Գագիկ Ծառուկյանը նոր հարթա՞կ է ձեւավորում

Գագիկ Ծառուկյանը նոր հարթա՞կ է ձեւավորում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին ընդունել է մի շարք դիվանագետների հետ եւ անգամ հաղորդագրություն են տարածել: Գրել են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ զարգացումները, հանդես են եկել կոնկրետ առաջարկներով։ Քաղաքական դաշտում տեւական ժամանակ պասիվացած Ծառուկյանի հայտնվելը տպավորություն ստեղծեց, թե նա որոշել է նորից ակտիվանալ: Վերջին շրջանում նա միայն արցախահայերին օգնություն բաժանելու եւ սպորտային միջոցառումներում էր երեւում: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հանդիպում է եղել եւ արդյոք այն շարունակություն է ունենալու:

Մեր տեղեկություններով, հանդիպումը բավականին երկար է տևել՝ քննարկումները ծավալվել են շուրջ երկու ժամ։ Նախաձեռնությունը մասամբ բխել է դիվանագետներից, նրանցից մի քանի դիմել էին Գագիկ Ծառուկյանին հանդիպելու համար և Ծառուկյանը որոշել է ոչ թե առանձին- առանձին հանդիպել, այլ նման հանդիպում անցկացնել եւ հրավերներ են ուղարկել ոչ միայն դիվանագետների, այլ նաեւ քաղաքագետների, լուսանկարներում տեսանք Վիգեն Հակոբյանին, Վահե Հովհաննիսյանին: Սակայն հայտնի չէ, արդյոք այս հանդիպում-քննարկումը շարունակություն կունենա, թե ոչ։
Հաղորդագրությունից հետո քննարկումներ սկսվեցին` արդյոք Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է նոր հարթակ ստեղծել, կամ նորից ակտիվ քաղաքականություն վերադառնալ։

Հանդիպմանը մասնակցած ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Վահագն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ցանկացած հարթակ, որտեղ մտահոգություն կա երկրի, իրավիճակի, անվտանգային, տնտեսական և մնացած բոլոր հարցրեի հետ կապված, ողջունելի է` եթե այդտեղ հավաքվում են ադեկվատ մարդիկ, որոնք կարող են քննարկել, իրենց մասնագիտական մասով առաջարկություններ ներկայացնել։ Դա շատ նորմալ պրոցես է, պետք չի դիտարկել այն որպես նոր քաղաքական ինչ-որ հարթակ»։

«Վաղը կամ մյուս օրը, եթե ուրիշ հարթակներ լինեն մտահոգ մարդկանց կողմից կազմակերպված, ովքեր մտահոգված են երկրի ճակատարգրով, անտարբեր չեն, իրենց տներում նստած չեն, ում սիրտը ցավում է այս աղետի առաջ, այդ բոլոր հարթակներն էլ նրա համար են, որ նորմալ մարդիկ հավաքվեն, քննարկեն ու փորձեն հասկանալ՝ ինչու է այսպես, ինչ է հնարավոր անել»,- շեշտեց Մելիքյանը։

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն էլ ասաց, որ չի կարող ասել` հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, թե ոչ, միայն հավելեց․ «Շատ արդյունավետ քննարկում էր։ Քննարկվել է առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակը, տեղի ունեցող գործընթացները։ Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ նպաստում են պետականապահպանությանը։ Բոլոր քննարկումները, որոնք միտված են քննարկելու ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը՝ միայն կարելի է ողջունել»։