Այդժամ ի՞նչ է ասելու «գրասենյակը»

Այդժամ ի՞նչ է ասելու «գրասենյակը»

Ակնհայտորեն նկատի ունենալով տողերիս հեղինակին,  Արցախի ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը մի հայտարարություն է տարածել, թե իբր խոստացել էի, որ իմ հարազատ գյուղում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը կսատարի ընդամենը 15 հոգի, բայց երբ 70 տոկսն ստորագրել է՝ «կորցրել եմ ադեկվատությունս»:

Ո՞վ է  տեքստի բուն հեղինակը՝ որեւէ նշանակություն արդեն չունի: Գործ ունենք կամ  տարրական անգրագիտության, կամ բացահայտ կեղծարարության հետ: Գրության հեղինակի համար հատուկ ընդգծեմ, որ իմ ծննդավայր՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում հաշվառված է ավելի քան 500 ընտրելու իրավունք ունեցող ԱՀ քաղաքացի:

Նրանցից նախաձեռնությանը միացել է 70 հոգի, մեծամասամբ՝ ծեր, միայնակ ու հաշմանդամ մարդիկ, որոնց նկատմամբ ազդեցության ամենատարբեր միջոցներ են կիրառվել: Բայց դա հարցի մի կողմն է: Հետաքրքիր է՝ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակում չորրորդ դասարանցու մակարդակի թվաբանական գիտելիքներ ունեցող մեկը չկա՞ր, որ հաշվեր, թե 70-ը  500-ի ո՞ր տոկոսն է կազմում:

Չեմ կարծում, թե այդ գրասենյակում միայն թերուսներ, նույնիսկ միջնակարգ կթություն չստացածներ են հավաքված: Պարզապես հրահանգ է իջեցված՝ մամուլում եւ սոցիալական ցանցերում տպավորություն ստեղծել, որ ստորագրահավաքի 50+1 շեմը հաղթահարված է, արդեն հասել են 70 տոկոսի: Այդպիսով վաղվա փողոցային ելույթների համար ստեղծվում է անհրաժեշտ ֆոն:

Մարդիկ, սակայն, մոռանում են, որ հուլիսի 18-ից հետո ստորագրված ձեւաթղթերը պետք է ներկայացնեն ԿԸՀ՝ դրանց վավերականությունն ստուգելու: Եւս մեկ շաբաթ՝ եւ ամեն ինչ պարզ կլինի: Կապացուցվի, որ ԱՀ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ոչ միայն 70, անգամ 20 տոկոսը չի աջակցել նախաձեռնությանը: Այդժամ ի՞նչ է ասելու «գրասենյակը»: