Ինչքա՞ն կարելի է խաղալ ողբերգության վրա․․․

Ինչքա՞ն կարելի է խաղալ ողբերգության վրա․․․

Հայկական կողմի զոհերից հետո ամեն անգամ հերթական նախադասությունն ասել, թե դա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է, ու՞մ է հետաքրքրում։ Կառավարության նիստում մեծ- մեծ հայտարարում է դրա մասին, որ ի՞նչ։ Որ ներքին լսարանը համոզվի՞, թե  Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը լուրջ գնահատական է տալիս Ադրբեջանի քաղաքականությանը։ Լավ, ինչքա՞ն կարելի է ի վնաս մեր պետության, ի վնաս հայ ժողովրդի  ժամանակ շահել և խաղալ մարդկանց կյանքերի հետ, ինչքա՜ն կարելի է խաղալ  մարդկանց ողբերգության վրա։ Ինչքա՜ն կարելի է ժամանակի մեջ մաշել հայի ուժը, զորությունը, ոգին ու հետո մաշած վիճակում  նետել թշնամու երախը։

2018-ից առ այսօր մաշման  անապատի ճամփեքով են հայերը տարվում՝ պատերազմով, պառակտելով, իր ունեցած- չունեցածը հանձնելով, իր ոսկե գենոֆոնդը թշնամու ճարակ դարձնելով, իր հոգևոր արժեքները ոչնչացնելով, իր հերոսներին հետապնդելով։  Ոչ թե Ալիևի քաղաքականությանը գնահատական տուր, այլ քեզ, քո իշխանությանը տուր այդ գնահատականը, որովհետև աշխարհում չի գտնվի երկրորդը, ով  կանգ չի առնում՝ իր ազգը, պետությունը կործանման տանելու ճանապարհին։ Կանգ չի առնում ու մի պահ մտածում, թե ինչ անդունդ նետեց, որտեղից որտեղ հասցրեց Հայաստանը, հայ ժողովրդին․․․ Ավելին, կառավարության նիստ է անում ու տեղեկացնում, որ Ադրբեջանը ապակառուցողական է։ Այստեղ միակ բառը, որ կարելի է ասել, սա է՝ «իյա, իրո՞ք»։ Նրան թվում է, թե հայ ժողովուրդը չգիտի, թե ո՞վ է Ադրբեջանը, որին մեղմ քորում է՝ ապակառուցողական ասելով։ Ինչքա՞ն կարելի է խաղալ ողբերգության վրա․․․ Բա՞վ չէ տասնյակ հազարավոր կյանքերն ու խեղված ճակատագրերը։ 

2018-ից հետո մաշեցնելով Հայաստանը, հանձնելով Արցախը,  մաշեցվեց, զրոյացվեց, փոշիացվեց, պայթեցվեց Նիկոլ Փաշինյանի օդում փչած  վարկանիշը։ Առաձգական փչովի պարկը կամ փուչիկը օդ բարձրանալուց հետո՝ ինչ որ խոչընդոտի հանդիպելով, պայթում ու  ստանում է սկզբնական ձևը։ Թուլացած, բարակ ռեզինի տեսքով։ Հիմա նա գոյության այդ վիճակում է։ Ոչ մեկն այլևս ոչ դրսից, ոչ ներսից չի կարող փչել այդ փուչիկը, որովհետև արդեն պայթել է ու ոչ մի բան անել չի կարող։