Բաքվում հակասական տրամադրություններ են կապված ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հուշագրի կնքման հետ

Բաքվում հակասական տրամադրություններ են կապված ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հուշագրի կնքման հետ

Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ կքնված էներգետիկ համագործակցության հուշագիրը Բաքվի վարչակարգի մոտ ակնհայտորեն առաջացրել է գլխապտույտ։ Տասն օրվա մեջ Եվրոպայի քիչ թե շատ երեւելի պաշտոնյաներից ով չալարեց եկավ Բաքու եւ դեռ գալիս է։ Հասկանալի է, Եվրամիությունը էներգետիկ լուրջ ճգնաժամի մեջ է։ Դիմացն էլ ձմեռ է գալու եւ «գլխի ճար տեսնելու» կարիք կա։ Կասեր ժողովուրդը՝ Եվրամիությունում որոշել են «ձվածեղի սիրույն շիկացած թավան էլ լիզել»։ Թերեւս նաեւ սրանով կարելի է բացատրել այն, որ Ադրբեջանում որոշակիորեն կոշտացվել է վերաբերմունքը ԼՂ-ում տեղակայված ռուսական բազայի նկատմամբ, եւ մամուլում, փորձագիտական-վերլուծական հանրույթի մակարդակով իրականացվող հակառուսական «նաեզդներին» նաեւ պետական համակարգն է միացել՝ արդեն ակնհայտ կերպով։ Ադրբեջանական հասարակության մեջ տարբեր հարթակներում շարունակվում են քննարկումները` կապված ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցության հուշագրի հետ։

Որոշ ադրբեջանցի սոցկայքային օգտատերեր նշում են, որ չնայած Ադրբեջանը խոշոր նվաճում ունի եւ իր տեղն ամրագրել է համաշխարհային էներգետիկ քարտեզի վրա, սակայն ռուսական էներգառեսուրսներն ամեն դեպքում շարունակելու են մատակարարվել դեպի Եվրոպա եւ ռուսական գազին այլընտրանք ԵՄ-ն պարզապես չունի։ Առավել իրատեսները նկատում են, որ ԵՄ-ն խելամիտ կլինի եթե ռուսական գազից չհրաժարվի, հակառակ դեպքում կարող է վերադարձ լինել դեպի խոր միջնադար։ Որքան էլ ուշագրավ է, կան ադրբեջանցիներ, որոնք կարծում են, որ իրականում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հանդես են գալիս տանդեմով եւ ԵՄ-ին նետել են մի ծուղակի մեջ, որից վերջինս փորձ է անում դուրս գալ՝ նաեւ Բաքվի օգնությամբ։ Որոշ օգտատերեր նկատում են, որ ամենայն հավանականությամբ արտոնյալ գներով Բաքուն գազ կմատակարարի Եվրոպային, վերջինս էլ Ադրբեջանին կշնորհի «դեմոկրատական երկրի» պիտակ։

Մի քանի առավել լավատեսներ նույնիսկ հասել են նրան, որ հարցնում են, թե երբ է առանց վիզայի ելումուտի ռեժիմ հաստատվելու ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Առավել իրատեսները նշում են, որ Եվրոպային Ադրբեջանը պետք է որպես դոնոր եւ որպես այդպիսին դիտարկելով էլ օգտագործում են Բաքվին եւ ոչ ավելին։ Պարզապես Եվրոպան կթում է Ադրբեջանին, ինչպես կթել է Ռուսաստանին։ Հակառակ դեպքում, նշել են մի քանի օգտատերեր, Եվրոպան «այդքան հայամետ չէր լինի երեք տասնամյակ շարունակ»։

Ադրբեջանական սոցկայքերում նկատում են, որ սկզբում Եվրոպան շատ լավ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, հետո արդեն սկսվեցին սանկցիաները, ունեցվածքի կալանավորումները, եւ Ադրբեջանին էլ նույն բանն է սպասվում, ու չպետք է հավատալ երկերեսանի Եվրոպային։ Եվրոպան, ըստ այս կարծիքն արտահայտողների, մահմեդական երկրների հետ երբեք անկեղծ չի եղել։ Ինչպես եւ կարելի էր սպասել, քննարկումների առանձին հարց է դարձել այս համատեքստում Բաքու-Մոսկվա հարաբերությունները։ Ադրբեջանական հասարակության մի ստվար հատված էլ կարծում է, որ Ադրբեջանն իրականում պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, քանի որ հարյուր հազարավոր ընտանիքներ պարզապես «ռուսի հացն են ուտում», իսկ Եվրոպան հետխորհրդային տարածքում գժտություն տարածող է։

Մի շարք տելեգրամյան ադրբեջանական ալիքներ էլ կասկածի տակ են դնում այն, որ Եվրոպան կկարողանա պահպանել իր տնտեսությունն ու մրցունակությունը` Բաքուն պետք է զգույշ լինի։ Ոմանք նույնիսկ գրում են, որ այս ամենը իրականում լավ մտածված ավանտյուրա է, եւ իրականում Ալիեւն ու Պուտինն ունեն պայմանավորվածություն եւ ադրբեջանականի անվան տակ ռուսական էներգակիրներն են վաճառվելու եվրոպացիներին։