«Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը անցավ թշնամու վերահսկողության տակ, փրկվեց միայն խաչքարը

«Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը անցավ թշնամու վերահսկողության տակ, փրկվեց միայն խաչքարը

Մարտի 29-ին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նախկին երթուղու փակումից հետո, թշնամու վերահսկողության տակ անցավ նաեւ «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողը, որը գտնվում էր Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին։

«Սյունյաց երկիրը» նշել էր, որ պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեցին հուշակոթողը փրկելու համար, թեեւ հուշակոթողին սպասվող վերահաս վտանգի մասին բարձրաձայնել էին դեռեւս 2022 թ․հոկտեմբերին։

2023 թ. ապրիլին, երբ  արդեն Լաչինի միջանցքի նոր երթուղու արեւմտյան հատվածը (Կոռնիձոր եւ Տեղ գյուղերով անցնող) ամբողջապես կգործարկվի, գործող երթուղու մնացյալ  հատվածը նույնպես կանցնի Ադրբեջանի տիրապետության ներքո…
Ադրբեջանին կանցնի նաեւ այս հուշակոթողը, որը խորհրդանշում է Մեծ եւ Փոքր Սյունիքների, ասել է թե՝ Սյունիքի եւ Արցախի ճակատագրերի միասնությունը:

2007-ին կառուցված հուշակոթողը նաեւ  Արցախյան առաջին պատերազմում նահատակված մեր քաջորդիների հիշատակը  երիցս հավերժացնելուն միտված քայլ էր:
Ճարտարապետ Սեւադա Զաքարյանի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության միջոցներով (գլխավոր տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան) կառուցված այդ կոթողով էր սկսվում Արցախի Հանրապետությունը…
Հուշակոթողն ապամոնտաժել եւ տեղափոխել Սյունիքի մարզի տարածք՝ հնարավոր չէ: Սեւադա Զաքարյանի կարծիքով՝ ապամոնտաժելուց հետո քարերը կդառնան անօգտագործելի, ինչը թույլ չի տա նախկին տեսքով վերականգնել հուշարձանը: Տեղափոխել կարելի է (եւ անհրաժեշտ է) միայն կողքի խաչքարը:

Սյունեցի լրագրող Արև Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով․«Սյունիքը երկար տարիներ ղեկավարած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ Ֆրանսիայի հիվանդանոցից կարողացավ կազմակերպել և հանել Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին կանգնեցված «Մեծ եւ Փոքր Սյունիքներ» հուշակոթողի մոտ գտնվող խաչքարը։ Հեռախոսազրույցում խոստացավ ինձ, որ վերադառնալու է և այդ խաչքարը նորից իր տեղում կանգնեցնի» :

Մենք զրուցեցինք Արև Աբելյանի հետ ՝ պարզելու, թե ինչպես եղավ, որ թշնամու՝ Տեղ ներխուժելու դեպքից օրեր առաջ Սյունիքի նախկին մարզպետը նախաձեռնեց խաչքարի տեղափոխման գործընթացը, տեղեկացված էր, թե ինչպես․․․: «Այդ դեպքից  օրեր առաջ հեռախոսազրույց ունեցա Սուրիկ Խաչատրյանի հետ, նա շատ մտահոգ էր․ ասաց՝ Լաչինի միջանցքի այսքան երկար շրջափակումը լավ բան չի հանգեցնելու: Ասաց, որ խիստ մտավախություն ունի, որ նոր զարգացումներ կարող են լինել արդեն Սյունիքի ուղղությամբ, եւ հրահանգել էր գոնե խաչքարը հանել ու պահել ապահով մի տեղ: Իսկ խաչքարի տեղափոխման ողջ գործընթացն իրականացրել է Տեղի նախկին համայնքապետ Ներսես Շադունցը, նա երկար տարիներ համայնքապետ է եղել, Տեղի բնակիչ է, բնական է, չէր կարող ձեռքերը ծալած նստել»,-hraparak.am-ին ասաց Արև Աբելյանը։