Վրաերթից մահացած հղիի գործով նորություն կա․ խախտվել են իրավահաջորդի իրավունքները

Վրաերթից մահացած հղիի գործով նորություն կա․ խախտվել են իրավահաջորդի իրավունքները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում 2022թ․-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունն ուղեկցած՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար, մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական նիստերը շարունակվում են։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատաքննություն ընթացքին՝ նշեց․ «Դեռեւս գտնվում ենք հիմնական դատալսումների փուլում, դատարանը հարցաքննում է վկաների։ Հաջորդ նիստում հավանաբար կավարտվի վերջին չորս վկաների հարցաքննությունը, կանցնենք վարույթի գրավոր ապացույցների հետազոտմանը։ Այս պահին դեռևս ընթացքի մասին կարծիք հայտնելը դժվար է, ամեն դեպքում, տուժող կողմը դատաքննության ընթացքի անհարկի ձգձգումներ չի նկատել»։

 Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժող կողմի բողոքը՝ որոշմամբ արձանագրելով, որ քրեական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները, բացի վարորդի արարքից, պատշաճ նախաքննության առարկա չեն դարձվել նաև հատուկ տրանսպորտային միջոցների շարասյան և կրոտեժի ղեկավարների արարքները, այդ կապակցությամբ բավարար քննություն չի իրականացվել, ուստի վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է այդ կապակցությամբ նախաձեռնել նոր քրեական վարույթ և վերացնել խախտումները․

«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել։ Հետևաբար տուժող կողմը դեռևս սպասում է Վերաքննիչ դատարանի որոշման կատարմանը, այսինքն նոր քրեական վարույթ նախաձեռնելուն, ինչի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունենք»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Նավասարդյանը շարասյան առջեւից ընթացող իր մեքենան վարել է լուսաձայնային ազդանշանները միացված, սահմանված 100 կմ/ժամը գերազանցող՝ նվազագույնը 108,7 կմ/ժամ արագությամբ։ Ըստ մեղադրանքի՝ երթեւեկության վտանգավոր պահից սկսած(որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել) Արամ Նավասարդյանը քայլեր չի ձեռնարկել՝ արագությունն իջեցնելու համար, ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, եւ ժամանակին չի դիմել արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն եւ մեքենայի առջեւի աջ մասով վրաերթի է ենթարկվել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հանգիստ քայլելով հետիոտնային գծանշումների վրայով Պարոնյան փողոցը հատող, 31 շաբաթական հղիություն ունեցող Սոնա Մնացականյանին։ Արամ Մնացականյանը հետիոտնին անզգուշությամբ պատճառել է մահ։ Բացի այդ, Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի վայրը եւ հեռացել»։