Հայտնի է ԵՊՀ նոր պրոռեկտորի անունը

Հայտնի է ԵՊՀ նոր պրոռեկտորի անունը

ԵՊՀ նոր պրոռեկտորներից 2-ի անունը հայտնի է։ Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորատի ընդլայնված նիստ, որի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Էլինա Ասրիյանը։ Երեկ մեզ հետ զրույցում արդեն պաշտոնաթող պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանն ասել էր, որ վերջինիս անունն է շրջանառվում: Գևորգյանը հայտնել է նաև, որ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորի նշանակման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել՝ մեկ ամսից հաստատելու այժմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանի թեկնածությունը:

Ինչ վերաբերում է միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի նշանակմանը, Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այն կլինի նախքան նոր ուսումնական տարվա սկիզբը, իսկ ընդհանուր հարցերով պրոռեկտորի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Արարատ Մալխասյանը:
 
Էլինա Ասրիյանն ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: 2004-2008 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է  «Միֆը՝ որպես քաղաքական լիդերի իմիջի ձևավորման սոցիալ-հոգեբանական գործոն» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտը 2002-2004 թթ. աշխատել է Երևանի պետական հոգեբանական կենտրոնում՝ որպես հոգեբան, 2004-2005 թթ. եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի խորհրդականը: 2005-2007 թթ. ՀՀ ՊԿԱ հոգեբանության ամբիոնում եղել է դասախոս և լաբորանտ, 2007-2009 թթ.՝ ԵՊՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս: 
 
Էլինա Ասրիյանը 2008 թ. առայսօր ԵՊՀ փորձարարական հոգեբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, 2009 թ. առայսօր՝ Հայ-ռուսական համալսարանի մեդիայի և գովազդի ինստիտուտի դոցենտ: Նա 2009-2012 թթ. եղել է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ, իսկ 2012 թ. առայսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է:
Էլինա Ասրիյանի հետաքրքրությունների շրջանակը ներառում են իմիջի հոգեբանությունը, գովազդը և PR-ը, սոցիալական հոգեբանությունը, զանգվածային հաղորդակցման հոգեբանությունը և հուզական ոլորտի հոգեբանությունը:
 
Նա մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: 2003 թ. ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող և արժանացել ԵՊՀ արծաթե մեդալի: 2017 թ.  ճանաչվել է Հայ-ռուսական համալսարանի լավագույն դասախոս: «Էգո երիտասարդ հոգեբաններ» ՀԿ անդամ է։