Երբեք չհրաժարվել պատմական հիշողությունից՝ ի հեճուկս իշխանության

Երբեք չհրաժարվել պատմական հիշողությունից՝ ի հեճուկս իշխանության

Փաշինյանի վարչախումբը Շուշիի ազատագրման երեսնամյա հոբելյանին է մոտենում՝ հետպատերազմյան մեկուկես տարում ոչ միայն այդ քաղաքի եւ Արցախի մյուս հայապատկան բնակավայրերի վերադարձի մասին որեւէ պնդում չանելով, այլեւ դրանց նկատմամբ բոլոր իրավունքները մեծահոգաբար նվիրելով թշնամուն, իսկ հայ ժողովրդին փորձելով զրկել իր ոչ վաղ անցյալի պատմական հիշողությունից: Շուշի քաղաքում անցած դարասկզբից ի վեր իրականացված մի քանի ցեղասպանությունների եւ հայաթափումների կամ ներկայումս այդ քաղաքի հայկական դիմագծի իսպառ վերացման մասին Փաշինյանը հո չի՞ խոսելու: Մեկուկես տարի անց նա այդպես էլ չի պատասխանի իրեն երազում, թե արթմնի հետապնդող այն հարցին, որ եթե ռուսական առաջարկի համաձայն՝ Շուշիի վարչակազմը մնալու էր հայկական, իսկ քաղաքը՝ Արցախի անքակտելի մաս, ինչո՞ւ է նա որոշել բերդաքաղաքը հանձնել թշնամուն:

Նույնկերպ եւ ի բնե հայկական բնակավայր Հադրութի ապազավթման անհրաժեշտության մասին այս իշխանությունը երբեւէ չի խոսել, ավելին՝ բնում խեղդել է այն թշնամական օկուպացիայի տակ գտնվելու իրողությունն արձանագրող որեւէ փաստաթղթի, նախեւառաջ՝ խորհրդարանական հայտարարության ընդունումը: Փաշինյանի վարչախումբը հանգիստ կարող է հիմնավորել նաեւ Հադրութի «ոչ հայկական» լինելը՝ որպես փաստարկ բերելով այն, թե հարակից գյուղերում, օրինակ՝ Մեծ Թաղերում, ժամանակին նաեւ ադրբեջանցիներ են ապրել: Այդ տրամաբանությամբ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 36 շրջաններից 25-ում, օրինակ՝ Վարդենիսի կամ Ամասիայի շրջաններում, նաեւ ազգությամբ ադրբեջանցիներ էին ապրում, ի՞նչ է՝ դա որպես հիմք ընդունելով՝ համարենք, որ նրանք այդտեղ այսօ՞ր էլ ինչ-որ իրավունքներ ունեն:

Փոխարենը՝ Ադրբեջանից բռնագաղթած կամ այնտեղ ցեղասպանված հայության մասին այս իշխանությունը գերադասում է լռել այնպես, ինչպես Ալիեւը: Իշխող վերնախավի որեւէ ներկայացուցիչ այս տարի Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի հուշարձանի մոտ հարգանքի տուրք չմատուցեց, դա հո մարտի 1-ը չէ՞: Ո՛չ Գարդմանքի ու Բաքվի հայության բռնագաղթի, ո՛չ Շահումյանում ու Նախիջեւանում հայության հետքերի տոտալ վերացման մասին այս իշխանությունը չի խոսի՝ լռությամբ ձայնակցելով ադրբեջանական իշխանությանը: 

Պատահական չէ, որ խորհրդարանական հարցուպատասխանների կամ կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանի շատ արտահայտություններ ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական լրահոսի գլխագրեր են դառնում՝ հիմք տալով Բաքվի վարչակարգին հենվելու Երեւանի իրենց գործընկերների խոսքի վրա եւ առհավետ փակված համարելու արցախյան հիմնահարցը: Իշխանությունն անգամ պատմաբանների հանրույթի՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կամ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ որեւէ հարց չի քննարկում, չի խորհրդակցում, գոնե տեղեկատվություն չի ուզում, այն դեպքում, երբ Ալիեւի քարոզչական գծի ձեւավորման առաջատար շարքերում հենց ադրբեջանցի վայ-պատմաբաններն են:

Պատմագիտական հանրույթի կողմից նվազագույն խորհրդատվություն ստանալու դեպքում, օրինակ, Փաշինյանը կպարզեր, թե ինչպես չեզոքացնել Ալիեւի շարունակական փորձերը՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների հավաքներին Նժդեհին որպես նացիստ ներկայացնելու: Ի պատասխան՝ ընդամենը պետք է հիշեցնել մուսավաթական Ադրբեջանի հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի կենսագրության այն դրվագը, երբ նա հիտլերյան Գերմանիայի մահմեդական կորպուսի հրամանատարն էր: Այլ բան, որ անգամ թշնամու դեմ նման անխոցելի փաստարկներ ունենալու դեպքում Փաշինյանը, ներքին կաշկանդումներից ելնելով, վստահաբար չի խոսի այդ մասին:

Դավիթ Սարգսյան