Նիկոլն օգնում է նրանց, ովքեր չեն տուժել կորոնավիրուսի հետևանքներից

Նիկոլն օգնում է նրանց, ովքեր չեն տուժել կորոնավիրուսի հետևանքներից

Կառավարության ղեկավարը համոզված է՝ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից հազարավոր մարդիկ են օգտվում: Ըստ պաշտոնական տվյալների, 800-ից ավելի ձեռնարկություններ դիմել են վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում ստանալու համար (առաջին միջոցառում), 536 վարկ է հաստատվել գյուղատնտեսությանը (երկրորդ միջոցառում): Երկուսն իրար հետ մոտ 10 մլրդ-ից ավելի գումար են կազմում: Այս թվերը հրապարակվում էին ապրիլի 13-ի արտահերթ նիստի ժամանակ: Փոքր բիզնեսից էլ՝ սպասարկման, զբոսաշրջության ոլորտից, 400-ից ավելի դիմում է եղել, եթե հավատանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, բավարարվել է մոտ 7 տասնյակ դիմում: Նրանք վարկեր կստանան թեթեւացած պայմաններով, առաջին տարում՝ զրո տոկոսով: 

Բայց ամենատպավորիչը, այսպես կոչված, հինգերորդ միջոցառման արդյունքներն են, որը նախատեսված է այն տնտեսվարողների համար, որոնք հունվարից մինչեւ մարտ ունեցել են 2-50 վարձու աշխատակից, եւ որոնց վճարած աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Հայաստանում այդպիսի մոտ 12 հազար ձեռնարկություն կա, ըստ ՊԵԿ տվյալների: Կառավարությունն այս ձեռնարկություններին միանվագ դրամաշնորհ է տալու՝ ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով: Օրինակ, 20 աշխատող ունեցողը, եթե 150 հազար է տալիս յուրաքանչյուրին, այս ծրագրի շրջանակում միանվագ ստանալու է 600 հազար դրամ: Գործատուների համար սա, թերեւս, ամենացանկալի միջոցառումն է, քանի որ հետագա պարտավորություն չի ենթադրում: Ըստ Դավիթ Անանյանի, 5 հազար 388 դիմողներից 5 հազար 207-ը ստացել են գումարները՝ մոտ 787,9 մլն դրամ: Փաշինյանն էլ մեկնաբանեց հանրության համար, թե սա, փաստորեն, ամենաակտիվ միջոցառումն է, թե, առհասարակ, հոռետեսական տրամադրություններ կային, որ ոչ մեկն էլ չի դիմի, թե այդպիսի աջակցություն պետք չէ, «բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին լավ ակտիվության կա»,- ուրախացավ վարչապետը: Ի դեպ, այս իմաստով Նիկոլը հիշեցնում է նախկին վարչապետ, իր «սիրելի» Հովիկ Աբրահամյանին, որը ժողովրդական, իրեն ու հասարակ մարդկանց հասկանալի լեզվով թարգմանում էր խրթին պաշտոնական լեզվով խոսող նախարարների այն խոսքերը, որոնք կարեւոր էին իր PR-ի համար: 

«Հրապարակը» որոշեց փորձարկել, թե որքանով է իրական PR ինֆորմացիան, տեսնել, թե արդյոք հասանելի՞ է կառավարության օգնությունը հինգերորդ միջոցառման շահառուներին, ովքեր համաճարակի իրավիճակում չեն կրճատել աշխատողներին ու պահպանել են աշխատավարձը: «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի անունից դիմեցինք ՊԵԿ, ակնկալելով, որ այդ 600 հազար դրամն այս պայմաններում շոշափելի օգնություն կլինի լրատվամիջոցի համար, որը 10 գրանցված եւ հոնորարով աշխատող եւս 5 աշխատակից ունի ու բարեխիղճ հարկատու է։ Գումարը կօգներ մեզ՝ հաղթահարել այս ծանր շրջանը եւ շարունակել աշխատանքը: Մեզ մերժեցին, թեեւ աշխատող ու աշխատավարձ չենք կրճատել եւ համապատասխանում ենք հայտարարված բոլոր պահանջներին: Պարզվում է, կա նաեւ չհայտարարված պահանջ, մի կետ, որի մասին կառավարությունը չի բարձրաձայնում: ՊԵԿ-ում մեզ բացատրեցին, որ հինգերորդ միջոցառման շահառուի մարտ ամսվա եկամուտը չպետք է հունվար ամսվա եկամտից ցածր լինի: Իսկ «Հրապարակի» հունվար ամսվա եկամուտը 1,6 մլն է եղել, այնինչ մարտինը՝ 1,4 մլն: Ահա թե ինչ խորամանկ քայլ են արել Փաշինյանի տնտեսական բլոկի պատասխանատուները՝ անցանկալի շահառուներին մաղելու համար: 
Նրանց հիշեցնենք, որ, նախ, իրենց պահանջն աբսուրդ է, որովհետեւ հունվարին թերթերը շատ գովազդ են ունենում, եւ անկախ համաճարակից, բոլոր տարիներին էլ հունվարին ԶԼՄ-ների մուտքերն ավելի շատ են լինում, քան մարտին: Երկրորդը․ ըստ գաղափարի՝ պետք է պետությունն օգնություն ցուցաբերեր այն կազմակերպություններին, որոնք դժվարություններ ունեն, այլ ոչ թե եկամուտների աճ։ Մեր բացատրությունները ոչ մի դեր չխաղացին:

Ստացվում է, որ կառավարությունը, փոխանակ օգնելու նրանց, ովքեր տուժել են, օգնում ու խրախուսում է նրանց, ովքեր մի բան էլ օգուտով են դուրս եկել համաճարակի պայմաններում եւ մարտին ավելի բարձր եկամուտ են ունեցել, քան նախորդ ամիսներին: Այդ դեպքում ի՞նչ տնտեսական հետեւանքներ է չեզոքացնում Նիկոլ Փաշինյանը, եթե օգնում է նրանց, ովքեր չեն տուժել: