«Վնգստացող» արտահայտության հետեւանքով դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների

«Վնգստացող» արտահայտության հետեւանքով դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների

Իմքայլականներն այս շաբաթ, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «ինադու», տապալեցին վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին նրանց ընտրությանը։ Առաջադրվել էր երեք թեկնածու՝ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, ԲԴԽ անդամ, գիտնական Արմեն Հայկյանցն ու Սյունիքի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը։

Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս դեպքում մի փոքր դժվար է դա տապալում գնահատելը, քանզի ԱԺ կանոնակարգ օրենքով առավելագույն ձայներ հավաքածները դեռ երկրորդ փուլ են գնում, եւ ինքն ու Հայկյանցն առավելագույն ձայներ են հավաքել՝ համապատասխանաբար 15 ձայն՝ ինքը, 13 ձայն՝ Հայկյանցը։ Իսկ քանի որ Սամվել Գրիգորյանն էլ վերջին պահին չէր ցանկացել մասնակցել, ուստի նրա օգտին չէին քվեարկել, այսինքն՝ զրո ձայն էր ստացել։ Բայց արդեն երկրորդ փուլում որեւէ մեկի ընտրվելու համար անհրաժեշտ է, որ նրա օգտին պատգամավորների թվի 3/5-ը քվեարկի, ու եթե այս անգամ էլ «Իմ քայլը» տապալի, ստիպված նորից են սկսելու գործընթացը։

- Պարոն Մկրտչյան, «Իմ քայլի» պատգամավորների կողմից ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված արշավն ինչպե՞ս եք գնահատում։

- Չեմ կարող գնահատական տալ, ուղղակի ինքը խիստ քաղաքականացված է, էնպես որ, ես էդ հարցին նույնիսկ մոտ չեմ գա։

- Իհարկե, Դուք կաշկանդվածություն ունեք՝ քաղաքական հարցերի պատասխանելու, բայց այսօր ակամա դատական համակարգը ներքաշվել է  քաղաքական պրոցեսների մեջ, որքան էլ դուք չցանկանաք զբաղվել քաղաքականությամբ, մեկ է՝ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները ձեզանով զբաղվում են։

- Դե, մի քիչ դժվար է ասել, որ դատական համակարգը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, քանի որ դատական համակարգը չի ներքաշվում, այլ քննում է կոնկրետ գործեր։ Դեպքը կոնկրետ ԲԴԽ նախագահի արած հայտարարության ընկալման հետ է կապված, հետեւանքների եւ կոնկրետ անձի։ Ազգային ժողովի էդ ամբողջ քննարկումների ընթացքում ուղիղ շեշտադրում էին անում, որ հենց հայտարարությանն է վերաբերում, որ հենց հայտարարությունից բխող իրենց վերաբերմունքն էին արտահայտում, այսինքն՝ էդ շեշտադրումը պատգամավորները կատարել էին, եւ ճիշտ չի լինի ասել, որ դա դատական համակարգին էր ուղղված։

- Բայց սա առաջին դեպքը չէ, Վարդազարյանի դեմ արշավը մի կողմ թողնենք, դրանից առաջ էլի են քաղաքական արշավներ կազմակերպվել դատական համակարգի նկատմամբ, օրինակ՝ դատարանների դռներն էին շրջափակել։

- Դատական իշխանության նկատմամբ որեւէ քաղաքական արշավ ինձ համար ընդունելի չէ։ Կան բազմաթիվ այլ գործիքակազմեր, եւ դրանք, բնականաբար, կարելի է կիրառել։

- Նաեւ երկրի ղեկավարի կողմից «վնգստացող դատավորներ» արտահայտությունն է հնչել, հետո այդ արտահայտությունը շրջանառվեց Ազգային ժողովում, պատգամավորներն այդպես անվանեցին ԲԴԽ նախագահին։

- Ես էդ արտահայտության շրջանառության, դրա բացասական հետեւանքների մասին արդեն շատ հստակ արտահայտվել եմ Ազգային ժողովում, իմ մոտեցումը հստակ է՝ այդ արտահայտության օգտագործման հետեւանքը բերեց նրան, որ դատավորները «դասակարգվեցին»՝ լավ դատավորների եւ այդպիսիների։ Եվ ես խնդիր էի տեսնում, որ նման ազդեցություն ունեցող դահլիճից այդ խոսքը հնչեցնելով՝ այս հասարակության՝ արդար դատավոր ունենալու իրավունքը, ըստ էության, խեղաթյուրվում է։ Դրա համար ես խնդրեցի բոլորին՝ չօգտագործել ուղղակի այդ հասկացությունը։

- Դուք է՞լ եք կարծում, որ դատական համակարգն այս իշխանության օրոք էապես անկախացել է, ինչպես ԲԴԽ նախագահն էր ասում։

- Դատական իշխանությունն անկախ գործում է, եւ բավականին անկախ ու ազատ են գործում դատավորները, դրա վառ օրինակը հատուկ կարծիքների քանակն է։ 

- Գործադիր իշխանության կողմից ճնշումներ չկա՞ն դատական իշխանության նկատմամբ՝ թեկուզ հայտարարությունների տեսքով։

- Չէ, ճնշում դատավորը ո՞նց կզգա, դրանք երեւույթներ են, որոնք եղել են, կան, կլինեն, դա ո՞նց կարելի է համարել գործող դատավորի նկատմամբ ճնշում։

- Խոսքը նման արտահայտություններ թույլ տալու, Ազգային ժողովում ԲԴԽ նախագահին նման վերաբերմունքի արժանացնելու մասին է, դա ճնշում չէ՞։

- Դատական իշխանություն կրողներն ունեն վարքագիծ՝ չենթարկվելու բոլոր տեսակի ճնշումներին, այդ թվում՝ չվախենալ որեւէ քննադատությունից։ Այնպես որ, «դատական իշխանությանը ճնշել» ասելը շատ բարդ գործընթաց է։

- Իհարկե, մենք տեսնում ենք, որ դատավորները բավականին համառորեն դիմադրում են այդ ճնշումներին, բայց ոմանք նկատում են այս իշխանությունների կողմից դատական համակարգը եւս՝ որպես կայացած ինստիտուտ, կազմաքանդելու, խարխլելու միտում։

- Չէ, ես նման միտում չեմ տեսնում, ավելին, ես տեսնում եմ բոլոր քաղաքական հայտարարություններում, որ դատական իշխանության անկախությունն իրենց քաղաքական նպատակն է, ուղղությունն է եւ այլն։ Ձեր ասածը, երեւի, առանձին գործողություններ, առանձին դեպքեր են, որ չեն կարող գնահատվել որեւէ ձեւով դատական իշխանության կազմաքանդում եւ այլն։ Բայց այն, որ գործող իշխանությունը հստակ է արտահայտվել, եւ վերջին այդ քննարկումները նորից խոսում էին իրենց մոտեցումների մասին, որ իրենց ձգտումը, համենայնդեպս՝ ես այդպիսի ընկալում ունեմ, այն է, որ մենք ունենանք երկրում անկախ դատական իշխանություն, եւ դա տեսանելի էր