ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպումներն իսպառ բացակայում են

ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպումներն իսպառ բացակայում են

ԱՄՆ-ի` որպես գերտերության հետ լավ հարաբերությունների պահպանումը ներկայումս յուրաքանչյուր պետության քաղաքական կարեւոր առաջնահերթություններից մեկն է։ Բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ շահը պետք է խարսխված լինի փոխադարձության սկզբունքի վրա, ուստի հարաբերություններ կառուցելիս ԱՄՆ-ն հաշվի է առնում տարածաշրջանի եւ առանձնապես Հայաստանի դերն ու նշանակությունն իր համար։

Մանավանդ, երբ գործ ունենք Թրամփի պես պրագմատիկ եւ գործարար մարդու հետ, ում համար «America First» (Ամերիկան՝ առաջինը) կարգախոսը զուտ միայն կարգախոս չէ: Հենց այս կոնցեպտի ներքո էլ Թրամփը որոշել է ԱՄՆ-ի կողմից աշխարհի տարբեր պետություններին տրամադրվող օգնության ծավալները կրճատել շուրջ 50 տոկոսով։ Նկատենք, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից շուրջ 2 մլրդ դոլարի արտաքին օգնություն է ստացել։

Սակայն իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ն այլեւս միակողմանի օգնության հակված չէ՝ առավելապես կենտրոնանալով փոխգործակցության վրա։ Այո, 2018թ. հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն թեեւ 14 մլն դոլարով ավելացրեց ֆինանսական օգնության ծավալը Հայաստանի համար, սակայն դա առավելապես քաղաքական ժեստ էր՝ ուղղված ժողովրդավարական գործընթացների աջակցությանն ու ընդհանուր արժեքներին։ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ 2019թ․ մայիսի 7-ին տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը, եւ հարաբերությունների մակարդակը որոշակի բարձրացման ենթարկվեց։ ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարում էր պետքարտուղարի օգնականի տեղակալը։

Ընդունված է կարծել, որ քաղաքական հարաբերությունների մակարդակը սրանով բարձրացվել է, եւ սա շատ դրական քայլ է Հայաստանի համար, սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ն քաղաքական առավել կարեւոր հարցեր է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների օրակարգ, իսկ Հայաստանը դժվար թե քաղաքական հարցեր դնի ԱՄՆ-ի առջեւ, քանի որ այդպիսիք չունի։ Եվ ընդհանրապես՝ դժվար չէ կռահել, թե ինչու է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության մակարդակը բարձրանում, եւ ինչ հարցեր են առաջ քաշվելու։ Նախորդ տարի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելեց Հարավային Կովկաս՝ հանդիպումներ ունենալով երեք պետությունների ղեկավարության հետ։ Բոլթոնը հստակ արձանագրեց՝ Ադրբեջանն ու Վրաստանն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող պետություններ են, իսկ Հայաստանը` «կարեւոր առաջնահերթություն»:

Պատահական չէ, որ այցը տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման շրջափուլում։ Ընդհանրապես, Իրանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ պատժամիջոցների ճարտարապետը հենց Բոլթոնի գրասենյակն է։ Իսկ Բոլթոնը համարվում է Իրանի նկատմամբ քաղաքականության «վաշինգտոնյան բազեն»՝ իր կոշտ մոտեցումների պատճառով։ Ակնհայտ էր, որ Բոլթոնի այցը տարածաշրջան առավելապես «հետախուզական» նպատակ ուներ, որի հիմնական նպատակն Իրանի շուրջ օղակի սեղմման հնարավորությունների փնտրտուքն էր։ Իհարկե, Ռուսաստանը նույնպես կարեւոր գործոն է, սակայն դրան կանդրադառնանք այլ հրապարակումներում։ Ինչեւէ,  այս 2՝ Հայաստանի համար կարեւոր պետությունների՝ ԱՄՆ-ի եւ Իրանի օր օրի վատթարացող հարաբերությունները որեւէ կերպ չեն բխում Հայաստանի շահերից։

Աներկբա է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների էսկալացիան «տարածաշրջանի համար կործանարար հետեւանքներ է ունենալու», ինչպես իրավացիորեն նկատում է Ռուսաստանի նախագահ Պուտինը: Ցավալի է, բայց Հայաստանի որեւէ պետական մարմին նման զարգացման համար մշակված ռազմավարություն, սցենար կամ քայլերի հաջորդականություն չունի: Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ քաղաքական հարաբերություններին, պետք է նկատել բարձր մակարդակի հանդիպումների իսպառ բացակայությունը։ Թեեւ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ՝ արտգործնախարարը, պաշտպանության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները եւ Անվտանգության խորհրդի քարտուղարը, աշխատանքային այցով մեկնել էին ԱՄՆ, այնուամենայնիվ, տեղի չունեցան նույն մակարդակի հանդիպումներ ԱՄՆ իրենց գործընկեր պաշտոնյաների հետ։ 

Թեեւ նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից փորձ արվեց կազմակերպել Թրամփ-Փաշինյան բարձր մակարդակի հանդիպումը, այնուամենայնիվ, վերջինիս հաջողությունն ի սկզբանե կասկածելի էր, քանի որ նախաձեռնողների շարքերում Թրամփի քաղաքականության ակտիվ քննադատ կոնգրեսականներն էին, ինչպիսիք են, օրինակ, Ադամ Շիֆը եւ Ֆրանկ Փալոնը։

Իհարկե, կան պետություններ, որոնց հարաբերությունները քաղաքական առումով բարձր մակարդակի չեն, սակայն մեծ առեւտրային հարաբերություններ եւ բիզնես կապեր կան։ Սա նույնպես միջազգային հարաբերություններում հաճախ հանդիպող երեւույթ է։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, սա չի կարող վերաբերել ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, քանի որ աշխարհի 193 երկրների շարքում ՀՀ-ն ԱՄՆ-ի 170-րդ առեւտրային գործընկերն է։ Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակարգի պրագմատիկ եւ բիզնես ուղղվածության քաղաքականությունը՝ հենց տնտեսական ոլորտը կարող էր դառնալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարժիչ խթանը, ինչը, ցավոք, տեղի չի ունենում։

Երեւի թե ակնհայտ է, որ այս քաղաքական եւ տնտեսական գերտերության հետ հարաբերությունների խորացումը պետք է Հայաստանի համար առաջնահերթություն լիներ, ոչ թե հակառակը։ Վերջապես պետք է գիտակցել, որ ԱՄՆ-ն մշտապես օգնություն տրամադրողի, իսկ Հայաստանը օգնություն սպառողի դերում լինել չի կարող։ 

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն