Այս  դատավարությունը կարող է զորաշարժի ենթարկել մեր մորթապաշտ ու ծախու երեկվա վերնախավին

Այս  դատավարությունը կարող է զորաշարժի ենթարկել մեր մորթապաշտ ու ծախու երեկվա վերնախավին

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ 

-Մայիսի 13-ին սկսվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։ Հայաստանի երրորդ հանրապետությունում եղել են հասարակական հնչեղություն ունեցող այլ դատավարություններ եւս՝ Հոկտեմբերի 27-ի գործով, Մարտի 1-ի գործով։ Հերթական անգամ, ըստ Ձեզ, ի՞նչ փորձություն է սպասվում մեր դատաիրավական համակարգին։

-Մեր դատաիրավական համակարգին ոչ մի փորձություն էլ չի սպասվում. այն պարզապես մերը չէ: Փորձությունն առաջին հերթին սպասվում է Հայաստանի պետությանը: Կրկնեմ նախկինում ասածս՝ մենք թավալգլոր մոտենում ենք նախաալեքսանդրապոլյան վիճակի:

-Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը, ըստ Ձեզ, կարո՞ղ է խաթարել հասարակական համերաշխությունը։

-Այո՛, կարող է: Բայց ոչ թե ինքնին այդ դատավարությունը կարող է խաթարել հասարակական համերաշխությունը, այլ այդ դատավարությունը կարող է զորաշարժի ենթարկել մեր մորթապաշտ ու ծախու երեկվա վերնախավին. սա էլ իր հերթին հասարակությանը կարող է խրամատավորել, եթե, իհարկե, իր մոսկովյան տիրոջից վերջնական հրահանգ ստանա: Դա մեկ անգամ մենք արդեն տեսել ենք ոչ այնքան հեռավոր 1920-ի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, երբ բանակը ներսից քայքայեցին ու պետական ամբողջ համակարգը պարալիզացրին հայազգի կամակատարները: Հետևանքը եղավ Կարսի անկումը, Նախիջևանի օտարումը, «օրհնած ոտի» անիծյալ ներխուժումը, պետականության կորուստը:

-1998թ․, երբ Ռոբերտ Քոչարյանը պալատական հեղաշրջման միջոցով դարձավ ՀՀ նախագահ, ուներ աջակիցների ոչ փոքրաթիվ բանակ։ Այսօր նրանցից շատերը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ,  ակնկալում են, հայտարարում են,  որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ենթարկվի պատասխանատվության, միաժամանակ «մոռանում» են, թե ինչ «արջի ծառայություն» են մատուցել նրան ժամանակին։ Ի՞նչ ուղերձ կհղեիք այդ մարդկանց։

-Մարդկային ամենաստոր արատն ապերախտությունն է, ըստ իս: Իմ հղելիք ուղերձը որևէ բարոյական ազդեցություն չի կարող ունենալ ո՛չ Քոչարյանի երեկվա պնակալեզների, ո՛չ այժմ դրանց ծառայություններից օգտվել չխորշողների համար: Ուստի ուղերձ չունեմ ոչ մեկին: Հույսս այն է, որ մեր երկիրը երբևէ դուրս է պրծնելու ռուսական իմպերիական ուղեծրից, և այդ ժամանակ իրոք հրապարակվելու են բոլոր փաստաթղթերը: Միայն այդ ժամանակ է, որ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենալու գուցեև լացով վերջապես թաղել իր սովետա-թուրքական անցյալի դին ու ստանձնել իրեն վայել առաքելությունը, դառնալ ազատ աշխարհի հարազատ մի մասնիկը: Ամենաարդիական ուղերձը հղվել է երկու հազարամյակ առաջ, Ավետարանում, թե չկա ծածուկ մի բան, որ հայտնի չդառնա:

-Լրացավ թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության գործունեության մեկ տարին։ Կադրային քաղաքականության, ծրագրերի հարցում ի՞նչ փոփոխություններ պետք է անի, ըստ Ձեզ, նոր կառավարությունը։

-Հիմա այնպիսի մի լիցքավորված, էլեկտրականացած վիճակ է, որ ցանկացած «ըստ» ընդունվում է հիվանդագին ու ոչ ադեկվատ, ուստի ձեռնպահ կմնամ կարծիք հայտնելուց: Միայն կկամենայի բոլորիս կրկին հիշեցնել, որ ցանկացած նյութական, տնտեսական, քաղաքական իրակա՛ն ու տևական հաջողության ակունքը հոգևորն է. առանց այդ էլ ավերակ ու կոտորակված է հայության հոգևոր աշխարհը, պետք չէ առավել քաոտիկ դարձնել այն. բացառված չէ, որ վերականգնելն անհնարին լինի: