Եթե ցորենը սկսեն բերել նավերով ու երկաթուղով, ուրեմն խնդիր չենք ունենա

Եթե ցորենը սկսեն բերել նավերով ու երկաթուղով, ուրեմն խնդիր չենք ունենա

Ողջ աշխարհը պարփակվել է իր սահմաններում՝ գրեթե ոչինչ չեն արտահանում, շատ քիչ են ներմուծում։ Եվ աշխարհի բանուկ ճանապարհներն ամայացել են՝ հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները դադարել են։ Մարդկությունը վերադառնում է բնատնտեսությունների ժամանակներ, երբ ամեն ինչ արտադրվում էր տվյալ երկրում, եւ առեւտրափոխանակություն չկար հարեւան ժողովուրդների հետ։ Բայց Հայաստանը չի կարող այդպես ապրել, քանզի մենք ավելի շատ ներմուծումներ անող երկիր ենք, քան արտահանող, եւ մեր սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների հիմնական մասը բերվում է դրսից։ Ինչ վիճակում է այսօր բեռնափոխադրումների ոլորտը, բեռներ գալի՞ս են Հայաստան, եւ Հայաստանից ի՞նչ է արտահանվում։ 

Հայաստանի բեռնափոխադրումների վիճակը վերջին օրերին նկատելիորեն բարելավվել է՝ համեմատած կարանտինային շրջանի սկզբնական օրերի հետ, երբ թե՛ Լարսում, թե՛ այստեղ՝ Բագրատաշենում, բեռնատարների հարյուրավոր կուտակումներ էին առաջացել։ Մենք գրել էինք, որ Լարսում հարյուրավոր մեքենաներ տասն օր եւ ավելի կանգնած էին մնացել։ Նույն վիճակն էր նաեւ Բագրատաշենի անցակետում, երբ վրացական կողմը թույլ չէր տալիս, որ մեքենաները հատեին հայ-վրացական սահմանը, քանի որ Մառնեուլիում կարանտին էր հայտարարված։ Եվ եթե իրավիճակն այդպես երկար շարունակվեր, ապա մենք ցորենի եւ առաջին անհրաժեշտության այլ պարենային ապրանքների ներկրման լուրջ խնդրի առաջ կկանգնեինք, հատկապես, որ ցորեն անցած ամիս, ըստ ՊԵԿ-ից ստացած մեր տվյալների, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ երեք անգամ պակաս քանակով է ներկրվել։ 

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Աղաջանյանը մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ կառավարությունը պետք է այս ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկի, օրինակ՝ խրախուսի նավով, ապա Վրաստանից երկաթուղով ցորենի ներկրումը, որը թեեւ մի փոքր թանկ է, սակայն ապահով է եւ երաշխավորված։ Իսկ Բագրատաշենի մասով էլ ասել էր, որ գոնե վրացական մեքենաները, որոնք եկել են Հայաստան, բեռն այստեղ դատարկել ու վերադառնում են Վրաստան, այլ ո՛չ Լարսով Ռուսաստան, պետք է հայկական կողմն արտահերթ թույլ տա, որ անցնեն, որպեսզի կուտակումներ չլինեն։ Առհասարակ, մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ մեր կենսական ճանապարհները Վրաստանի եւ Իրանի միջով են անցնում, եւ մենք պետք է առավելագույն համագործակցություն ունենանք այդ երկու երկրների իշխանությունների, տրանսպորտային եւ մաքսային համակարգերի հետ։ Մինչդեռ մեզ լուրեր են հասնում, որ հեղափոխական իշխանությունները հարաբերություններ կարգավորելու հարցում խեղճ են եւ անգործունյա։ Դրանից, մեծ հաշվով, երկիրն է տուժում։

Մասնավորապես, օրինակ, Գագիկ Աղաջանյանը ծնունդով Վրաստանից է եւ մեծ կապեր ունի այնտեղ, սակայն նրա հնարավորություններից մեր իշխանությունը կարծես թե չի օգտվում։ Թեեւ պարոն Աղաջանյանը դրական լույսի ներքո է ներկայացնում ՀՀ իշխանությունների այս օրերի գործունեությունը։

Երեկ մեզ հետ զրույցում Գագիկ Աղաջանյանն ասաց, որ բարձացրած հարցերը կարծես թե տեղ են հասել՝ վրացական մեքենաներն արդեն անցնում են առանց հերթի։ Թեպետ, ըստ մեր զրուցակցի, դա երկար չի տեւել՝ իրեն ասել են, որ շաբաթ օրվա տվյալներով՝ նորից վրացական մեքենաներին Բագրատաշենում ստիպում են կանգնել հերթի։ Բայց, այդուհանդերձ, Բագրատաշենում էլ ավելի թեթեւ վիճակ է, քան նախորդ ամիս էր։

Իրավիճակը կարգավորվել է Լարսում, այլեւս առաջվա մեծ հերթերը չկան։ «Ես գիտեմ, որ Լարսը թեթեւացել է ահագին, օրինակ՝ այն, որ մեր մշտական բեռը, որ Վլադիկավկազից բերում էինք, նախկինում մի շաբաթ տեւում էր միայն մեկ ուղղությամբ գնալը, հիմա արդեն այդ ժամանակը կտրուկ նվազել է, ինչը լավ ցուցանիշ է»,- ասաց Աղաջանյանը։

- Պարոն Աղաջանյան, որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում Դուք կանխատեսել էիք, որ եթե իրավիճակն այսպես շարունակվի, եւ մենք չօգտվենք նաեւ երկաթուղային փոխադրման տարբերակից, ապա կարող ենք կանգնել հացամթերքի ներկրման լուրջ խնդրի առջեւ։ Հիմա այս մասով կա՞ փոփոխություն։

- Երկաթուղային տարբերակից, այո, մարդիկ կան, որ օգտվում են։ Օրինակ՝ ամենախոշոր ցորեն ներկրող ընկերություններից մեկը, իմ տեղեկությամբ, արդեն նավեր է վարձել։ Կոնկրետ գործարարը, ով ինձ ճանաչում է, այդ հարցազրույցից հետո զանգեց, ասաց՝ շատ ճիշտ ես ասում, ինչքան շուտ սկսենք երկաթուղով փոխադրումը, էնքան ճիշտ կլինի։ Ինքն անձամբ ասաց, որ արդեն նավ է վարձել՝ 3 հազար տոննանոց նավ, որ Ռուսաստանից բերի Վրաստան, հետո երկաթուղով՝ Հայաստան։

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ այդ ճգնաժամային իրավիճակից դուրս ենք եկել, գոնե պարենամթերքի ներկրման խնդիր չենք ունենա։

- Եթե ցորենը սկսեցին բերել նավերով ու երկաթուղով, ուրեմն ցորենի խնդիր չենք ունենա։ Մնացած ապրանքներն էլի կարելի է բերել, ու ես հիմա ոնց նայում եմ՝ երկաթուղային փոխադրումների ծավալի անկումը շատ չնչին է եղել՝ 2 տոկոս է, կարծեմ, ինչն էս պայմաններում լավ ցուցանիշ է։ Էստեղ մի բան էլ է տեղի ունեցել, որն ավելի շատ ցորեն ներկրողները կասեն։ Ցորեն ներկրվում էր Հայաստան նաեւ ռուսական ավտոտրանսպորտով։ Բայց հիմա ռուսական մեքենաները նույնպես դուրս են եկել այդ պրոցեսից, որովհետեւ, եթե իրենք դուրս էին գալիս երկրից, իրենց երկու շաբաթ ստիպում էին կարանտինի մեջ մնալ, ինչը ձեռնտու չէր նրանց, դրա համար էլ ռուս վարորդները հրաժարվեցին Հայաստան գալուց։