Մրից դուրս գանք՝ մրջուրն ընկնենք

Մրից դուրս գանք՝ մրջուրն ընկնենք

Դաշնակցությունը նախապատրաստվում է ի աջակցություն Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ստորագրահավաք սկսել: Այդ մասին ասել է Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը: Ըստ նրա՝ «այդ դաշինքի կնքմամբ Արցախը դառնում է դե յուրե ՀՀ-ի կողմից ճանաչված»: Իսկ հարցի լուծումը նա տեսնում է այսպես. «Ստորագրությունները կհավաքեն, որպեսզի Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը հաշվի նստեն դրանց հետ եւ կնքեն դաշինքը»: Այսինքն Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունն ինքնին նման մտադրություն չունի՞, հարկ է, որ ժողովուրդն իր ստորագրություններով ստիպի՞: Սա՞ է ուզում երեւակել Դաշնակցությունը: Երեւում է, ՀՅԴ-ն նպատակադրվել է մի գործընթաց սկսել, որի մասին միայն ընդհանուր պատկերացում ունի: Օրինակ՝ ստորագրահավաք անցկացվելու է միայն Արցախու՞մ, թե նաեւ Հայաստանում եւ Սփյուռքու՞մ: Ինչպե՞ս է ձեւակերպվելու հարցը: «Համաձա՞յն եք դուք, որ Հայաստանը եւ Արցախը կնքեն ռազմաքաղաքական դաշի՞նք»՝ այսպե՞ս է խնդիրը ներկայացվելու ժողովրդին: Իսկ դրա համար օրինական հիմքեր կա՞ն:

Արցախի սահմանադրությամբ նախատեսված է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների տասը տոկոսը կարող է դնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, հինգը՝ օրենսդրական նախաձեռնության հարց: Նույն նորմն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ: Ստորագրահավաք կազմակերպելու այլ հիմքեր սահմանադրությամբ նախատեսված չեն: Եւ տարօրինակ է, որ ռազմաքաղաքական դաշինքի հարցը ՀՅԴ-ն պատկերացնում է կարգավորել ստորագրահավաքով:

Ավելի պարզ ասած՝ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ հանրային ճնշմամբ: Մի ստորագրահավաք Արցախում արդեն իսկ ընթանում է: Եւ հանրային լարվածությունը տեսանելի է անգամ անզեն աչքով: Մարդիկ հոգնել են նախաձեռնող խմբի ամենօրյա «հորդորներից»: Եւ արդարացիորեն դժգոհում են, թե ի՞նչ հիմքով է սահմանվել ստորագրահավաքի 45-օրյա ժամկետը: Հնարավոր չէ՞ր ամեն ինչ պարզել տասը-տասնհինգ օրում: Հիմա էլ Դաշնակցությունն է նոր ստորագրահավաքի մասին խոսում: Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, եկող տարեսկզբին՝ նախագահական եւ խորհրդարանական: Ներքաղաքական այս լարվածությանը նյարդեր կդիմանա՞ն: Կարիք կա՞ ակնհայտը ֆորմալացնելու համար գնալ հասարակության պառակտման: Եթե խելամիտ մարդիկ չմիանան Դաշնակցության ստորագրահավաքին, կնշանակի նրանք դե՞մ են Հայաստան-Արցախ ինտեգրացիային: Ի՞նչ իրական նպատակ է հետապնդում ՀՅԴ-ն:

Մի՞թե Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելու իրողության այլ դրսեւորում չի գտնվում եւ մնացել է վերջին՝ «բացառիկ հայրենասիրություն» ներկայացնելու՞ տարբերակը: