ՇՄ-ում իրենց գերազանցածներն ու 1000 ձայն ապահովածները

ՇՄ-ում իրենց գերազանցածներն ու 1000 ձայն ապահովածները

ԿԸՀ –ն  արդեն  իսկ ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, եւ  հայտնի է ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկած ձայների քանակը, ինչից կարելի է ենթադրել, թե որ թեկնածուները կգործուղվեն ԱԺ:  

Շիրակի մարզում ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկած  ձայները բաշխվել են  հետաքրքիր կերպով: Այս անգամ ինքն իրեն գերազանցեց  գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:  Նախորդ ընտրություններին, երբ առաջադրվեց Հանրապետականների կողմից, հավաքեց 10հզր-ից ավել ձայն , իսկ ահա  Իմ քայլը դաշինքով առաջադրվելով՝ ստացավ 24172 քվե:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը  նույն դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականում է՝ 6271 ձայնով: Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն էլ  5981 ձայնով երրորդ տեղում է: Մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը, ով առաջին անգամ էր թեկնածությունը դրել, արդարացրեց ՔՊ –ականների սպասելիքները՝ հավաքելով 4771 ձայն: 

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն էլ հուսախաբ չարեց իր թիմին, ամենայն հավանականությամբ 4541 քվեն նրան  խորհրդարանի ուղեգիր  կապահովի: Իմ քայլը դաշինքից 3000-ից ավել ձայն են հավաքել Դավիթ Առուշանյանն ու Հովհաննես Հարությունյանը:  2000-ից   ավել ձայներ են հավաքել մարզպետի օգնական  Էմմա Պալյանը, Դավիթ Սեխլեյանն ու Սարգիս Պետրոսյանը: Փոխմարզպետ Արա Մելիքջանյանն ու Նիկոլայ Սարիբեկյանը 1000ձայնը գերազանցել են: 

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջատարներն են  ԱԺ պատգամավորներ  Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանը՝ 3198 եւ 2783 ձայներով: Մյուս թեկնածուները  1000 ձայնը չեն գերազանցել:

Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից առաջադրված  4 թեկնածու 1000ձայնը գերազանցել են: Առաջատար է Սարիկ Մինասյանը՝ 1963 ձայնով: Նրան հետևում է Հայկ Գևորգյանը՝1233 քվե, այնուհետև՝ Մկրտիչ Մկրտչյանը՝1072  եւ  Հովհաննես Խաչատրյանը՝1069 ձայներով: 

Չնայած նրան, որ Հայ Հեղափոխական դաշնակցությանը չհաջողվեց անցողիկ շեմը հաղթահարել, մարզում զգալի ձայն են հավաքել կոււսակցության թեկնածուները: Նախկին մարզպետներ Ռոմիկ Մանուկյանի  եւ Հակոբ Մաթիլյանի օգտին քվեարկել են 1554 եւ 1201 ընտրող : Մարմաշենի համայնքապետ, գործարար Կարեն Արշակյանին վստահել է 1014 քաղաքացի: