Ո՞վ է գրում տնօրենի ծրագիրը

Ո՞վ է գրում տնօրենի ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդը մասնակցում է հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Հայաստանյան բազմաթիվ դպրոցներում տարիներ շարունակ տնօրենի ընտրություները մեծ աղմուկով էին անցկացվում: Ըստ նախկին գործող կարգավորման՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ։

Ընտրվելու համար առնվազն 6 ձայն է հարկավոր։ Սակայն ձայները հիմնականում կամ հավասար են բաշխվում թեկնածուների միջև, կամ դպրոցների թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները ընդդիմանում են տնօրենի այն թեկնածուներին, որոնք նախկինում դպրոցում չեն աշխատել։ Նախընտրում են իրենց դպրոցում արդեն աշխատող թեկնածուներին։

Տնօրենի ընտրության նոր կարգի փոփոխությունը այլ ռիսկեր էլ է պարունակում: 

Ամիսներ շարունակ Գեղարքունիքի մարզի Սեւանի 4-րդ հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է: Այս ամիսներ ընթացքում մի քանի մրցույթ է հայտարարվել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար: Պարզվում է, որ այդ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (ջոկատավարուհի) Մարիամ Հակոբյանն այնքան էր ցանկացել տնօրեն դառնալ, որ երեք անգամ ներկայացրել է զարգացման ծրագիրը, եւ երեք անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն: Բայց դա դեռ ամենը չի, բացի Մարիամ Հակոբյանից մրցույթին դպրոցի զարգացման ծրագիր է ներկայացրել նաեւ Գեղարքունիքի մարզի Նորաշենի հիմնական դպրոցի տնօրեն՝ Ռուբիկ Բարսեղյանը, ում ներկայացրած զարգացման ծրագիրը փորձաքննությամբ ստացել է դրական եզրակացություն, բայց չգիտես ինչու Գեղարքունիքի մարզպետարանում այդքան էլ ուրախ չեն եղել Ռուբիկ Բարսեղյանին տնօրենի պաշտոնին նշանակելու համար: Ռուբիկ Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե քանի՞ անգամ է մասնակցել մրցույթին եւ ի՞նչ արդյունք է արձանագրել.

«Առաջին անգամ իմ ներկայացրած զարգացման ծրագիրը չէր անցել, երկրորդ անգամ՝ տրվել է դրական եզրակացություն: Ես դիմել եմ նախարարություն, դեռ պատասխան չեմ ստացել: Ավել բան չեմ կարող ասել տվյալ պահի դրությամբ, եթե այլ հարցեր ունեք՝ դիմեք նախարարություն: Ուղղակի զարգացման ծրագրի հետ կապված մի փոքր դիտարկում անեմ՝ ձեւաչափը, որ մշակված է` զարգացման ծրագիրը կազմելու համար, թերի ձեւաչափ է: Նախ տնօրենի ընտրության կարգն է բավականաչափ ռիսկեր պարունակում:

Զարգացման ծրագիրը ցանկացած դպրոցի վերաբերյալ դպրոցի թեկնածու հնարավոր է, որ ինքը չգրի, ինչ որ մեկը հեղինակի, գրի եւ թեկնածուն ներկայացնի: Այս դեպքում չի բացահայտվում հեղինակը տնօրենի թեկնածո՞ւն է, թե՞ այլ անձ, եւ եթե չբացհայտվեց, դպրոցի ղեկին կհայտնվի այնպիսի մարդ, որ ընդհանրապես հեռու է դպրոցից: Կամ հետեւյալը՝ տնօրենի թեկնածուից պահանջվում է ներկայացնել տվյալ դպրոցի ուսուցիչների կրթության որակը: Այդ հարցը բազմիցս տվել եմ լիազոր մարմիններին, եթե թեկնածուն այդ դպրոցում չի աշխատել, ինչպես կարող է ներկայացնել տվյալ դպրոցի ուսուցիչների կրթության որակը: Այլ կետեր կան, որոնց համար կարգավորումներ են պահանջվում»,-ասաց Բարսեղյանը: 

Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հավաստիացրեցին, որ խնդիրը լուծված է. «Այս պահին էլ հարցը գտնվում է ԿԳՄՍ-ի տիրությում: 1 կամ 2 օրվա ընթացքում համապատասխան գրությունը կգա, ու մենք արդեն կանցնենք հաջորդ փուլին, ես խնդիր չեմ տեսնում, կքննարկենք՝ լիազոր մարմնի ղեկավա՞րն է ընդունում հարցազրույցը, թե՞ ԿԳՄՍ նախարարությունը»: 

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 25-ին կառավարության որոշմանբ նախագիծը հաստատվել է. «Սեւանի թիվ 4 հիմնական դպրոցի զարգացման ծրագիրը ուներ 2 եզրակացություն, տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված: Մի կազմակերպությունը տրամադրել է դրական տեղեկանք, որի հիմքով ունեինք դրական եզրակացություն, մյուսը՝ բացասական եզրակացություն: Առաջին դեպքում մարզպետարանը հարցազրույց էր արել եւ հարցազրույցի փուլում փաստորեն պայմանագիր չէր կնքել հավակնորդի հետ և այդ պատճառով նոր մրցույթ էր հայտարարվել, եւ երկրորդ մրցույթի արդյունքում ծրագիրը բացասական եզրակացություն ստացավ: Հարցը կարգավորելու համար 1 դրույթ ենք ավելացրել, որը կարգավորում է այդ տեսակ հարցերը, եթե հավակնորդը նույն հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին դիմում է, եւ զարգացման ծրագրում որեւէ փոփոխություն չի իրականացնում, ապա դրական եզրակացություն ունենալու դեպքում այդ զարգացման ծրագիրը փորձաքննության չի ներկայացվում, եւ հնարավորություն է տալիս հավակնորդին միանգամից մասնակցել հարցազրույցի փուլին: Այս կետով կարգավորվում է Սեւանի թիվ 4-րդ դպրոցի հավակնորդի հարցը, նրան հնարավորություն է տրվելու իր դրական եզրակացությամբ զարգացման ծրագրով մասնակցել միանգամից հարցազրույցի փուլին: Կարգով սահմանված է 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպենք հարցազրույց:

- Պարո՛ն Սարդարյան, նշեցիք, որ Գեղարքունիքի մարզպետարանը առաջին հարցազրույցից հետո հավակնորդի հետ պայմանագիր չի կնքել: Ի՞նչ պատճառով պայմանագիր չի կնքել մարզպետարանի եւ հավակնորդի միջև:

- Ես չեմ կարող ասել, այդ հարց կարող եք տալ մարզպետարանին:

Տնօրենի կարգի փոփոխության հետ կապված տնօրենի հավակնորդը նշում է, որ զարգացման ծրագիրը կարող է գրված է լինել մեկ այլ անձի կողմից: Այս դեպքում ինչպե՞ս կարող եք բացահայտել, որ զարգացման ծրագիրը հենց հավակնորդն է գրել:

«Նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած կարգավորմամբ, մասնագիտական հանձնաժողովը ծրագրով ստուգելու է զարգացման ծրագրերի բովանդակությունը, բացառելու համար կրկնությունները եւ արտագրությունները: Մենք կարողանում ենք ֆիլտր անել եւ դա բացառել, իսկ ինչ վերաբերվում է, որ մեկի փոխարեն մեկ այլ անձ գրի զարգացման ծրագիր, սա կարծում եմ իրավապահ մարմինների գործն է: Դուք ինքներդ էլ պատկերացնում եք, որ դրա ստուգումը նախարարության իրավասության մեջ չի մտնում, դա ավելի շատ տեսչության կամ իրավապահ մարմինների հարթակում է»: