Եթե քո երկրում կան օկուպացված տարածքներ, ինչպե՞ս կարող ես պաշտպանված լինել

Եթե քո երկրում կան օկուպացված տարածքներ, ինչպե՞ս կարող ես պաշտպանված լինել

«Հրապարակի» զրուցակիցը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն է:

- Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Արցախում գտնվող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պետք է վերադառնան Հայաստան: Սեպտեմբերից այլեւս Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի: Ի՞նչ է սա նշանակում:

- Ամեն ինչ այնքան պարզ է, որ անգամ այս ամենը մեկնաբանելն ավելորդ եմ համարում: Ամեն օր Հայաստանի և Արցախի գլխին մի նոր վտանգ է կախված: Կա՞ մեկը, որ դա չի հասկանում: Անգամ շարքային քաղաքացու համար հասկանալի է, որ նոյեմբերի 9-ից հետո պարտված իշխանությունները շարունակում են պարտություններով ապրել: Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, իսկ ինչ վերաբերում է զինվորին, ապա Արցախում այսուհետ ծառայելու են միայն արցախցիներ և ժամկետային զինծառայողներ: Նման ձևով փորձում են Հայաստանից պատասխանել Ալիևին: Ալիևը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմին հավատացրել են, թե Արցախից պետք է դուրս գան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

- Ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվո՞ւմ են Ադրբեջանին:

- Ինչի նո՞ր են ենթարկվում, նո՞ր եք նկատում: Ո՞նց կարող է ադրբեջանական զորքը մտնել Հայաստան, իսկ Հայաստանի իշխանությունները գործողություններ չձեռնարկեն: Երկու տարի է նույն բանն ենք կրկնում: Մարդիկ ամեն ինչ հրաշալի հասկանում են: Քաղաքացին ինչը՞ չգիտի, ի՞նչ կա, որ իր համար պարզ չէ:

- Փաստացի Արցախն այսօր անպաշտպան է: Ո՞րն է Արցախի ճակատագիրը:

- Ինչու, Հայաստանը պաշտպանվա՞ծ է: Այսօրվա դրությամբ բազմաթիվ օկուպացված տարածքներ կան Հայաստանում: Եթե քո երկրում կան օկուպացված տարածքներ, դու ինչպե՞ս կարող ես պաշտպանված լինել: Սյունիքից ամեն օր նոր լուրեր ենք ստանում: Երբ Խաչիկ գյուղից կարող են քաղաքացուն առևանգել, տանել մեկ շաբաթ պահել, դա ինչի՞ մասին է վկայում: Ի՞նչ է սա, եթե ոչ անպաշտպան լինել: Հայաստանից եկեք խոսենք....

- Լավ, իսկ Հայաստանին ի՞նչ ապագա է սպասվում:

- Ալիևն արդեն նկարագրել է և իր պատկերացմամբ անելու է ամեն բան, որպեսզի թե Սյունիքը, թե Գեղարքունիքը վերցնի, խոսում է նաև Երևանի մասին: Թշնամին արդեն նկարագրել է, թե ինչ է պատրաստվում անել, իսկ դու ի՞նչ ես առաջարկել թշնամուն, կամ ինչպե՞ս ես հակադրվել: Խոսել ինչ-որ խաղաղության մասին առանց երաշխիքների, ո՞րն է իմաստը: Իշխանությունները մեզ չեն ներկայացնում անվտանգության որևէ երաշխիք: Գործող իշխանությունները խոսում են ընդդիմադիրների մանդատների մասին, հայտարարում, թե նրանց մանդատներին ձեռք չեն տա, որպեսզի հասարակությունը տեսնի, թե նրանք ինչ տեսակ գործիչներ են: Քաղաքացին այսօր խնդիր ունի հասկանալու, թե արդյոք իշխանությունն իր խոստացած ապագան երաշխավորե՞լ է:

- Իսկ գուցե Հայաստանում ապրող քաղաքացիներին Արցախի ճակատագիրը չի՞ հետաքրքրում:

- Արցախի ճակատագիր ասելով, պետք է հասկանալ, Հայաստանի ճակատագիր: Մոնթեն ասել է, որ եթե Արցախը կորցնենք, կշրջենք հայոց պետականության վերջին էջը: