրենց ներազգային խնդիրների լուծմանը: Թող ներեն մեզ հայերը, բայց թող բոլորը տեսնեն, որ մենք չենք դավաճանում մեր երկիրը, մենք պայքարում ենք մեր երկրի ապագայի համար»: Խոսեցին նաեւ Պուտինի՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության մասին, ահավոր համարեցին Գերագույն դատարանի վերջին որոշումներից մեկը, որով Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը հայտարարեց ծայրահեղական եւ արգելեց այն Ռուսաստանում. «ԼԳԲՏ-ն, որպես սոցիալական խումբ, ամենատանջվողներից է այսօր ՌԴ-ում»: Սկսեցին վանկարկել ու բղավել` «Վերջ ֆաշիզմին, հոմոֆոբիային ու սեքսիզմին»:

Իհարկե, բոլոր երկրներում ցուցարարներն ունեն ազատ խոսքի իրավունք, հատկապես, երբ մարդիկ խոսում են ընդդեմ պատերազմի, ընդդեմ ազատ խոսքի բռնաճնշման, ընդդեմ դիկտատուրայի եւ ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների: Այս մարդիկ հարկադրված լքել են իրենց երկիրը, որտեղ ճնշվում է իրենց ազատ խոսքը, քաղաքական կամարտահայտությունը, եւ հետապնդումներ են իրականացվում իշխանությունների քաղաքականությունը չկիսողների նկատմամբ: Բայց մի՞թե Հայաստանն է այն տեղը, որտեղ պետք է տեղի ունենա նման ակցիա, այն էլ՝ երկրի քաղաքական վերնախավի թույլտվությամբ ու խրախուսմամբ: Հայաստանի շուրջ այսօր պտտվում է նոր պատերազմի ուրվականը, երկիրը նոր անվտանգային խնդիրների առաջ է կանգնած, իսկ օրվա իշխանությունների անհեռատես քաղաքականության հետեւանքով այսօր մենք չունենք ռեալ դաշնակից՝ թեկուզ «ոխերիմ բարեկամ»-ի տեսքով:

Հարեւան թշնամի երկրները, տարբեր  աշխարհաքաղաքական կենտրոնները գիշատիչ գայլերի նման ատամները սրած, սպասում են հարմար պահի՝ Հայաստանի «մսից» նոր կտորներ պոկելու ու խժռելու: Այս պահին մենք ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ Հայաստանը դառնա գերտերություններից մեկի թշնամին, որի ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որի զինվորն է կանգնած մեր սահմանին, որը ներկայացված է մեր տնտեսության մեջ, եւ որտեղ մենք միլիոնանոց հայ համայնք ունենք: Սա եւս այսօրվա իշխանությունների քաղաքական անհեռատեսության եւ երկիրը նորանոր ցնցումների տանող քաղաքականության արդյունք է: Չի բացառվում, որ այստեղ մեծ դեր է խաղում աշխարհաքաղաքական մյուս բեւեռների՝ Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի ցանկությունը, բայց մենք գիտենք, թե այդ պատվերներին ինչ իրադարձություններ են հաջորդում․ ուկրաինական պատերազմը՝ վկա: