Եթե մերոնք գնացին Կարսի պայմանագրի նովացիայի, կլինեն աշխարհի ամենահիմարները․ Վլ․ Հովհաննիսյան
ՍԴ նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը պետք է իրականանա հետևյալ ընթացակարգերով․ աշխատանքային հանձնաժողովի ստեղծում, ապա երկարատև, տարիներ տևող քննարկումներից հետո՝ նախագծի տեքստի մշակում այն սկզբունքով, ինչ կազմվել է Կարսի պայմանագիրը։ Այսինքն՝ տեքստում նկարագրվում է ամեն մի սար, քար և թուփ։ Ինչպես հայտնի է՝ բացի այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքը, թուրք-ադրբեջանական նոր նախապայմանների թվում է նաև Կարսի պայմանագրի ճանաչումը։ Հարցին, թե կարո՞ղ է անսալով այդ պահանջները, Հայաստանը ձեռքի հետ ճանաչել նաև Կարսի պայմանագիրը, Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց․«Ես ժամանակին եմ ասել, որ այդ Կարսի պայմանագիր ասածն այսօր զրո իրավաբանական ուժ ունի, և, բացի սահմաններից, մնացած պայմանավորվածությունները էսօր միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են։ Դրանք չեն կարող կատարվել և առ ոչինչ դրույթներ են։ Բայց իրենք խնդիր ունեն դա նովացիայի ենթարկել։ Այսինքն՝ թարմացնել, վերականգնել այն։ Եվ փորձելու են այդ հայ-ադրբեջաբանական պայմանագիրը դարձնել քառակողմ․ Հայաստան-Ադրբեջան-ՌԴ-Թուրքիա, որպեսզի Կարսի պայմանագիրը նովացիայի ենթարկեն։ Եթե մերոնք գնացին էդ քայլին, կլինեն աշխարհի ամենահիմար, չգիտեմ․․․էլ ինչ ասեմ»։
Հիշեցնենք նաև՝ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից, և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չէր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը՝ ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։
Ընդունված է համարել, որ Կարսի պայմանագիրն է որոշում, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը։ Սակայն հայ պատմաբաններն ու գիտնականները տարիներ ի վեր պնդում են,որ միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել և չունի իրավական ուժ, հետևաբար՝ չի ստեղծում պարտավորություններ կողմերի համար։
Ըստ այդմ՝ Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայկական ՍՍՀ-ի իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի օրինականության և իրավականության (legitimacy and legality) հարցերը սերտորեն շաղկապված են։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»։
Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։
Կարծիքներ