Ձեզ՝ հանգիստ, մեզ՝ համբերություն

Ձեզ՝ հանգիստ, մեզ՝ համբերություն

 

Հիմիկ դըժարեց բաններս,
Որ Նիկոլն եղաւ թագաւոր,
Քանդեց զամենայն աշխարհս,
Ու զմեզ կարգեց մեղաւոր…
(Համարյա՝ Ֆրիկ)


Փաշինյանին, որքան հասկանում եմ, լիարժեք երջանիկ լինելու համար ԶԼՄ-ների բողոքի ցույցն է պակասում: Ինչպես ասում են՝ դա էլ ու պըրծ… Թերահավատները երեւի մտածեցին՝ այդպիսի ցույց լինել չի կարող: Ինչո՞ւ, մի՞թե ԶԼՄ-ները բողոքելու իրավունք չունեն կամ ոչ մի կերպ չեն կարող միավորվել: Միամիտ չլինեք:
Մենք՝ լրագրողներս, բավականաչափ կիրթ ու կազմակերպված մարդիկ ենք: Մեր ցույցն էլ այդպիսին կլինի: Այնքան տեսախցիկ ու ձայնագրիչ բերենք ցույցի տեղը, այնպիսի ուղիղ եթերներ տանք, որ Փաշինյանին ու իր կառավարությանը «պերսոնա նոն գրատա» հայտարարեն ամբողջ առաջադեմ աշխարհում: Մեր պահանջները ո՛չ սոցիալական են եւ ո՛չ էլ, մանավանդ, քաղաքական, որ էծի մորուքով պաշտոնյաները փորձեն մեր գլխի տակ փափուկ բարձեր դնել: Մենք դատավոր չենք, որ մեզ վեթթինգ անեն, օլիգարխ չենք, որ մեզ փռեն ասֆալտին… Մենք մեր չարքաշ աշխատանքով ապրող մարդիկ ենք՝ մեր գրչով վաստակող, բայց որ տեղը գալիս է, թշնամու դեմ զենք էլ ենք բռնում, տաքսի էլ ենք քշում, ոչխար էլ ենք պահում, ուսուցչություն էլ ենք անում… Կյանք է, էլի: Իսկ մինչ օրս մենք բողոքի համապետական ցույց չենք արել, որովհետեւ պետության մասին ենք մտածում, ոչ թե մեր: Հասկացա՞նք: 

Մեր նորօրյա կառավարիչներին թվում է, թե լրագրողներն այլմոլորակային են եւ գոյություն ունեն իրենց «ինադու»: Այո, մենք իրենց նման չենք, դա փաստ է, բայց մենք էլ սովորական մահկանացու ենք: Հոդված է՝ մի օր լավը կլինի, մի օր՝ չէ, տեղեկություն է՝ մի անգամ կհաստատվի, մի անգամ՝ չէ, գլխավոր խմբագիր է՝ մի օր լավ տրամադրություն կունենա, մի օր՝ չէ, թերթ է՝ մի օր կանխիկ կտպվի, մի օր՝ «նիսյա»: Փողն էլ այնպես չէ, որ միանգամից է ընկնում ձեռքներս ու շատ: Որ կոպեկը կոպեկին տեսնում է, փառք ենք տալիս Աստծուն: Բա ուրիշ ի՞նչ անենք: Այսպես էլ ապրում ենք, որ ապրեցնենք երկիրը՝ հարկ վճարենք, շեն պահենք մեր կառավարությանը, որ կառավարությունն էլ երեւելի գործեր անի ու շեն պահի ժողովրդին: Մյուս հարկ վճարողներից, սակայն, մենք տարբերվում ենք մեր ուրույն սովորություններով: Չենք հանդուրժում, երբ տեսնում ենք, որ գողանում են, բռնանում են, ի չարս են գործադրում պաշտոն ու դիրք, անմեղին դատում են, մեղավորին՝ արդարացնում, չաշխատողին պարգեւատրում են, աշխատողին՝ ստորացնում: Մենք այս ամենի մասին գրում ենք մեկ-մեկ՝ դուզ, մեկ-մեկ՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» ոճով, բայց դա անում ենք ոչ թե որեւէ մեկի «ինադու», այլ բոլորի համար, որպեսզի երկիրը երկիր դառնա, պետությունը՝ պետություն, մարդը (իսանը)՝ քաղաքացի:

Ասում են՝ Հայաստանում հեղափոխությունից հետո մամուլն ավելի ազատ է դարձել: Կարծեմ՝ Փաշինյանից հետո մեկ էլ Սվիտալսկին էր լեզվի այսպիսի սայթաքում թույլ տվել: Ես նրանց հետ համամիտ չեմ: Ընդհակառակը, մենք քայլ առ քայլ մոտենում ենք այն ժամանակներին, երբ մամուլի մասին օրենքը տակավին ապաքրեականացված չէր: Այսօր արդեն լրատվամիջոցներին սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել, փակել, ականջդ կանչի, Շմայս՝ բռնաբարել եւ այլն: Տատս, ճիշտ է, ասում էր՝ հաչան շունը կծան չի լինում, բայց տատիս իմաստուն խոսքով առաջնորդվել՝ մեր գործում չի կարելի: Մեկ էլ տեսար՝ մի խուտուտ տված պաշտոնյա վերցնի ու այնպես «շառով տա» որեւէ թերթի, որ վերջինս փակվի, կորչի գնա: Ես հենց այնպես չեմ խոսում, տառապանքս փորձ ունի: Դատի տալու, փող պոկելու սպառնալիքը մամուլին լռեցնելու գործի կեսն է արդեն, եւ Նիկոլ Փաշինյանը Սվիտալսկու ձեռքն էլ բռնած գա՝ ինձ չի կարող համոզել, որ էն էշին բան անող իմքայլական պատգամավորի սպառնալիքներն անհետեւանք կմնան:

Ճիշտն ասած՝ ես լավ չեմ հասկանում, թե ինչու մամուլի հետ չունեն հատկապես իշխանությունները: Լավ, ենթադրենք՝ նախկինները մամուլից վախենում էին իրենց մութ գործերի պատճառով, բա նորե՞րն ինչու են սփրթնում, երբ իրենց մասին որեւէ քննադատական նյութ է տպվում: Ո՞վ կսպասեր, որ հայաստանյան ընտրությունների պատմության մեջ բոլոր ռեկորդները «խփած» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ժողովրդական մեծ աջակցության պայմաններում այսքան կվախենային մամուլի հրապարակումներից: Իրենք իբր քիչ էին՝ մամուլի դեմ զորաշարժի են ենթարկել նաեւ ընտանիքի անդամներին՝ երեխաներին եւ անգամ սեփական կանանց: Դուք լսած կա՞ք, որ Ռիտա Սարգսյանը երբեւէ հայտարարած լինի, որ իր ամուսնու մասին «վատ» հոդված տպագրած թերթը բոնբոներկայի տեսքով կաշառք է ստացել: Բնավ, երբեք: Բայց, ահա, Արարատ Միրզոյանի կինը՝ տիկին Գոհարը, որեւէ կոմպլեքս չունի նման գրառումներ անելու հարցում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, եւ նրանց դուստրը, նույնը՝ բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Նրանք չգիտեն կամ էլ մոռանում են, որ բարձրաշխարհիկ հասարակությունում են հայտնվել նաեւ մամուլի ազատ հրապարակումների շնորհիվ եւ պարտավոր են առնվազն հարգել իրենց՝ հասարակության հետաքրքրությունների կենտրոնում պահող մամուլի աշխատանքը: Եվ իսկապես, չլինեինք մենք, ո՞վ էր ճանաչելու, օրինակ, Արարատի, Արագածոտնի, Շիրակի այսօրվա մարզպետներին, չլինեին մեր հարցազրույցները, քանի՞ ընտրող էր ճանաչելու իր այսօրվա իմքայլական պատգամավորներին, չլինեին կառավարության նիստերի մեր լուսաբանումները, Հայաստանում քանի՞ մարդ էր իր համար պարզելու փաշինյանական առանձին նախարարների IQ-ի մակարդակը:

Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Վերջերս, օրինակ, լուր տարածվեց, որ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ սեփական կադրերին հրահանգել է ամռանը ինքնակրթվել, որ ամեն անգամ խոսելիս չխայտառակվեն: Ես սա համարում եմ մամուլի հաղթանակը, որովհետեւ այդ մարդիկ խայտառակվում են ոչ թե իրենց տանը կամ նեղ շրջապատում խոսելիս, այլ մամուլի ասուլիսներում, թերթերին տված հարցազրույցներում, լրագրողների զանգերին պատասխանելիս: Այնպես որ, երկրորդում եմ Փաշինյանի այդ հրահանգը եւ հույս հայտնում, որ պաշտոնյաներն ու նրանց խոսնակները սեպտեմբերին կվերադառնան բավականին լրջացած՝ ինքնակրթված եւ լավ պարապած: Այս հողի վրա կուզենայի Փաշինյանին լավ խորհուրդ տալ՝ ՀՀԿ-ի օրինակով մի քաղաքական դպրոց էլ դուք բացեք, այլապես երկրում գաղջ մթնոլորտի հաստատման սպառնալիք կա: