Այս գործով ավելի շատ էստեղ տեսա շոու․ Գրիգորյանի պաշտպանը մեկնաբանում է նոր մեղադրանքները

Այս գործով ավելի շատ էստեղ տեսա շոու․ Գրիգորյանի պաշտպանը մեկնաբանում է նոր մեղադրանքները

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ Ըստ ՀՔԾ-ի՝ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված նոր մեղադրանքները․ «Դրեցին կայքերում, որ հանրությունը կարդա, ես հերթական շոուն եմ մտեսնում Հատուկ քննչական ծառայության, որը փորձեց հերթական անգամ հանրությանը տեղեկացնի բոլոր էն առերեույթ հանցագործություններն, որոնք իբր թե կատարել է իմ պաշտպանյալը՝ իր ընտանիքի հետ միասին։ Մեկ անգամ եւս փաստում եմ, որ դրանք շինծու, հնարովի մեղադրանքներ են եւ լիահույս եմ, որ դատարանում բոլոր հարցերի պատասխանները կտրվի։ Հարկերի հետ կապված միանգամից ասեմ․ ո՞նց եք պատկերացնում, որ, եթե անձը չունի ընկերություն, տնօրեն չի աշխատում, ինչպե՞ս կարող է հարկերը թաքցնի։ Ավելի շուտ յուրացման հետ կապված՝ ներքնաշորեր եւ այլն, եթե կապացուցվի, որ Գրիգորյանը կատարել է այդ հանցագործությունը, ամենախիստ պատիժը ինքը պիտի ստանա, բայց եթե՝ ոչ, ապա ՀՔԾ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց արդեն 6-7 ամիս սպասարկելով, որոշակի գործառույթներ իրականացնելով՝ արդեն տեղյակ եմ որը որից հետո է, իրեն մեղսագրված այդ արարաքները շինծու եւ հնարովի են։ Ուղղակի ՀՔԾ-ն ինձ թվում է՝ ցուցանիշ է փորձում ցույց տալ խայտաբղետ նման հոդվածներ կարելով իմ պաշտպանյալի վրա»։

Հարցին՝ Մանվել Գրիգորյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել մեղադրանքների վերաբերյալ, պաշտպանը պատասխանեց․ «Ի՞նչ պիտի ասի, եթե իրականում ապրանքը գտնվել է պահեստում, ընդունման-հանձնման թղթերով երեւում է, անգամ մի ապրանք կորուստ տեղի չի ունեցել։ Մեքենաները գտել են ավտոպարկերում, վրեն կպցված է եղել երկրապահի լոգոն։ Ինչ վերաբերում է հարկային պարտավորություններին, դրանց վերաբերյալ ասեցի, որ բացարձակ նկարած թվեր են, ինքը առնչություն չունի այդ թվերի հետ։ Լիահույս եմ, որ լինելու է դատական պրեցես եւ այնտեղ օբյեկտիվ գնահատական տրվելու»։

Անդրադառնալով այն դրվագին, որ Էջմիածնի քաղաքացիներից մեկից կատարել է առանձնապես խոշոր չափով գույքի շորթում, պաշտպանը կրկին ընդգծեց՝ դա եւս սարքովի հոդված է, որպեսզի սարքեն գործը խայտաբղետ․ «Թեպետ մենք նյութերը չենք ստացել, բայց կոնկրետ դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ նման բան տեղի չի ունեցել։ Թե ով է ցուցմունք տվել, ով ցուցմունք չի տվել, ես չեմ կարող ասել։ Բացարձակ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել, անգամ՝ չգիտենք՝ ովքեր են տուժողները, չկա նման բան, նույն յուրացման հետ կապված։ Գործը ավարտին է մոտեցել»։

Խոսելով որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, մեր զրուցակիցն ասաց, որ իր տեղեկություններով՝ Արման Գրիգորյանը Հայաստանում չէ․ «Որդուն, եթե հետախուզում են հայտարարում, մեկ անգամ փորձե՞լ են որդուն հրավիրել հարցաքննության, եթե հրավիրեին՝ կիմանայինք։ Որդին դրա մասին իմանում է, երբ հետախուզում են հայտարարել։ Բոլորի պատասխանները մեր կողմից տրվելու են։ Այո, ՀՔԾ-ն օրենքի ուժով իր վրա դրված մեծ խնդիր ունի՝ վերականգնել արդարությունը, բայց ցանկանում եմ փաստել, որ այս գործով ավելի շատ էստեղ տեսա շոու՝ ներկայացնելու հանրությանը, քան թե ես տեսա օբյեկտիվ քննություն։ Օբյեկտիվ քննության մասին խնդիր չկա, ցավում եմ, Հայաստանի համար մեծ խնդիրներ են առաջացնելու միջազգային ատյաններում»։

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ։