Հայաստանը Ղազախստանում իր ներկայացվածության մակարդակն իջեցնո՞ւմ է 

Հայաստանը Ղազախստանում իր ներկայացվածության մակարդակն իջեցնո՞ւմ է 

Տեւական ժամանակ է՝ Հայաստանը դեսպան չունի իր ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանում։ Առաջին հայացքից Ղազախստանը գուցե ոչ այնքան կարեւոր, բայց իրականում խիստ առանցքային երկիր է եւ խաղացող։ Ի վերջո, սա այն տարածքն է, որտեղ Ռուսաստանի շահերը խաչաձեւվում են  Չինաստանի եւ Արեւմուտքի շահերի հետ։ Ղազախստանը նաեւ որպես միջինասիական, այսպես ասած, լիդեր երկիր, ՌԴ  հիմնական գործընկերն է կովկասյան տարածաշրջանում, կասպյան ավազանում։

Եվ չնայած ինքնուրույնությանն ուղղված ակնհայտ ձգտումներին, ռուսական եւ ռուսալեզու բնակչության մեծ շերտի  առկայությամբ հանդերձ, վարում է չափավոր քաղաքականություն եւ փորձում է հավասարակշռել տարբեր կենտրոնների շահերն ու հետաքրքրությունները։ Այլ խոսքով, սա այն պլատֆորմն է, որտեղ Հայաստանի դեսպանությունը հանգիստ կարող էր աշխատել նաեւ այլ երկրների դեսպանությունների հետ։ Եվ, ի վերջո, չմոռանանք, որ Ղազախստանի դեսպանը դեսպան է նաեւ Ղրղզստանում։

Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ Հայաստանն այսքան ժամանակ այս երկրում չունի դեսպան, եւ արդյոք ճի՞շտ է, որ ինչ-որ ժամանակ առաջ Հայաստանը Ղազախստան է ուղարկել դեսպան նշանակելու մասին ագրեման` հայտ, բայց Ղազախստանի` մեր հանդեպ սխալ պահվածքի պատճառով հետո որոշել է այլեւս դեսպան չգործուղել Ղազախստան, այլ այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացվածության մակարդակն իջեցնել, ասենք` միայն հյուպատոս գործուղել։

Մենք այս հարցն ուղղեցինք ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցին։ Պարզ տրամաբանության տեսանկյունից Ղազախստանում դեսպան չնշանակելը կարող է ունենալ երկու պատճառ՝ միտումնավոր եւ տեխնիկական։ Մի կողմ ենք դնում տեխնիկական պատճառներով դեսպանի չնշանակումը, որովհետեւ սա աբսուրդի ժանրից է, դիտարկենք միտումնավորության վարկածը։ Ինչո՞ւ Հայաստանը պետք է ցանկանար պակաս ներկայացվածության աստիճան ունենալ միջինասիական այս երկրում։ Պատասխանը գտնելու համար, թերեւս, կարելի է 24 օր հետ գնալ եւ տեսնել, որ Հայաստանի հետ ռազմական եւ տնտեսական միեւնույն դաշինքի անդամ Ղազախստանը նոյեմբերի 9-ին շնորհավորել է Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդ որում՝ մի առանձնահատուկ պաթոսով։ «Այս նշանակալի տոնը ընդմիշտ գրվել է Ադրբեջանական Հանրապետության փառապանծ տարեգրության մեջ՝ որպես խորհրդանիշ միասնության, տոկունության, անկոտրում կամքի Ձեր ժողովրդի` հանուն երկրի ինքնիշխանության եւ պետականության»,- ասված է Ալիեւին հղած Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ուղերձում: 

Իսկ բուն 44-օրյա պատերազմի ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե ղազախներն իրենց տիեզերական արբանյակը տրամադրել են թուրքական անօդաչուների կառավարման համար։ Մենք հրապարակում ունեինք նաեւ այն մասին, որ պատերազմի օրերին հայազգի գործարարները փորձել են սաղավարտներ ուղարկել Հայաստան, ինչը խափանվել է ղազախական հատուկ ծառայությունների պատճառով․ նրանք առգրավել են շինաշխատանքների համար նախատեսված սաղավարտները, որոնք զենք չեն, այլ ընդամենը թշնամու մահաբեր հարձակումներից պաշտպանվելու փոքրիկ միջոց, եւ անգամ քրեական հետապնդում են սկսել այդ խմբաքանակն ուղարկողների դեմ։ Ղազախստանում  ընդգծված հակահայկական տրամադրությունները եւ պարբերաբար ծագող միջադեպերը եւս ոչ մեկի համար նորություն չեն։ Մեզ լուրեր են հասնում, որ այնտեղ հիմա կալանավորված հայազգի գործարարներ կան, եւ հետապնդումներ են սկսվել հայ համայնքի նկատմամբ:

Այս ամենի հետեւանքով գուցե դեսպան չուղարկելը դեմա՞րշ է։ Եթե այո, ապա շատ ճիշտ որոշում է։ Կամ էլ գուցե փորձում են պարզել, թե հնարավո՞ր է կրոնաէթնիկ այդ երկրի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ, թե՞ այն թյուրքական հանրույթ է, որի հետաքրքրություններն ու շահերը սերտորեն կապված են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Ավելին՝ հենց ղազախներն են իրենց համարում թուրքական հայրենիքի կենտրոնը։ Ի վերջո, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում մենք իրար հետ ենք, եւ իրենք էլ, այլ մակարդակներով, բայց փորձ են անում ինտեգրվել եվրոպական կառույցներին։ 

ՀԳ․ Ի դեպ, մեր տեղեկություններով, պատրաստվում էին Ղազախստան դեսպան ուղարկել ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին, այժմ այդ մտքից հրաժարվել են: